Thursday, May 9, 2024
ՀայտարարություններՆորություններ

Մասնագետների փորձի փոխանակում, նոր տեխնոլոգիաներ, մեթոդների ուսուցում. կայացավ Թորակալ վիրաբուժության 1-ին սիմպոզիումը

Հայաստանի և Ռուսաստանի թորակալ վիրաբույժների ասոցիացիայի կազմակերպած «Թորակալ վիրաբուժության 1-ին կրթական սիմպոզիում»-ը նպաստելու է ՀՀ-ում ոլորտի բարելավմանն ու զարգացմանը:

«Նման գիտակրթական սիմպոզիումները մեծ դեր են խաղում ոլորտի համար, քանի որ փոփոխություններն ու զարգացումները շատ արագ են տեղի ունենում: Մենք մասնագետների փորձի փոխանակումը, նոր կիրառվող տեխնոլոգիաների, մեթոդների անընդհատ սովորելը շատ ենք կարևորում: Կարծում եմ, որ մասնագիտական առումով բավականին բովանդակալից հանդիպումներ կլինեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ թորակալ վիրաբուժությունը Հայաստանում շատ անհրաժեշտ ուղղություն է, որը ավելի պետք է զարգանա: Նախարարը կարևորեց այդ ոլորտը և՛ քաղցկեղի բուժման առումով, և՛ հատկապես պատերազմի ընթացքում կրծքավանդակի հատվածում իրականացրած վիրահատությունների առումով: Ավանեսյանը նաև հայտնեց, որ Թոքաբանության ազգային ինստիտուտի հետ կնքվելու է հուշագիր ու համագործակցության նոր սկիզբ կդրվի:

Սկլիֆոսոֆսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի կրծքային վիրաբույժ Շահեն Դանիելյանն ասաց, որ ՀՀ-ում թորակալ վիրաբուժությունը բավականին լավ մակարդակի վրա է, սակայն դեռ զարգանալու տեղ կա:

«Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մենք հասկացանք, որ պետք է գործել, կազմակերպել գիտական ու կրթական միջոցառումներ: Թորակալ վիրաբուժության հիմնական մասը ուռուցքաբանությունն է, սակայն մեր երկրում պատերազմական իրավիճակ է և գուցե կրկին լինեն այնպիսի դեպքեր, որ կրծքային վիրահատությունների անհրաժեշտություն լինի»,- նշեց Դանիելյանը և հավելեց, որ թորակալ վիրաբուժության ոլորտում ներգրավված են նաև կերակրափողի, քաղցկեղի սքրինինգի և կոկորդի հետ կապված այլ խնդիրներ:

Ռուսաստանի Դաշնության Թորակալ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ Պյոտր Յաբլոնսկին կարևորեց բժիշկների միջև փորձի փոխանակումը, ինչպես նաև մաղթեց բոլորին հաջող աշխատանք:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook