Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ստեղծելով բնություն, որն առողջացնում է․․․

ԵՊԲՀ Հիգիենա և էկոլոգիա ամբիոնի ավագ դասախոս Քրիստինա Վարդանյանի ներդրումն այդ ծրագրում անգնահատելի է․ լինելով բժշկական համալսարանի կանաչապատման, բարեկարգման խմբի ղեկավար՝ նա իր անմնացորդ մասնակցությունը բերեց հիվանդանոցների կանաչապատման աշխատանքներում, արդյունքում այսօր մենք կարող ենք տեսնել, թե բնությունը որքան շռայլորեն է պարգևատրում նրանց, ովքեր գրագետ մոտեցում են ցուցաբերում իր հանդեպ։ 

«Մուրացան» հիվանդանոցային համալիր

Այս լուսանկարները կարծես ճապոնական մի գողտրիկ քաղաքի տեսարան են ներկայացնում, իսկ իրականում դրանք պատկերում են երևանյան գարունը՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի բակում։

Եվ անգամ դժվար է պատկերացնել, որ ընդամենը մի քանի տարի առաջ այստեղ բոլորովին այլ տեսարան էր։

«Մուրացան» հիվանդանոցային համալիր

 Տիկին Վարդանյան, խնդրում եմ պատմել ԵՊԲՀ կլինիկաների շրջակա տարածքների կանաչապատման ծրագրերի մասին, որոնք այդքան հաջողությամբ իրականացրել եք ինչպե՞ս ծնվեց մտահղացումը, ինչպե՞ս կարողացաք այդպիսի տպավորիչ արդյունք ստանալ և «պատահակա՞ն» էր արդյոք, այսպես ասած, ֆլորայի ընտրությունը։

-Դեռևս հնագույն ժամանակներից բժիշկները նկատել են, որ բնության հետ շփումը օգնում է մարդկանց նվազեցնել լարվածությունը, նպաստում է ապաքինմանը և այլն։ Ըստ Հիպոկրատի՝ «Բժշկությունը բուժում է, բնությունը՝ առողջացնում (исцеляет)»։

Կանաչապատման հարցերը հատկապես արդիական են բուժկանխարգելիչ հիմնարկների համար, քանզի ըստ ռուս հայտնի թերապևտ Մանասենի՝ «Թերապիան ամենից առաջ հիվանդ մարդու հիգիենան է, որն անօգուտ է, եթե հիվանդի համար ստեղծված չեն համապատասխան հիգիենիկ պայմանները»:

Բուժհաստատություններում սթրեսային միջավայրի ազդեցությունը նվազեցնելու նպատակով հատուկ ուշադրության կենտրոնում են հիվանդանոցներին կից այգիների ստեղծման և պահպանման խնդիրները: Վերջինները մարդու օրգանիզմի վրա դրական ազդեցություն գործող տարածքներ են, որպես սթրեսի չեզոքացում՝ հիվանդների շրջանում, և աշխատատեղից բավարարվածության զգացողություն առաջացնող՝ բուժպերսոնալի շրջանում:

Քրիստինա Վարդանյան

Հիվանդանոցի դրական «հոգեբանական» կլիմայի ստեղծման մեջ գլխավոր դերը բաժին է ընկնում այգիներին: Սա հատկապես ակնառու է մանկական հիվանդանոցների դեպքում, քանի որ վերջիններիս ներկայացված պահանջները ավելի խիստ են: Երեխաների վրա, ի տարբերություն մեծահասակների, ավելի մեծ չափով է ազդում հիվանդանոցային միջավայրը, սովորական առօրյայի և զբաղմունքների կտրուկ փոփոխումը, նրանք ավելի ծանր են տանում հարազատների հետ բաժանումը: Դրա համար ճիշտ պլանավորված հիվանդանոցային այգին կարող է մեծագույն չափով թուլացնել հիվանդանոցային ռեժիմի ճնշող ազդեցությունը:

«Մուրացան» հիվանդանոցային համալիր

Հիվանդանոցային պայմաններում շարժողական ակտիվության կտրուկ սահմանափակումը կարող է բացասաբար ազդել երեխայի վրա: Ձանձրույթը և միապաղաղությունը ընկճում է փոքրիկ բուժառուին, ինչը իր հերթին ավելի է բարդացնում բուժման ընթացքը: Միևնույն ժամանակ հիվանդ երեխաների համար բացօթյա տարածքում կազմակերպված մանկական խաղերը և շարժումները,  բուժական պրոցեսի բաղադրիչներից մեկն են համարվում։

Հիվանդանոցային այգու կարևորության առաջատարը Ռոջեր Ուլրիխն էր, որն ապացուցեց, որ կապը բնության հետ ի զորու է ոչ միայն բարելավել ինքնազգացողությունը, այլ նաև նվազեցնել ցավը հետվիրահատական շրջանում և ցավազրկողների օգտագործման ծավալը: Հետագայում նրա և այլ գիտնակաների կողմից ապացուցվել է հիվանդների՝ բուժհիմնարկում գտնվելու ժամկետի նվազման հնարավորությունը՝ դրանց տարածքներում թերապևտիկ այգիների և կանաչապատման էլեմենտների առկայության շնորհիվ:

