Sunday, April 28, 2024
Նորություններ

Շտապօգնության որոշ ծառայություններ վճարովի կդառնան.1 օրում նույն մարդը 5 կանչ է անում

Հայաստանում շտապբուժօգնության ծառայությունը որոշ դեպքերում կարող է դառնալ վճարովի:

Օրերս իր հարցազրույցներից մեկում այս մասին խոսել է ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ բերելով Իսրայելի օրինակը:

«Իսրայելի պես երկրում կանչերից միան 10-15 տոկոսն է, որ անվճար է. այն կանչերը, որոնք հնարավոր է դասել անհետաձգելի եւ շտապ բուժօգնության կարիք ունեցողների շարքը: Այնպիսի կանչերը, ինչպիսիք են ճնշում չափելու, սրսկում կատարելու, զրուցելու, ջերմություն իջեցնելու անհրաժեշտությունը՝ այն կանչերը, որոնք ի սկզբանե պետք է կատարվեին առաջնային օղակի կողմից՝ ոչ շտապ կերպով, վճարովի են: Եթե հաճախորդը ցանկանում է այդ օգնությունը ստանալ շտապբուժօգնության բրիգադայի կողմից, նա պետք է վճարի»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է նախարարը:

Նախարարը նաեւ հավելել է, որ հեռու է այն մտքից, թե կանչերի 90 տոկոսը վաղը կդարձվեն վճարովի, բայց խնդիրն արդիական է համարել եւ ասել, որ այն լուծելու հարցում վճռական են:

Երեւանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը նախարարության ձեռնարկի մանրամասներին տեղյակ չէր: armtimes.com-ի հետ զրույցում նա ասաց. «Դեռ քննարկում չի եղել, ուղղակի պրոյեկտ կա, որը պետք է քննարկվի»:

Պատասխանելով տեղին եւ անտեղի կանչերի մասին հարցին՝ նա նշեց, որ ընկերությունն օրական սպասարկում է միջինը 650-700 կանչ, որից մինչեւ 15 տոկոս դեպքերում են միայն, որ դրանք անհետաձգելի է, եւ հիվանդը տեղափոխվում է ստացիոնար բուժհաստատություն: Շատ ավելի քիչ դեպքերում էլ անհրաժեշտություն լինում ուղղակի շտապօգնություն ցուցաբերել եւ տան պայմաններում կարգավորել առաջ եկած առողջական խնդիրները:

«Ավելի շուտ մենք, կարելի է ասել, կատարում ենք քրոնիկ հիվանդների տնային կանչերի սպասարկումը: Դրանք այն հիվանդներն են, որոնք կարող են դիմել իրենց ընտանեկան բժշկին պոլիկլինիկաներում, բայց չեն դիմում: Դրա համար հիմնականում նման պատկեր ունենք: Մենք այսօր չունենք կանչի մերժման տարբերակ եւ իրավունք, բոլորը պետք է սպասարկենք, բայց նաեւ մեզ պետք է դիմեն այն հիվանդները, որոնք իսկապես անհետաձգելի օգնության կարիք ունեն»,- ասաց Թագուհի Ստեփանյանը:

Նա վստահեցրեց, որ «Շտապբուժօգնություն» ընկերությունը հագեցած է անհրաժեշտ պարագաներով ու սարքերով: Առողջապահության նախարարը նույնպես հավաստիացրել էր, թե այդ ծառայության հագեցվածությունը Հայաստանում մոտենում է զարգացած երկրներում առկա մակարդակին:

«Շատ լավ հասկանում եմ, որ հիվանդներին հարմար է, որ մեր բժիշկն այցելի: Այսօրվա դրությամբ թե դեղորայքի, թե սարքավորումների խնդիր չունենք: Ամեն դեպքում հիվանդը կարողանում է ամբողջությամբ ստանալ անհրաժեշտ բուժօգնությունը եւ կարիք չունի դեղատուն իջնելու, դեղորայք առնելու եւ այլն եւ այլն: Բայց այդպես ճիշտ չէ, որովհետեւ կան դեպքեր, երբ որ բացարձակ շտապ օգնության կանչ չէ, բայց շտապօգնությունը, անպայման, գնում է: Էլ չեմ խոսում այն դեպքերի մասին, երբ միեւնույն մարդուն օրվա մեջ սպասարկում ենք 3-5 անգամ»,- եզրափակեց Երեւանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրենը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook