Sunday, April 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Նախատեսվում է ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ վճարել 50 000 դրամ, մինչև երեխայի 6 տարեկան դառնալը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է «Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ։

Ներկայացվող նախագծով առաջարկվում է ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ նոր ծնված երեխային նշանակել և վճարել դրամական աջակցություն՝ ամսական 50000 դրամի չափով, մինչև երեխայի 6 տարեկանը լրանալու ամիսը ներառյալ (որոշման դրույթները տարածվելու են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ներառյալ)։

«Որոշման հավելվածով սահմանվում է դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգը, որի համաձայն աջակցությունը նշանակվելու է, եթե ծնողը, ով հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, և երեխաները, այդ թվում՝ շահառու երեխան, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով և դիմելու օրվա դրությամբ այդ ծնողը և շահառու երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

Կարգով սահմանված են նաև աջակցության համար դիմելու ժամկետները, դիմելու կարգը (թղթային կամ առցանց) շահառու երեխայի կարգաթիվը որոշելու առանձնահատկությունները, աջակցությունը նշանակելու ժամկետները, աջակցությունը մերժելու հիմքերը։

Նախատեսվել է, որ դրամական աջակցությունը վճարվելու է անկանխիկ եղանակով, բանկի միջոցով։

Կարգով սահմանված են նաև դրամական աջակցություն ստանալու իրավունքի դադարեցման և վերականգնման հիմքերը, ինչպես նաև վճարման դադարեցման և վերականգնման հիմքերը, չվճարված կենսաթոշակը վճարելու և ավել վճարված կենսաթոշակը վերադարձնելու կարգերը։

Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն, ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն,  ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշումների մեջ»,- նշված է նախագծի հիմնավորման բաժնում:

Նշենք նաև, որ ՀՀ գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի կարգաթվով պայմանավորված պետական նպաստ տրվում է միայն երեխայի ծննդյան դեպքում, որը միանվագ բնույթի է։ Ըստ էության, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված պարբերական բնույթի դրամական աջակցություն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ։

Իրավաբան.net

Leave a Reply

x Close

Like Us On Facebook