Sunday, April 28, 2024
ՆորություններԺամանց

Հայկական գաթան հայտնվեց ռեկորդների գրքում ու զարմացրեց իտալացիներին

Հայաստանի Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում պատրաստեցին աշխարհի ամենամեծ ու ամենափոքր գաթաները։ 4 մետրանոց ու երեք սանտիմետրանոց գաթաները «հայտնվեցին» «Դյուցազնագրքում»։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան․ Ադրբեջանին սահմանակից Խաչիկ գյուղում կայացավ գաթայի չորրորդ ամենամյա փառատոնը։

8861564

Գյուղի բնակիչներն այցելուների ու փառատոնի հյուրերի համար անակնկալ էին պատրաստել ու թխել ամենամեծ ու ամենափոքր գաթաները։

«Ռեկորդների հայկական գրքում հայտնված գլուխգործոցը պատրաստելու համար մի քանի օր ու գիշեր են աշխատել», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղի բնակիչ Հեղինեն։

Կինը չի մասնակցել ռեկորդակիր գաթայի պատրաստմանը, բայց հանդիսատեսի դատին է ներկայացրել իր թխվածքը։

8861684

Գյուղի բնակիչները դեռ մի ամիս առաջ սկսել են պատրաստվել փառատոնին։ Ամեն կերպ ջանացել են, որ տոնը տարեցտարի ավելի լավը լինի։

Սահմանամերձ գյուղի բնակիչների համար փառատոնն իսկական տոն է։ Նրանք մրցում են միմյանց հետ` ում տաղավարն է ավելի գեղեցիկ, ում գաթան ավելի համեղ, սեղանն էլ՝ ավելի հարուստ։

«Ես արդեն 80-ն անց եմ ու չեմ կարողանում դուրս գալ գյուղից։ Սա ինձ համար անչափ ուրախալի օր է։ Նշում ենք ու հետո ամբողջ տարի սպասում հաջորդին։ Տեսնո՞ւմ եք՝ ինչքան հյուր է մեզ մոտ եկել», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Շողիկ տատը՝ հյուրասիրելով իր սեղանի գաթան։

Նրա սեղանը լավագույններից մեկն է` գեղեցիկ շարված գաթա, կողքը՝ քաղցր սուջուխ, ընկուզեղեն, ձեռագործ հուշանվերներ, գործած անձեռոցիկներ։

«Հիացած եմ հայկական գաթայով։ Ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս, համ էլ Հայաստանում շատ համեղ գինի կա», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց իտալացի զբոսաշրջիկ Գլորիան։

Իտալացի զույգն արդեն մի շաբաթ է` Հայաստանում է։ Տուրօպերատորներից են իմացել փառատոնի մասին։ Ու այսօր անչափ ուրախ են, որ եկել են գյուղ, քանի որ մեծ հաճույք են ստացել ճամփորդությունից։

8861858

Թեև կազմակերպիչները դրական են գնահատում փառատոնը, բայց պատրաստվում են կատարելագործվել։ ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը կարծում է, որ փառատոնը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Նա համոզված է, որ մյուս տարի կլինեն ավելի շատ տաղավարներ, ավելի մեծ թվով հյուրեր ու ավելի ճոխ հյուրասիրություն։

Read more: https://armeniasputnik.am/society/20170930/8863280/armenia-gata-paraton-khachik.html

Leave a Reply

x Close

Like Us On Facebook