Sunday, April 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Շաքարային դիաբետը մանկական տարիքում

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Արաբկիր» ԲՀ էնդոկրին ծառայության ղեկավար Իրինա Մարությանի հետ:

–   Ի՞նչ է շաքարային դիաբետը:

–   Շաքարային դիաբետը հիվանդություն է, որը պայմանավորված է արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակով: Գոյություն ունեն շաքարային դիաբետի մի քանի տեսակներ, բայց ամենատարածվածներն  են առաջին տիպի ինսուլինակախյալ եւ երկրորդ տիպի՝ ինսուլինաանկախ դիաբետները: Վերջինս հանդիպում է մեծահասակների մոտ: Երեխաները հիմնականում հիվանդանում են առաջին տիպի շաքարային դիաբետով, որով հիվանդացության տարիքային շեմը 35-40-ն է: Երկրորդ տիպի դիաբետը երեխաների մոտ հանդիպում է հազվադեպ:

–   Ո՞րն է շաքարային դիաբետի առաջացման պատճառը եւ ինչո՞ւ է սպառնում նաեւ երեխաներին:

–   Երեխաների մոտ առաջին տիպի դիաբետն աուտոիմուն խնդիր է՝ օրգանիզմն արտադրում է հակամարմիններ ենթաստամոքսային գեղձի հանդեպ: Առաջին տիպի դիաբետի առաջացման ենթադրյալ պատճառներից են վարակները՝ կոքսակի, էխո կարմրուկ, կարմրախտ, ջրծաղիկ, որոնք համարվում են դիաբետոգեն: Կովի կաթի մեջ պարունակող սպիտակուցը նույնպես կարող է դիաբետի առաջացման պատճառ լինել:

–   Կարո՞ղ է դիաբետի պատճառ լինել քաղցրավենիքի չարաշահումը:

–   Նման պատճառ գոյություն չունի: Իհարկե՛, չի կարելի քաղցրը չարաշահել, բայց ենթադրել, որ այն ուտելիս կարող է առաջանալ դիաբետ, սխալ է:

–   Դիաբետը փոխանցվո՞ւմ է ժառանգաբար:

–   Ժառանգական գործոնը որոշակի դեր ունի, սակայն այս գործոնը նպաստավոր է երկրորդ տիպի դիաբետի առաջացման գործընթացում:

–   Մանկական տարիքում ովքե՞ր են ռիսկի խմբում:

–   Հիվանդության զարգացում հնարավոր է տարիքային ցանկացած խմբում: Թիրախային է սեռահասանուցման շրջանը, քանի որ ակտիվանում են բոլոր հորմոնները, և հորմոնալ տատանումների արդյունքում առաջացող հորմոնալ դիսբալանսը կարող է հիվանդության զարգացման համար նպաստավոր լինել:

–   Ի՞ նչ ախտանշաններով է արտահայտվում դիաբետը:

–   Առաջին եւ երկորդ տիպի շաքարային դիաբետերի ժամանակ ախտանշանները գրեթե նույն կերպ են դրսեւորվում: Առաջին տիպի դիաբետը, որն առավել ակնհայտ է դրսեւորվում երեխաների մոտ հետեւյալն է. հաճախամիզություն, բերանում չորության զգացում, ծարավի զգացում, ընհանուր թուլություն, հոգնածություն, քաշի նվազում,մաշկի եւ սեռական օրգանների շրջանում քորի զգացում, բերանից` ացետոնի հոտ եւ այլն: Երկորդ տիպի դեպքում հիվանդությունը երբեմն ընթանում է թաքնված՝ առանց ախտանշանների:

–   Ի՞նչ առանձնահատկություններով է ընթանում դիաբետը մանկական տարբեր տարիքային խմբերում:

–   Որեւէ առանձնահատկություն չկա, բոլոր տարիքային խմբերում հիվանդությունը դրսեւորվում է միանման:

–   Ի՞նչ բարդություններ կարող են լինել դիաբետով հիվանդ երեխայի մոտ:

–   Գոյություն ունեն սուր եւ քրոնիկ բարդություններ: Վերջինս երկար ընթացող բարդություններն են, որի ընթացքում տեղի է ունենում օրգանների ախտահարում, օրինակ, ռետինոպաթիա (աչքի ցանցաթաղանթի ախտարահում), նեֆրոպաթիա (երիկամների ախտահարում), նեյրոպաթիա, անգիոպաթիա եւ այլն: Սուր բարդություններից են կոմաները` հիպերգլիկեմիկ և հիպոգլիկեմիկ, որոնց պատճառը արյան մեջ շաքարի բարձր կամ ցածր լինելն է:

–   Դիաբետով հիվանդն ինչպե՞ս է զգում, որ արյան մեջ շաքարը բարձր է:

–   Հիվանդը նկատում է ծարավի, բերանի չորության զգացումը, հաճախամիզությունը, նվազում է երեխաների ակտիվությունը, տրամադրության անկումը, նվազում է քաշը եւ այլն: Նման գանգատների դեպքում պարտադիր պետք է ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը:

–   Հիվանդության զարգացման ի՞նչ էտապներ գոյություն ունեն:

–   Քանի որ երեխաների պարագայում խնդիրն աուտոիմուն է եւ հիվանդության առաջացման ենթադրյալ պատճառներից են վարակները, ապա որպես զարգացման առաջին էտապ է որեւէ վարակային հիվանդությունը: Հաջորդ էտապը սկսվում է մոտավորապես 6 շաբաթ անց, երբ սկսվում է ենթաստամոքսային գեղձի բետտա-բջիջների կողմից ինսուլինի արտադրության նվազում:  Այս էտապները շաքարային դիաբետի առաջացման սկզբնական գործոններն են:

–   Ինչպե՞ս են իրականացվում դիաբետի ախտորոշման հետազոտությունները:

–   Անհրաժեշտ է ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը, իսկ գլյուկոզան եւ ացետոնը` մեզի մեջ: Շաքարային դիաբետի ախտորոշման համար ստացիոնար պայմաններում կատարվում է հետազոտություն եւ որոշվում գլիկոզացված հեմոգլոբինի քանակն արյան մեջ: Այս հետազոտությամբ ստանում ենք երեք ամսվա ընթացքում զարգացող շաքարախտի միջին կոմպեսացիոն պատկերը: Եթե բարձր ցուցանիշ է գրանցվում, ուրեմն հիվանդությունն ավելի վաղ շրջանում է առաջացել:

–   Հիվանդության ախտորոշումից հետո արյան մեջ շաքարի մակարդակը ի՞նչ պարբերականությամբ պետք է չափել:

–   Եթե ախտորոշված է շաքարային դիաբետ, անհրաժեշտ է օրը 4-6 անգամ ստուգել շաքարի մակարդակն արյան մեջ:

–   Հնարավո՞ր է երեխաների մոտ հիվանդությունն ինքնուրույն անցնի:

–   Նման բան գոյություն չունի:

–   Ինչո՞վ է սպառնում դիաբետը, եթե չվերահսկվի: Ի՞նչ հետևանքներ կարող են լինել:

–   Երեխան կարող է հայտնվել կոմայի մեջ, որը կյանքին վտանգ սպառնացող վիճակ է:

–   Ինչպիսի՞ բուժում է նշանակվում:

–   Միայն ինսուլինի ներարկում:

–   Ինչո՞ւ է ներարկվում ինսուլին:

–   Քանի որ հիվանդության ժամանակ ենթաստամոքսային գեղձն ինսուլին չի արտադրում, անհրաժեշտ է ինսուլինի ներարկում:

–   Ինչպե՞ս լուծել դիաբետով հիվանդ դպրոցականների խնդիրները:

–   Հայաստանում ընդունված չէ ծնողների կողմից երեխայի առողջական խնդրի մասին ուսուցիչներին ու դասընկերներին տեղեկացնելը: Երեխաները ստիպված գաղտնի չափում են շաքարի մակարդակն արյան մեջ եւ կատարում ներարկում: Սա խնդրահարույց հարց է, որի մասին հարկ է բարձրաձայնել և փոխել վերաբերմունքը:

–   Ի՞նչ է դիաբետի ռեմիսիան:

–   Ինսուլինն արտադրվում է ենթաստամոքսային գեղձի բետտա-բջիջների կողմից: Բջիջների 10% առկայությունը շաքարային դիաբետի սկիզբ է համարվում: Ժամանակին տեղեկանալով դրա մասին եւ կատարելով ինսուլինաթերապիա, շատ երեխաների մոտ երկար ժամանակ ինսուլին ներարկելու անհրաժեշտություն չի առաջանում: Ստացվում է այնպես, որ նշյալ բետտա-բջիջիների մնացյալ 10%-ն աշխատում է 100% արդյունավետությամբ: Անհատական է, թե որ երեխայի մոտ այդ էտապը որքան կտեւի: Այս փուլն ընդունված է կոչել շաքարային դիաբետի մեղրամիս, ինչը նշանակում է, որ շաքարային դիաբետը երեխայի մոտ չի անցնում:

–   Ի՞նչ սննդակարգ է նշանակվում դիաբետով հիվանդին:

–   Դիաբետով հիվանդներին հատուկ սննդակարգ չի նշանակվում, ուղղակի պետք է սահմանափակել  ածխաջրերով և ճարպերով հարուստ սննդակարգը:

–   Եթե դիաբետը վերահսկվի, որքա՞ն երկար կարող է հիվանդն ապրել:

–   Որքան վաղ տարիքում է հայտնվում շաքարային դիաբետը, այնքան կրճատվում է մարդու կյանքի տարիները: Բայց ժամանակակից կյանքում ինսուլինի որակի շնորհիվ կյանքի տեւողությունը երկարել է: Ընդհանրապես, մարդիկ մահանում են ոչ թե շաքարային դիաբետից, այլ հիվանդության հետեւանքով ախտահարված օրգանների խնդիրներից:

–   Կարո՞ղ է դիաբետով երեխան սպորտով զբաղվել:

–   Այս հիվանդութան դեպքում ֆիզիկական ակտիվությունը շատ օգտակար է, քանի որ նպաստում է օրգանիզմում ինսուլինի ավելի լավ յուրացմանը  եւ արյան մեջ շաքարի մակարդակի նվազմանը:

–   Հնարավո՞ր է խուսափել դիաբետից: Ինչպե՞ս կանխարգելել:

–   Առաջին տիպի դիաբետը դժվար է կանխարգելել: Երկրորդ տիպի դիաբետը համեմատաբար հեշտ է կանխարգելել, պարզապես անհրաժեշտ է ապահովել քաշի նվազում, հրաժարվել ծխելու վատ սովորությունից, ապրել ակտիվ եւ առողջ կյանքով, չվարել նստակյաց կյանք եւ այլն:

Նյութի աղբյուրը՝ arabkirjmc.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook