Sunday, April 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Սննդամթերքի տեսակներ, որոնք խորհուրդ չի տրվում պահել սառնարանում

Սննդամթերքի պիտանելիության ժամկետը երկարացնելու և այն հնարավորինս երկար թարմ պահելու համար մարդիկ դրանք սովորաբար պահում են սառնարանում, սակայն կան սննդամթերքի տեսակներ, որոնք իրականում չի կարելի պահել սառնարանում, քանի որ ցածր ջերմաստիճանի պայմաններում դրանք կորցնում են իրենց օգտակար հատկություններն ու անգամ դառնում վնասակար։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հաճախ սառնարանում պահվող սննդամթերքի տեսակներ, որոնք գերադասելի է պահել սենյակային ջերմաստիճանի պայմաններում։

Լոլիկ

Ցածր ջերմաստիճանը պահպանում է լոլիկների թարմությունը, սակայն միևնույն ժամանակ նաև կանխում է հետագա զարգացումը։ Բացի այդ, սառնարանում պահվելու դեպքում լոլիկը կորցնում է իրեն բնորոշ կազմությունը, ինչի հետևանքով մթերքի համը ևս փոխվում է։ Լոլիկի հաճելի համն և օգտակարությունը պահպանելու համար հարկավոր է պահել դրանք չոր, հով ու մութ տեղում։

Սոխ

Թարմ կանաչ սոխը կարելի է պահել սառնարանի հատուկ հատվածում մի քանի օր, սակայն գլուխ սոխը խորհուրդ չի տրվում թողնել սառնարանում, քանի որ այս դեպքում այն կորցնում է իր համային ու օգտակար հատկությունները և խոնավության պատճառով սկսում է փափկել։ Մթերքը թարմ պահելու համար ցանկալի է այն թողնել որևէ չոր ու մութ տեղում։

Կարտոֆիլ

Այս մթերքը հնարավորինս երկար պահպանելու համար հարկավոր է պահել այն չոր տեղում։ Սառնարանում կարտոֆիլի մեջ պարունակվող օսլան շատ արագ վերածվում է շաքարի, ուստի դրա գործածությունը հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ տատանումների։ Կարտոֆիլը հնարավորինս երկար պահելու և վնասակար ազդեցությունից խուսափելու համար հարկավոր է լցնել մթերքը թղթյա փաթեթի մեջ ու պահել պահարանում։

Սուրճ

Սառնարանում պահվող սուրճը կլանում է այլ մթերքի հոտերն ու խոնավությունը, ինչը բացասաբար է անդրադառնում ըմպելիքի համի ու որակի վրա։ Համեղ ու օգտակար ըմպելիք ստանալու համար հարկավոր է սուրճը լցնել հերմետիկ փակվող տարայի մեջ և պահել սենյակային ջերմաստիճանի պայմաններում։

Ավոկադո

Ցածր ջերմաստիճանի պայմաններում պահելու դեպքում ավոկադոն կարելի է պահել մի քանի շաբաթ, սակայն այս դեպքում մթերքը չի ստանա իրեն բնորոշ փափկությունը, ինչն էլ նման հաճելի համ է հաղորդում մրգին։ Համեղ ու օգտակար ավոկադո օգտագործելու համար հարկավոր է պահել միրգը սենյակային ջերմաստիճանի պայմաններում։ Ընդ որում՝ մրգի հասունացումն արագացնելու համար կարելի է դրա կողքին նաև խնձոր դնել։

Հավկիթ

Գրեթե բոլոր սառնարաններում կան հատուկ հատվածներ, որոնք նախատեսված են հավկիթների համար, սակային իրականում դրանք անօգուտ են։ Բանն այն է, որ հավկիթը կարելի է առանց մտահոգվելու պահել նաև սենյակային ջերմաստիճանում։ Ավելին՝ ցածր ջերմաստիճանի պայմաններում չպահելու դեպքում հավկիթը շատ ավելի համեղ կլինի։

Մեղր

Շատերը մեղրը ևս պահում են սառնարանում, սակայն այս դեպքում ցածր ջերմաստիճանը ոչ թե պահպանում է մթերքի թարմությունը, այլ հանգեցնում է դրա բյուրեղացման՝ արագացնելով թթվայնացման գործընթացը։ Մեղրի օգտակար հատկություններն ու համը պահպանելու համար այն հարկավոր է պահել սենյակային ջերմաստիճանում և որևէ մութ տեղում։

Բանան

Բանանները հնարավորինս շուտ անօգտակար դարձնելու «լավագույն» միջոցն այն սառնարանում պահելն է, քանի որ այդ դեպքում դրանք շատ արագ փափկում են ու ստանում շագանակագույն երանգ։ Այս մրգերի թարմությունն ու օգտակար հատկությունները հնարավորինս երկար պահելու համար դրանք հարկավոր է պահել սենյակային ջերմաստիճանի պայմաններում և ոչ մի դեպքում չդնել նույն զամբյուղի մեջ, որտեղ պահվում են խնձորները։

Նարինջ

Ցիտրուսային մրգերը պարունակում են կիտրոնաթթու, իսկ ցածր ջերմաստիճանը կործանարար է այս տարրի համար։ Որպեսզի նարինջը պահպանի իր թարմությունը, հաճելի համն ու հյութալիությունը, այն ոչ մի դեպքում չի կարելի պահել սառնարանում։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook