Sunday, April 28, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Շատ բանջարեղեն և միրգ ուտելը նպաստում Է սթրեսի դեմ պայքարին

Ավստրալիացի գիտնականները պարզել են, որ բանջարեղենով և մրգերով հարուստ սննդակարգը մեծահասակների մոտ նվազեցնում է սթրեսի մակարդակը ցանկացած տարիքում: Ավելին, եթե մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում այսպես սնվի, նա մշտապես կկարողանա կարգավորել/հաղթահարել սթրեսի ազդեցությունից առաջացած բացասական հետևանքները:

Հոգեկան խանգարումներն ամբողջ աշխարհում դառնում են ավելի լուրջ խնդիր, այդ թվում ՝ Ավստրալիայում: Մոտավորապես յուրաքանչյուր երկրորդ մարդն այս երկրում բախվում է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներին: Սթրեսը ցանկացած մարդու համար հարմարվողական ռեակցիա է տարբեր ազդեցությունների նկատմամբ, սակայն դրա երկարատև և քրոնիկ ազդեցությունը կարող է լուրջ վնաս հասցնել հոգեկան առողջությանը:

Հայտնի է, որ վատ սննդային սովորությունները կապված են սթրեսի ավելի բարձր մակարդակի հետ, սակայն մեծ քանակությամբ սննդային մանրաթելերի (որով հարուստ են մրգերն ու բանջարեղենը) ընդունման և սթրեսի մակարդակի փոխազդեցության կապը դեռևս ուսումնասիրված չէր:

Էդիթ Քոուենի համալսարանի (Ավստրալիա) գիտնականները որոշեցին շտկել այս իրավիճակը և հետազոտություն անցկացրին, որին մասնակցել է 25-91 տարեկան 8689 մարդ: Նրանց վերաբերյալ տվյալները վերցվել են շաքարախտի, գիրության և կենսակերպի միջև կապի վերաբերյալ մեկ այլ ուսումնասիրությունից, որն իրականացվել է Baker Heart and Diabetes Institute-ի (Ավստրալիա) կողմից:

Արդյունքները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր օրական օգտագործում են առնվազն 470 գրամ միրգ և բանջարեղեն, ունեն սթրեսի 10 տոկոսով ավելի ցածր մակարդակ, քան նրանք, ովքեր օրական օգտագործում են 230 գրամից պակաս միրգ և բանջարեղեն: Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս ամենօրյա սննդակարգում ներառել առնվազն 400 գրամ միրգ և բանջարեղեն: Ընդ որում դեռևս բացահայտված չէ, թե որ մեխանիզմներն են ընկած սթրեսի վրա բանջարեղենով և մրգերով հարուստ սննդակարգի ազդեցության հիմքում:

Հավանաբար, դա պայմանավորված է նրանց մեջ պարունակվող բազմաթիվ  վիտամիններով, ֆլավոնոիդներով և կարոտինոիդներով, որոնք ունակ են չեզոքացնել օքսիդատիվ սթրեսը (oxidative stress), ուստի և բարելավել հոգեկան վիճակը:

Աշխատանքը հրապարակվել է Clinical Nutrition ամսագրում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook