Thursday, May 9, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Մանկական ձեռնաշարժություն. ինչպե՞ս պետք է արձագանքեն ծնողներն ու ինչպե՞ս կանխեն

«Նկատել եմ, որ երեխաս շոյում է սեռական օրգանները: Դիտողություն եմ արել, սակայն չի օգնում, արդեն անցել է գաղտնի անելուն: Չգիտեմ՝ ինչպես վարվել». այս երևույթի հետ, թերևս, շատ ծնողներ են բախվում:

Բայց ծնողն իսկապե՞ս պետք է անհանգստանա այդ առիթով, և արդյո՞ք ճիշտ է նախատելը, եթե պատահմամբ տեսել եք՝ փոքրիկը ձեռնաշարժությամբ է զբաղվում կամ բարձը դրել է ոտքերի արանքում, սեղմում է: «Երբ բալիկը ձեռքով ու տարաբնույթ առարկաներով հպվում է իր արտաքին սեռական օրգաններին, խաղում դրանց հետ, նրա գլխավոր նպատակը հաճելի զգացողություն առաջացնելն է: Փոքրիկը փորձում է ճանաչել սեփական մարմինը, սա սեռական ցանկության հետ կապ չունի»,- նշում է մանկական գինեկոլոգ Լիանա Քոչարյանը:

Միանշանակ, մարմնի էրոգեն հատվածին դիպչելը նույնը չէ, ինչ քթին ու այտին: Սակայն դա չի նշանակում, որ փոքրիկը կատարում է տարօրինակ գործողություն: Մասնագետի խոսքով՝ երեխային սաստելը ոչնչով չի օգնի: Լավ կլինի «սառնասրտություն ցուցաբերել», չֆիքսվել տեսածի վրա, շեղել փոքրիկի ուշադրությունը հետաքրքիր զբաղմունքով, տվյալ շարժումների հետ ասոցացվող իրերը թաքցնել: «Տեղեկացված լինելու փաստն էլ կարևոր է: Հարկավոր է հեքիաթի և պատմվածքի ձևով յուրաքանչյուր տարիքին համապատասխան նկարագրել աղջիկ-տղա փոխհարաբերությունները, բացատրել` ինչն է կարելի, ինչը` ոչ: Մայրիկը պետք է զրուցի դստեր հետ, պատմի մարմնային առանձնահատկությունների, երկրորդային սեռական հատկանիշների ի հայտ գալու մասին»,- ասում է նա և հավելում՝ մանկական օնանիզմը (ձեռնաշարժություն) կարող է դիտվել ցանկացած տարիքում:

Անհրաժեշտ է հետևել փոքրիկին: Այնպես անել, որ հնարավոր գինեկոլոգիական խնդիրները ժամանակին բացահայտվեն և լուծում ստանան, պահպանվեն ինտիմ հիգիենայի կանոնները, երեխայի մոտ չլինի դիսկոմֆորտի զգացողություն, ներքնաշորերը լինեն հարմարավետ ու որակյալ: Օրինակ՝ նեղ հագուստը կարող է անընդհատ սեղմել: Փոքրիկն էլ, անհարմարություն զգալով, կուղղի հագուստը, կդիպչի սեռական օրգաններին։ Սրանք հիմք են ձևավորում օնանիզմի զարգացման համար:

impoqrik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook