Saturday, April 27, 2024
Նորություններ

ՄՏԱԴԻՐ ԵՆ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ՝ ՆՈՐ ԿԱՅԱՆՆԵՐՈՎ ՈՒ ՆՈՐ ԲԺԻՇԿՆԵՐՈՎ

Մենք գրել էինք, որ Հայաստանը Ճապոնիայի կառավարության տրամադրած դրամաշնորհի հաշվին նոր շտապօգնության մեքենաներ կունենա։ Խոսքը մոտ չորս տասնյակ Toyota Hiace մոդելի մեքենաների մասին է, որոնք հագեցած են լինելու ամբողջովին նոր ու ժամանակակից սարքավորումներով։

Անահիտ Ավանեսյանը երեկ Hraparak.am-ին հայտնեց, որ այդ մեքենաները Հայաստան կհասնեն հուլիսին։ Իսկ մինչ այդ քաղաքացիներին սպասարկում են չինական, ռուսական մեքենաներով, իսկ եղանակային անբարենպաստ պայմաններում և լեռնային գոտիներում՝ ճապոնական Toyota Land Cruiser մակնիշի ամենագնացներով։

Մեր հարցին՝ վերջին օրերին Հայաստանի ամբողջ տարածքում տեղացած առատ ձյան պայմաններում, երբ մի շարք վայրերում ճանապարհներն անանցանելի էին դարձել, ինչպե՞ս են կարողացել սպասարկել կանչերը, Ավանեսյանն ասաց․ «Ուրեմն շտապօգնության ծառայությունը վերջին երկու տարվա ընթացքում համալրվել է նոր ամենագնաց մեքենաներով, որոնք նման իրավիճակներում օգնում են դժվարանցանելի բնակավայրերից քաղաքացիներին ճիշտ ժամանակին տեղափոխել։ Իհարկե, լինում են որոշակի ժամեր, որ փակվում են մաքրման ընթացքում, բայց որևէ խնդրահարույց զանգ չենք ունեցել, որ տեղափոխման հետ կապված ուշացումներ են եղել։ Մինչև այսօր նման խնդիրներ չենք ունեցել»։

Բայց Սիսիանի, Վայոց Ձորի տարածքում, օրինակ, այդ օրերին ճանապարհը տեղ-տեղ փակ էր, այդ ժամանակ ինչպե՞ս եք խնդիը լուծել։

-Այդ ընթացքում շտապօգնության կանչի հապաղման խնդիր չի առաջացել։

-Իսկ սանավիացիան գործո՞ւմ է։

-Այո, գործում է, բայց եղանակային պայմաններից ելնելով՝ լինում է, որ չենք ունենում թռիչքներ, բայց այդ ընթացքում էլ կարիքը չի եղել գործարկելու, և մենք խնդիր չենք ունեցել։

-Դուք ասացիք՝ նոր մեքենաներ ունենք, բայց կարծես թե սպասարկող բրիգադի խնդիր ունենք, քանզի հատկապես մարզային բուժհաստատություններում հաճախ դժգոհում են, որ մեքենա կա, բայց վարորդ ու բժիշկ չկա։ 

-Ընդհանրապես, մեր մարզային բժշկական կենտրոններում մասնագետների համալրման հարցը, իհարկե, որոշ մարզերում խնդրահարույց է, և մենք այս պահին  ընդհանուր առմամբ շտապօգնության ծառայության վերագնահատում ենք իրականացնում և նոր մոդելի վրա ենք աշխատում, թե ովքեր կարող են ընդգրկվել որպես շտապօգնության բժիշկ, ինչպես պետք է ծառայություն իրականացվի, զանգերի ընդունման համակարգն ինչպես պետք է բարելավենք, որովհետև մարզային շտապօգնության կայանները երբեմն ոչ ճիշտ աշխարհագրական տեղակայմամբ են ամրակցված։ Օրինակ՝ Լոռու մարզի որոշ գյուղերի հիմա սպասարկում է Ալավերդու բժշկական կենտրոնը, որը ճանապարհների՝ Վանաձորից եկող հատվածի վերանորոգման պարագայում այս գիծը շատ ավելի արագ հասանելի կլինի։ Հիմա մենք ընդհանուր քարտեզագրում ենք իրականացնում և ամենամոտ, ամենակարճ, ամենաճիշտ լոգիստիկ կապերը ստեղծելով, մեկ միասնական զանգերի համակարգ ունենալով՝ պիտի ունենանք նոր շտապօգնության ծառայություն։

-Այսինքն՝ հնարավոր է, որ նոր շտապօգնության կայաննե՞ր ստեղծվեն։

-Իհարկե, կայանները ևս պետք է վերանայվեն, որպեսզի մենք չունենանք այդ մեր նորմատիվներով միջին կանչի տևողությունը գերազանցող դեպքեր։

-Իսկ աշխատավարձերի մասով նո՞ւյնպես վերանայում կլինի՝ հաշվի առնելով նաև վերջերս շտապօգնության մեքենաների վարորդների իրականացրած բողոքի ակցիան։

-Աշխատավարձերի վերանայումը չի կարող վերաբերել ինչոր փոքր խմբի, և սիտուատիվ վերանայում լինի։ Դրանք համակարգային փոփոխություններ են, և, մենք, իհարկե, մեր կառավարության ծրագրում էլ նախանշել ենք, որ բուժաշխատողների աշխատավարձը պետք է տարեցտարի ավելանա։ Դա կախված կլինի մեր բյուջեի հնարավորություններից, և ըստ հնարավորության՝ ուշադրության կենտրոնում են նաև շտապօգնության ծառայության աշխատակիցները։

-Իսկ ե՞րբ եք նախատեսում շտապօգնության ծառայության վերազինման ծրագիրն իրականացնել։

-Ամբողջ աշխատանքները երևի երկու-երեք ամիս կտևեն, որովհետև աշխատանքային խումյբ է ձևավորված, և մեր սփյուռքի հայրենակիցները, ովքեր Ամերիկայում և այլ երկրներում շտապօգնության ծառայությունների կազմակերպման շատ մեծ փորձ ունեն, էքսպերտներ տարբեր տեղերից, և, իհարկե, մեր տեղի մասնագետներն աշխատում են, կարծում եմ՝ երեք ամսվա ընթացքում մենք արդեն կունենանք ընդհանուր կոնցեպտը, որը կդրվի քննարկման, և մինչև տարվա վերջ կհաստատվի, և կսկսվեն արդեն աշխատանքները։

-Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ 2023 թվականից մենք կունենանք արդեն ամբողջովին նոր շտապօգնության ծառայություն։

-Մենք 2023 թվականին արդեն կունենանք հստակ մոդելը և 2023-ից կսկսենք գործարկելը։ Բայց Դուք հասկանում եք, որ ցանկացած փոփոխություն պետք է փուլային ձևով իրականացվի։

-Իսկ բյուջեի վրա որքա՞ն ծախս կառաջացնի այդ ծրագրի իրականացումը։

-Քանի դեռ չունենք հստակ մոդելը, այս պահին չեմ կարող ասել, բայց, իհարկե, մենք պետք է որոշակի լրավճարներ իրականացնենք, որ կարողանանք անցում կատարել նոր մոդելին։
 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook