Saturday, April 27, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Հղիությունը և ատամները

Հղիության ժամանակ անխուսափելի է կալցիումի փոխանակության փոփոխությունը:  Ապագա փոքրիկի մոր կալցիումի պաշարն օգտագործվում է երեխայի ոսկրային համակարգի ձևավորման համար:

Հղիի օրգանիզմում այդ միկրոէլեմենտի պակասը սովորական երևույթ է: Իսկ երբ դրա հետ համատեղ հղին տառապում է նաև տոքսիկոզով, ապա կալցիումի նորմալ մակարդակի մասին խոսք լինել չի կարող: Բացի այն, որ դրա ժամանակ կալցիում ստանալը սննդով գրեթե հնարավոր չէ, դեռ տոքսիկոզի հետևանքով էլ օրգանիզմից հեռանում է եղած կալցիումը: Եվ հղի կնոջ օրգանիզմն այն սկսում է փնտրել այլ տեղերում, և, առաջին հերթին, տուժում են ատամները:

Այդ ամենից զատ, հղիության ընթացքում օրգանիզմի հորմոնալ փոփոխությունները վատացնում են արյան շրջանառությունը, թուլացնում իմունիտետը: Հղիի մոտ թքի մեջ նվազում է կալցիումի և ֆոսֆորի մակարդակը, որի արդյունքում ատամների էմալը դառնում է խոցելի, իսկ դա նպաստում է կարիեսի զարգացմանը: Հղիության ժամանակ բարձրացած ախորժակն ավելացնում է ածխաջրերի օգտագործումը, ինչը նույնպես բարենպաստ պայմաններ է ստեղծում մանրէների զարգացման համար:

Ատամների վիճակը կախված է նաև նրանից, թե ինչ վիճակում են եղել նախքան հղիությունը:  Հղիությունը բերանի խոռոչում շատ բացասական տեղաշարժերի կատալիզատոր է: Օրինակ, եթե հղիի մոտ նախքան այդ եղել է թեթև կարիես կամ պարոդոնտիտ, կամ ատամների որևէ այլ խնդիր, ապա հղիության ընթացքում դրանք առավել արտահայտված կդառնան:

Եթե կինը լավ չի հետևում բերանի խոռոչի հիգիենային, կանոնավոր չի մաքրում, դա ևս բերում է բերանի խոռոչի տարբեր հիվանդությունների, որոնք հղիանալուց հետո առավել արագ են զարգանում:

Շատ կարևոր է, որ.

  • նախքան հղիանալը կինը զբաղվի ատամների առողջական վիճակով և լուծի բոլոր խնդիրները,
  • հղիության ժամանակ (և ընդհանրապես) մշտապես հետևի բերանի խոռոչի հիգիենային,
  • հղիության ժամանակ ընդունի վիտամիններ և կալցիում պարունակող պատրաստուկներ, ինչպես նաև կարգավորի սնունդը,
  • խորհուրդ է տրվում ատամների բուժումն իրականացնել երկրորդ եռամսյակում, որն ամենաանվտանգ շրջանն է բուժման համար: Եթե խիստ ցուցում չկա, ցանկալի է ատամների բուժումը հետաձգել մինչև հղիության ավարտը:

Սկզբնաղբյուր. morevmankan.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook