Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

«Չբերության վարկածը գիտական հենք չունի. իմունիտետը որևէ պատվաստումից չի թուլանում». Մերի Տեր-Ստեփանյան

ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանն այն կարծիքին է, որ Հայաստանում կորոնավիրուսի 4-րդ ալիքն է, և այն ավարտին է մոտենում:

«Ես հույս ունեմ, որ մենք արդեն պիկը հաղթահարել ենք, բայց սա չի նշանակում, որ պետք է թուլանանք և չսպասենք հիվանդացության բարձրացման, որովհետև աշխարհում համավարակը մոլեգնում է: Պատվաստումային ընդգրկվածությունը աշխարհում դեռևս այնքան չէ, որ վիրուսը նահանջի, այնպես որ, մենք շարունակելու ենք ապրել կորոնավիրուսի հետ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Համաճարակաբանի խոսքով՝ չորրորդ ալիքի դեպքում մահերի մեծ քանակը պատվաստումների ցածր ընդգրկվածության պատճառով է. «Դուք կարող եք համեմատել մի շարք երկրների հետ, որտեղ ևս բավականին ինտենսիվ ալիք գրանցվեց, բայց մահերի թիվը քիչ էր: Այսինքն՝ այն պնդումը, որ մենք ի սկզբանե պատվաստանյութի ներդրման ժամանակ ասում էինք, որ պատվաստանյութը կանխում է ծանր ձևը և մահը, զարգացած երկրներն իրենց փորձով ապացուցեցին: Ցավոք, մենք չապացուցեցինք, ունեցանք սեփական տխուր փորձը՝ ցածր պատվաստումային ընդգրկվածություն և բարձր մահացություն»:

Ինչ վերաբերում է պատվաստումների վերաբերյալ միֆերին, մասնագետը նշեց, որ դրանք բազմաթիվ են, և դրանցից աշխատողը չբերության վարկածն է, որը տարբեր պատվաստանյութերի ժամանակ արծարծվել է. «Կորոնավիրուսի ժամանակ այդ միֆը ևս գլուխ բարձրացրեց: Դրա մեջբերումները տարբեր հեղինակների կողմից եղել են և՛ Հայաստանում, և՛ արտասահմանում, բայց որևէ գիտական ապացույց դա չունի և չի կարող ունենալ, որովհետև մենք դեռևս չգիտենք՝ վիրուսի ազդեցությունը ռեպրոդուկտիվ ֆունկցիայի վրա ինչպիսին է, իսկ եթե մենք պարզաբանված չունենք վիրուսի ազդեցությունը ռեպրոդուկտիվ ֆունկցիայի վրա, առավել ևս մենք չենք կարող խոսել պատվաստանյութի ազդեցության մասին: Համենայնդեպս, մենք ունենք պատվաստանյութերի հետ արդեն 200 տարուց ավելի փորձ, և եթե նրանք առաջացնեին անպտղություն, մենք հասած չէինք լինի մոտ 8 միլիարդի»:

Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով՝ կորոնավիրուսի դեպքում օգտագործվող պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունները չեն տարբերվում այլ պատվաստանյութերի ժամանակ արձանագրվող կողմնակի ազդեցություններից. «Դա կարող է լինել ջերմության բարձրացում, մկանացավեր, տեղային ցավ, որը նույնպես արձանագրվում է: Այսինքն՝ ստանդարտ այն երևույթներն են, որոնք մենք սպասում ենք ցանկացած պատվաստումից հետո, և որոնք անհանգստացնող չեն: Մենք բավականին պատվաստում ենք իրականացրել և չենք տեսել որևէ արտառոց կողմնակի երևույթ, որը ահազանգող լինի»:

Անդրադառնալով այն կարծիքներին, որ հայտնի չէ, թե պատվաստվելուց 5 տարի անց ինչ հետևանքներ կարող է ունենալ պատվաստանյութը տվյալ անձի համար, նա հետևյալը նշեց. «5 տարի հետո որևէ մեկը չի կարող ասել՝ իր հետ ինչ կլինի: Մենք ապրում ենք այնպիսի պայմաններում՝ սկսած էկոլոգիայից, վերջացրած սննդով և տարբեր գործոններով, որոնք կարող են օրգանիզմի վրա բացասական հետևանքներ բերել: Չի կարելի շահարկել պատվաստանյութը՝ որպես ապագայում բացասական հետևանք ունեցող երևույթ, առավել ևս՝ երբ մենք ապրում ենք համավարակի ինտենսիվ փուլում, և հետպատվաստումային հեռակա ազդեցության հավանականությունն անհամեմատ ավելի փոքր է, քան այս պահին վարակվելու և վատ հետևանք ունենալու: Այնպես որ, այս շահարկումներն ի վնաս ժողովրդի են, ի վնաս մեզ բոլորիս»:

Խոսելով պատվաստման հակացուցումների մասին, նա ընդգծեց՝ հակացուցում մարդը կունենա այն դեպքում, երբ ստանա իր առաջին դեղաչափը. «Այսինքն՝ եթե առաջին դեղաչափը ստանալուց հետո ունենա ծանր ալերգիկ ռեակցիա, երկրորդ դեղաչափը նրա համար կլինի հակացուցում, իսկ ժամանակավոր հետաձգման պատճառներ կարող են լինել սուր հիվանդությունները, քրոնիկ հիվանդության սրացման շրջանը: Բուժող բժիշկը ինքը կորոշի՝ այս պահին իր պացիենտը կարո՞ղ է պատվաստվել, թե՞ մի փոքր հետաձգվի նրա պատվաստումը, մինչև հիվանդությունը կայունանա»:

Բժիշկն անձամբ ընդգրկված է պատվաստումային գործընթացում և պատվաստման գնացող քաղաքացիների մոտ վախ է տեսնում. «Մարդիկ, որ գալիս են՝ պատվաստման սենյակի դուռը բացում են, իրենց աչքերում վախ է ի սկզբանե: Ու շատ հաճախ այդ վախը զուտ ներարկման վախն է, այսինքն՝ ներարկիչը տեսնում են ու սթրես են ապրում: Բայց անմիջապես այս վախը անցնում է, երբ պատվաստման գործընթացն անցնում է, մարդիկ իսկապես իրենց ապահով են զգում: Պատվաստվելուց հետո մարդը պետք է ապրի իր սովորական կյանքով, մոռանա, որ պատվաստվել է, ուղղակի պաշտպանի հակահամաճարակային կանոնները»:

Անդրադառնալով այն տեսակետներին, թե համաճարակի ընթացքում չի կարելի պատվաստվել, որովհետև իմունիտետը ավելի խոցելի է դառնում և մարդիկ հիվանդանում են վիրուսով, նա հետևյալն ասաց. «Իմունիտետը որևէ պատվաստումից չի թուլանում: Արդեն իսկ ապացուցված է, որ միաժամանակ մարդուն կարելի է պատվաստել բազմաթիվ վարակիչ հիվանդությունների դեմ, այսինքն՝ միաժամանակ օրգանիզմ ներմուծել բազմաթիվ պատվաստանյութեր և բոլորի նկատմամբ ստանալ միևնույն իմուն պատասխանը: Այսինքն՝ իմունիտետի թուլացում պատվաստումից հետո չենք ունենում: Սա բոլորովին արդարացված կարծիք չէ, ուղղակի մենք կարող էինք ավելի լավ օգտագործել այն հանգիստ շրջանը, երբ մեզ մոտ դեպքերը քիչ էին, և այսօր չունենալ պոլիկլինիկաներում այն կուտակումները, որոնք ունենք մի կողմից՝ պատվաստման համար, մյուս կողմից՝ հիվանդների զննման համար»:

Բժիշկը խոսեց նաև բաց տարածքներում դիմակ կրելու որոշման մասին. «Բաց տարածքներում դիմակ կրել իմաստ ունի, եթե սոցիալական հեռավորությունը չի պահպանվում: Ուղղակի մոտեցում կա, որ բաց տարածքում գտնվող մարդը վաղ թե ուշ մտնելու է փակ տարածք, և որպեսզի լրացուցիչ խուճապ և խոչընդոտ չլինի, ամեն դեպքում, այսքան ինտենսիվ տարածման փուլում ճիշտ է պաշտպանել շնչուղիները թե՛ արտազատումից, թե՛ ներշնչումից: Դրա համար երկկողմանի դիմակ կրելը զուտ մեխանիկական պատնեշ է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook