Saturday, April 27, 2024
ՆորություններԺամանց

Հունվարի վեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Քրիստոսի Ծնունդը

Այսօր՝ հունվարի վեցին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Քրիստոսի Ծնունդը: Քրիստոնյաներիս համար այս օրը նշանավոր է, քանի որ Նրա սուրբ ծնունդով է, որ մեզ ուղարկվել է երկար սպասված լույսը, որ մեզ պիտի սովորեցնի ինչպես ապրել՝ երկու հազարից ավել տարիներ շարունակ՝ դառնալով օրինակ յուրաքանչյուր քրիստոնյայի համար:

Ի՞նչ է Քրիստոսի Ծննդյան տոնը յուրաքանչյուրիս համար: Ըստ Անանիա Շիրակացու՝ Քրիստոսի Ծննդյան և Հայտնության տոնը բոլոր տոների սկիզբն ու հիմքն է:
Աշխարհի Փրկիչ Հիսուս Քրիստոս, ծնվել է Սուրբ և Անարատ Կույս Մարիամից`Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում: Մինչ նրա ծնունդը մարգարեները հստակորեն կանխատեսել են «փառաց թագավորի» ծննդյան ժամանակը և տեղը:

Միքիա մարգարեի կանխատեսումը հետևյալն է. «Եվ դո՛ւ, ով Բեթղեհե՛մ, Եփրաթայի սակավամա՛րդ տուն, կլինես Հուդայի երկրի հազարավորների մեջ, քեզնից պիտի ելնի ինձ համար Իսրայելի մի իշխան, և Նրա ծագումը աշխարհի սկզբի օրերից է» (Միքիա 5:2):
Եսայի մարգարեն էլ կանխատեսում է. «Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրա անունը պիտի լինի Էմմանուել» (Եսայի 7:14):

Երբ մոտենում էր Նրա երկիր մուտք գործելու ժամանակը, Հռոմի Օգոստոս կայսեր կողմից ողջ երկրում մարդահամարի անցկացման հրաման տրվեց, ըստ որի յուրաքանչյուր հռոմեական հպատակ պարտավոր էր գրանցվել իր հայրենի քաղաքում: Հովսեփն ու Մարիամը, որ սերում էին Դավթի ցեղից, Գալիլիայի Նազարեթ քաղաքից գնացին Բեթղեհեմ: Այդ փոքրիկ քաղաքում, մարդահամարի պատճառով, հյուրանոցում ոչ մի ազատ տեղ չգտնվեց, այնպես որ Հովսեփն ու Մարիամը ստիպված գիշերեցին քաղաքից դուրս այն քարայրում, որ որպես նախրատուն էր ծառայում: Այստեղ՝ քարայրում, Սուրբ Կույսը առանց ցավի ծնեց Աստվածորդուն՝ աշխարհի Փրկչին, ապա բարուրելով մանկանը, դրեց մսուրի մեջ:

Այս մասին առաջինն իմացան հովիվները, որոնց Տիրոջ հրեշտակը հորդորեց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի. որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է» (Ղուկաս 2:10-11): Եվ հովիվները առաջինը արժանի եղան խոնարհվելու Նրան:

Քրիստոսի Ծնունդը ազդարարվել էր նաև Բեթղեհեմի երկնքում հայտնված աստղի միջոցով: Երբ Հիսուս ծնվեց, տեսնելով աստղը՝ արևելքից մոգեր եկան Երուսաղեմ, որպեսզի երկրպագեն նրան: Նրանք իրենց հետ նվերներ էին բերել՝ ոսկի, կնդրուկ և զմուռս: Ոսկին նվիրեցին իբրև ինքնակալ և հաղթող թագավորի խորհրդանշան, կնդրուկը՝ իբրև մարդասեր ու երկնային Աստծո, իսկ զմուռսը՝ իբրև մեզ համար ինքնակամ զոհաբերվողի: Ուստի՝ Փրկչին խոնարհվեցին մարդկային իմաստությունը՝ հանձին մոգերի, անմեղությունն ու պարզությունը՝ հանձին հովիվների:

Հիսուս Քրիստոսի Աստվածահայտնությունը բովանդակում է ոչ միայն Նրա Ծնունդը, այլ նաև Մկրտությունը: Այս պատճառով Փրկչի Ծնունդն ու Մկրտությունը մեր Եկեղեցում տոնախմբվում են միասին, հունվարի 6-ին, քանի որ Հիսուսը  Հովհաննես  Մկրտչից  Հորդանան  գետում  մկրտվեց  30 տարեկանում,  հունվարի 6-ին:

Բեթղեհեմի գիշերն Աստվածհայտնություն է, քանի որ Աստված մարմնով հայտնվեց մեր մեջ:

Հիսուսի մկրտվելն Աստվածհայտնություն է՝ Աստված տեսանելի կերպով հայտնեց իրեն. Որդի Աստված՝ ջրերում, Սուրբ Հոգի Աստված՝ աղավնակերպ իջնելիս, Հայր Աստված երկնքից ձայնելիս:

Ի հիշատակ Քրիստոսի մկրտության՝ Սուրբ Ծննդյան Պատարագից հետո եկեղեցիներում կատարվում է Ջրօրհնեքի արարողություն:

Սուրբ Ծնունդով ընդունենք Քրիստոսին մեր մեջ, մեր սրտերի դռները բացելով՝թույլ տանք, որ Նա ապրի մեջ մեջ, մեր բարի արարքներում ու գործերում:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ…

Leave a Reply

x Close

Like Us On Facebook