Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՎՃԱՐՈՒՄ Է ՆՈՒՅՆԻՍԿ ՍՐՏԱՄԿԱՆԻ ՍՈՒՐ ԻՆՖԱՐԿՏԻ (ST ԷԼԵՒԱՑԻԱՅՈՎ ՈՒՂԵԿՑՎՈՂ) ՍՏԵՆՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ․ ՄԻՀՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մեր հարցերին պատասխանում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ղեկավար, միջամտական սրտաբան-առիթմոլոգ, Ռոտերդամի «Էրազմուս» բժշկական կենտրոնի գիտաշխատող Միհրան Մարտիրոսյանը։

Որո՞նք են սրտային հիվանդությունների հիմնական պատճառները։

-Սիրտ-անոթային հիվանդությունները լայն տարածում ունեն ինչպես զարգացած, այնպես եւ զարգացող երկրներում, դրանք համարվում են բնակչության մահացության եւ հաշմանդամության թիվ մեկ պատճառը։ Սիրտ-անոթային հիվանդությունների պատճառների մասին խոսելիս մենք չենք առանձնացնում առանձին պատճառներ, քանի որ հիվանդությունների այս խումբը բազմապատճառային են, եւ դրանց առաջացումը պայմանավորված է պատճառների մի խմբի համադրմամբ։ Այդ պատճառները մենք՝ սրտաբաններս, անվանում ենք ռիսկի գործոններ։ Սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գործոնները բազմաթիվ են. այդ շարքում անհրաժեշտ է նշել, օրինակ, ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ֆիզիկապես պասիվ կյանքը, ճարպակալումը, շաքարային դիաբետը, ժառանգական նախատրամադրվածությունը եւ այլն.։ Անհրաժեշտ է շեշտել, որ պատճառների մի մասը մոդիֆիկացվող են, այսինքն՝ հնարավոր է այդ պատճառները վերացնելով նվազեցնել սիրտ-անոթային հիվանդացությունը։ Դրանցից են, ինչպես նշեցինք, ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ֆիզիկապես պասիվ կենսակերպը, ճարպակալումը եւ այլն։ Դա ապացուցվել է զարգացած երկրներում, որտեղ ֆիզիկապես ակտիվ առողջ կենսակերպը նպաստել է սիրտ-անոթային հիվանդացության եւ մահացության զգալի իջեցմանը։

Սրտի հետ կապված խնդիրների, հիվանդությունների աճի ի՞նչ դինամիկա է գրանցվել վերջին տարիներին։

-Բավականին հետաքրքիր ստատիստիկ տվյալներ գոյություն ունեն։ Ամբողջ աշխարհում սիրտ-անոթային հիվանդացությունը շարունակում է բարձր մնալ, բայց այն էապես տարբերվում է զարգացած եւ զարգացող երկրներում։ Զարգացող երկրներում, որոնց դասին պատկանում է Հայաստանը, սիրտ-անոթային հիվանդացությունը եւ մահացությունը շարունակում է աճել, այնինչ զարգացած երկրներում, ինչպիսիք են արեւմտյան Եվրոպայի եւ սկանդինավյան երկրները, Հյուսիսային Ամերիկան, նկատվում է սիրտ-անոթային հիվանդությունների նվազում։ Դա պայմանավորված է առողջ կենսակերպի տարածմամբ, ծխելու սահմանափակմամբ, սննդի մեջ շաքարավազի եւ կերակրի աղի սահմանափակմամբ, որոնց մեծ քանակի կիրառությունը սննդի մեջ իրավամբ համարվում են հիվանդությունների այս խմբի ռիսկի գործոններ, ինպես նաեւ առողջապահության ոլորտի ընդհանուր զարգացվածությամբ, որը հնարավորություն է ընձեռում հայտնաբերել հիվանդությունը վաղ փուլում եւ առավել էֆեկտիվ դարձնել բուժումը։ Այսպիսով, առողջ կենսակերպի պրոպագանդան, հիվանդությունների կանխարգելումը եւ վաղաժամ հայտնաբերումը հնարավորություն տվեցին զգալիորեն նվազեցնել սիրտ-անոթային հիվանդացությունը եւ մահացությունը զարգացած երկրներում։

Մեր բնակչության քանի՞ տոկոսն է ի վիճակի սրտի հետ կապված խնդիրներով ստանալ բուժօգնություն, ե՞րբ են սովորաբար դիմում բժշկին։

-Կարծում եմ՝ բնակչության 100% -ն վիճակի է ստանալ բուժօգնություն, բայց այստեղ էական հարց է, թե ինչպիսի եւ ինչ ծավալի բուժօգնության մասին է խոսքը։ Մենք ունենք առաջնային օղակի բուժօգնություն՝ պոլիկլինիկական օղակ, որն իրականում բավականին լավ է աշխատում Հայաստանում։ Հաճախ մենք լսում ենք դժգոհություններ, որոնց զգալի մասը սուբյեկտիվ են եւ չունեն օբյեկտիվ հիմք։ Այսօր ցանկացած անձ կարող է դիմել պոլիկլինիկա եւ ստուգվել տեղամասային բժշկի մոտ, ով կարող է առաջնային զննմամբ հայտնաբերել հիվանդությունը եւ ուղեգրել արդեն առավել մասնագիտացված ախտորոշման եւ բուժման։ Հավատացնում եմ Ձեզ, այս օղակը բավականին ակտիվ եւ արդյունավետ է աշխատում։ Իհարկե, մենք կարող ենք նաեւ խնդիրներ նշել, բայց անձամբ ես հավատում եմ, որ դրանք շատ արագ կշտկվեն։ Մենք ունենք հիանալի աշխատող շտապբուժօգնության ծառայություն, որի որակական կերպարանափոխումը մենք տեսել ենք վերջին տարիներին՝ անհրաժեշտ սարքավորումներով հագեցած նոր սերնդի մեքենաներ, գիտելիքներով հարուստ երիտասարդ սերնդի բժիշկներ, ովքեր էապես փոխեցին շտապօգնության որակը։ Ի վերջո, անհետաձգելի բուժօգնություն հիվանդները ստանում են հիվանդանոցային պայմաններում։ Ստացվում է, որ ցանկացած անձ կարող է դիմել պոլիկլինիկա առաջնային զննման նպատակով եւ կարող է ստանալ առաջնային անհետաձգելի բուժօգնություն շտապբուժօգնության եւ հիվանդանոցային օղակի կողմից։ Այլ հարց է մասնագիտացված, ոչ առաջնային բուժօգնությունը։ Այստեղ իրավիճակը այլ է․ այս տեսակի մասնագիտացված բուժօգնության համար անհրաժեշտ է բավականին մեծ ֆինանսավորում, քանի որ նորագույն սարքավորումները եւ վիրահատական միջամտությունները, որոնց մենք դիմում ենք այսօր, պահանջում են մեծ ֆինանսական ծախս (սարքավորումների բարձր արժեք, նյութածախս եւ այլն): Այսպիսով, մասնագիտացված բուժօգնություն ստանալու համար պետք է վճարել. վճարում է անձամբ հիվանդը, պետությունը (պետպատվեր հասկացողություն) կամ ապահովագրությունը, իհարկե եթե անձն ունի առողջապահական ապահովագրություն։

Մենք ականատես ենք լինում, որ այս իրավիճակն էապես փոխվում է, մենք արդեն ունենք Հայաստանում STENT FOR LIFE ծրագիրը, որի շրջանակներում պետությունը վճարում է սրտամկանի սուր ինֆարկտի (ST էլեւացիայով ուղեկցվող) ստենտավորման համար։ Սա հիանալի ծրագիր է, մի քանի տարի առաջ անհնար էր մտածելը, որ նման ծրագիր կիրականացվի Հայաստանում։ Սոցփաթեթի շահառուները նույնպես արդեն կարող են դիմել եւ ստանալ մասնագիտացված բուժօգնություն իրենց տրամադրված առողջապահական ապահովագրության սահմաններում։ Սոցփաթեթի շահառուները հաճախ դիմում եւ ստանում են մասնագիտացված բուժօգնություն անհրաժեշտ ամբողջ ծավալով։ Բնակչության մեկ այլ հատված ստանում է մասնագիտացված բուժօգնություն պետպատվերի շրջանակներում, այսինքն պետությունն է կրկին վճարում բուժօգնության համար։ Արդյո՞ք սա բավարար է․ իհակե ոչ։ Բնակչության այն հատվածը, որ չունի առողջապահական ապահովագրություն եւ սոցփաթեթի շահառու չի հանդիսանում, ստիպված է վճարել բուժօգնության համար։

Սրտի հետ կապված խնդիրներով դիմած քաղաքացիներից քանի՞ տոկոսն է ստենտավորում սիրտը։

-Դժվար է միանշանակ պատասխանել Ձեր հարցին եւ ներկայացնել հստակ թիվ։ Ստենտավորվում են այն հիվանդները, ովքեր ունեն սրտի իշեմիկ հիվանդություն, այսինքն՝ ունեն սիրտը սնուցող պսակաձեւ զարկերակների ախտահարում, որի պայմաններում սրտի արյունամատակարարումը խանգարված է։ 10 տարի առաջ ինվազիվ սրտաբանությունը առաջին քայլերն էր կատաում Հայաստանում, եւ ստենտավորումների թիվը բավականին ցածր էր։ Այսօր արդեն մենք տեսնում ենք, որ ինվազիվ, միջամտական, սրտաբանությունը բավականին զարգացած է, մենք ունենք բազմաթիվ կենտրոններ, որտեղ մեծ հաջողությամբ կատարվում են այս տեսակ միջամտությունները։

Ի՞նչ տարբերություններ կան մեր երկրի առողջապահական համակարգի եւ արեւմտյան երկրների առողջապահական համակարգերի միջեւ։

-Առողջապահական համակարգերը էապես տարբերվում են տարբեր երկներում։ Նույնիսկ Եվրամիության անդամ երոպական երկրներն ունեն էապես տարբերվող առողջապահական համակարգեր։ Մի բան ընդհանուր է այդ երկրներում՝ հասարակության բոլոր անդամները կարող են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն, որոնց համար վճարում է ապահովագրական ընկերությունը, ինչպես արեւմտյան Եվրոպայի զարգացած երկրկներում, որտեղ առողջապահական ապահովագրությունը պարտադիր է, կամ պետությունը, ինպես արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներում։

Որքանո՞վ է ապահովագրական բժշկությունը կիրառելի մեր երկրում։

-Այսօր արդեն որոշակի քայլեր են կատարվում, որոնք կարող են նպաստել առողջապահության ապահովագրության ներդրմանը Հայաստանում։ Մի շարք ընկերություններ ունեն առողջապահության ապահովագրություն, եւ իրենց աշխատակիցները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն տվյալ փաթեթի սահմաններում։ Վերը նշված սոցփաթեթի շահառուները նույնպես ունեն ապահովագրություն, որոնց սահմաններում ստանում են անհրաժեշտ մասնագիտացված բուժօգնություն։ Կարծում եմ՝ այս քայլերը հնարավորություն կտան ապահովագրական ընկերություններին ընդլայնել իրենց գործողությունը։ Ի վերջո, անհրաժեշտ է ձգտել, որ հասարակության բոլոր անդամներն ունենան ապահովագրություն։ Ցավոք սրտի, դրա համար անհրաժեշտ են մեծ գումարներ, բայց կարծում եմ սկզբնական շրջանում պետությունը կարող է սուբսիդավորել եւ վճարել ապահովագրական վճարների մի մասը, դրանով իսկ խթան հանդիսանալով ոլորտի հետագա զարգացման համար եւ հասարակության կողմից ապահովագրական ընկերությունների հանդեպ վստահության մթնոլորտի ձեւավորման համար։

Թագուհի Հակոբյան

Նյութի աղբյուրը՝/www.hraparak.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook