Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

«Հոկտեմբերի 1-ից գործատուները պետք է աշխատակիցներից պահանջեն 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան հանձնել, բացառություն են պատվաստված քաղաքացիները, հղիները․․․»․ Առողջապահության նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՀՀ կառավարության լրատվական ծառայությանը տված հարցազրույցում հերթական անգամ անդրադարձել է Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր սահմանափակումներին, մասնավորապես՝ աշխատողների պարտադիր պատվաստված լինելու, կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի մասին տեղեկանք ներկայացնելու որոշմանը։

Անահիտ Ավանեսյանն ասել է, որ նախարարությունը քաղաքականություն էր որդեգրել նախ տեղեկատվության, հանրային լայն արշավների միջոցով բարձրացնել պատվաստումների նկատմամբ վստահությունը, և, որ դա իրենց հաջողվել է։ Եթե մարտ ամսին քաղաքացիների միայն 10 տոկոսն էր պատրաստ պատվաստվելու, այսօրվա հարցումները ցույց են տալիս, որ բնակչության 40 տոկոսը պատրաստ է պատվաստվել․

 «Սա բավական լավ ցուցանիշ է, եթե հաշվի առնենք, թե ինչպիսի հակաքարոզչություն, ինչպիսի ապատեղեկատվական արշավներ կար։ Մենք պետք է նաև դիմենք այլ գործիքների, հնարավորինս արագ կերպով պատվաստումները խթանելու․․․ Բացի դրանից, ինչ-որ կերպ նաև հավաստիանալու, որ քաղաքացին, երբ ներկայանում է  աշխատանքի՝ առողջ է և վտանգ չի ներկայացնում իր շրջապատի համար․ Հոկտեմբերի 1-ից գործատուները պետք է պահանջեն աշխատակիցներից 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան հանձնել, իհարկե, բացառություն են կազմում այն քաղաքացիները, որոնք պատվաստված են, ունենք բացառություն նաև հղիների համար և կոնկրետ հակացուցում ունեցող քաղաքացիների համար։ Սահմանափակումը բոլոր ոլորտներին է վերաբերում, բոլոր տնտեսվարող կազմակերպություններին․․․»։

Թե ինչպե՞ս է իրականացվելու վերահսկողությունը, Առողջապահության նախարարն ասել է, որ տեսչական մարմիններն առաջիկայում դրանց մասին իրազեկման աշխատանքներ կիրականացնեն։

«Տուգանքների չափի, դրա պրոցեսուալ մասի և մեր տնտեսվարողներն իհարկե պետք է պատրաստ լինեն․․․ Պետք է կոչ անեմ, որ չսպասենք մինչև հոկտեմբերի 1-ը։ Մենք սահմանել ենք մինչև հոկտեմբերի 1-ը, որպեսզի հերթեր չունենանք, ավելորդ ժամանակ չկորցնենք, և մինչև հոկտեմբերի 1-ը պատվաստվենք»։

Հարցին՝ արդյոք պատվաստանյութերի բավարար պաշար կա՞, Անահիտ Ավանեսյանը վստահեցրել է, որ ամեն ինչ անում են, որպեսզի մեր պատվաստանյութերի պաշարները ժամանակին  համալրվեն, և բուժհաստատությունները պատրաստ լինեն մեծ թվով քաղաքացիների սպասարկել․

«Դա բավականին մեծ լարվածություն է ստեղծում համակարգի վրա, բայց դա մեր աշխատանքն է, և մենք պետք է դա հնարավորինս լավ կերպով կազմակերպենք։ Առաջիկայում կունենանք նաև նոր պատվաստանյութեր, բայց պետք չէ սպասել նոր պատվաստանյութերի։ Մենք ունենք այսօր խնդիր և մենք այսօր ունենք այդ խնդրի լուծման լավագույն միջոցներից մեկը․․․»։

Անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացությունների թվի աճին, ինչպես նաև մահվան դեպքերին, Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նաև «Դելտա» շտամին․

«Դելտա շտամն աչքի է ընկնում առանձնապես դաժան ընթացքով, թե ավելի երիտասարդներին է հիվանդությունը համակում, թե հիվանդության ծանրացումն ավելի արագ է տեղի ունենում։ Սա նշանակում է, որ մենք նախ վերակենդանացման բաժանմունքների շատ ավելի մեծ զբաղվածություն ենք ունենում, և մարդն ավելի երկար է մնում հիվանդանոցում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Leave a Reply

x Close

Like Us On Facebook