«Մուրացան» հիվանդանոցային համալիր, 2007-2020 թթ․

Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ ԵՊԲՀ կլինիկաներում 2006-2011թթ. մեր կողմից իրականացվեց կանաչապատման լայնածավալ վերակազմակերպում։ Կլինիկայի պայմաններում ֆիզիկական, քիմիական, ճարտարապետա-նախագծային, սոցիալ-հիգիենիկ գործոնների համալիր գնահատման արդյունքում մեր կողմից մշակվեցին և ներդրվեցին կանաչապատման նոր սկզբունքներ՝ ուղղված հիվանդանոցային միջավայրի առողջացմանը և գեղեցկացմանը։

Կանաչապատման կառուցվածքի յուրահատկությունների, որակական և քանակական ցուցանիշների ուսումնասիրության հիման վրա տրվեց հիվանդանոցների կանաչապատման վիճակի համալիր գնահատական։ Մշակվեց  հիվանդանոցների կանաչապատման վերակազմակերպման համալիր ծրագիր, ինչպես նաև ստեղծվեց կանաչապատման վիճակի հաշվառման և վերահսկման տեղեկատվական-վիճակագրական հատուկ ձև:

Սկզբնական փուլում հետազոտության մեջ ընդգրկվել էին Երևան քաղաքի 15 բազմապրոֆիլային հիվանդանոցների կանաչ տարածքներ, որտեղ լայնածավալ ուսումնասիրում իրականացվեց։ Հետազոտման արդյունքների վերլուծությունը ցույց տվեց, որ ուսումնասիրված բոլոր հիվանդանոցներում կանաչապատման կառուցվածքը չի համապատասխանում բուժկանխարգելիչ հիմնարկներին ներկայացվող պահանջներին (տարածքի 60% կանաչապատում, բույսերի հարաբերակցություն, ծառերի, թփերի խտությունը մեկ հեկտարի հաշվարկով, բույսերի տեսակային կազմ, նրանց սանիտարա և հոգեհիգիենիկ առանձնահատկությունները և այլն), և հիվանդանոցային տեղամասերի ծավալատարածական կառուցվածքը ձևավորում են բացառապես սաղարթավոր տեսակները։

ԵՊԲՀ, ուսանողական պուրակ

Հիվանդանոցների կանաչապատման մեջ ներկայացված բույսերի կենսաձևերի հարաբերակցության անհամաչափությունից բացի, դրանց բնորոշ է անբավարար տեսակային բազմազանությունը, բարձր դեկորատիվ ծառերի և թփերի փոքրաթիվ օգտագործումը, ինչպես նաև փշատերև տեսակների անթույլատրելի ցածր քանակը։

ԵՊԲՀ կլինիկական հիվանդանոցների կանաչապատման ցուցանիշների բարելավման նպատակով անհրաժեշտ եղավ բույսերի տեսականու փոփոխումը և ընդարձակումը՝ հաշվի առնելով վերջիններիս ֆունկցիոնալ և դեկորատիվ առանձնահատկությունները, մարդու օրգանիզմի վրա նրանց ազդեցությունը։

«Կանաչ սենյակ»

ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցում ստեղծվեց «Կանաչ սենյակ»`հատուկ ընտրած բույսերով, որտեղ բուժվող երեխաները, բույսերի միջոցով վերականգնողական թերապիա անցնելիս, հնարավորություն ունեին ամբողջ տարվա ընթացքում գտնվելու կանաչապատ պայմաններում: Կատարվեց նաև երկու խումբ հիվանդ երեխաների հոգեհուզական վիճակի ուսումնասիրություն: Առաջին խումբը արթ-թերապիա էր անցնում կանաչապատ պայմաններում, ինչպես նաև հնարավորություն  ուներ  իրականացնելու  բույսերի խնամքի գործընթաց։ Երկրորդ խումբն անցնում էր արթ-թերապիա սովորական պայմաններում: Երեխաների հոգեհուզական վիճակը գնահատվել է բուժման առաջին և վերջին օրը և առաջին խմբում դիտվում էին հավաստիորեն ավելի լավ արդյունքներ:

«Մուրացան» հիվանդանոցային համալիր

Բուժական անձնակազմի շրջանում անցկացված հարցման տվյալների հիման վրա բացահայտվեց, որ կանաչապատումը դրականորեն է ազդում բուժաշխատողների առողջության և հոգեհուզական վիճակի վրա:

-Իսկ որո՞նք են այն բույսերը, որոնք «պարտադիր» պետք է լինեն տանը կամ հաստատություններում, հատկապես եթե այնտեղ հաճախ երեխաներ են լինում։

-Շատ կարևոր հարց եք բարձրացնում, քանի որ հաճախ ականատես եմ լինում, ընտրանու կոպիտ խախտումների, որպես բժիշկ ասեմ՝ ինչ չի կարելի։ Կան բազմաթիվ բույսեր, որոնց տարբեր հատվածները թունավոր կամ գրգռող ազդեցություն ունեն, իսկ երեխաները ճանաչում են աշխարհը բերանի խոռոչում գտնվող ընկալիչների միջոցով։ Ուստի շատ կարևոր է, թե ի՞նչ բույս ենք գնում և տանում տուն։ Նույն սկզբունքով՝ մանկական հիմնարկներում և հիվանդանոցներում թե՛ այգում, թե՛ շենքի ներսում արգելվում է տեղադրել նման բույսեր։

Օրինակի համար նշեմ՝ դիֆենբահիան, դափնեվարդը, ագլաոնեման, սպատիֆիլլումը և այլն, բաց տարածքում՝ հովտի շուշանը, դրախտավարդը, բաղեղը, գայլի պտուղը, անտառային մեղրամոմը, բելադոննան, նարգեսը, հիրիկը, հակինթը և այլն։ Վերոգրյալից պարզ է դառնում, որ սա խիստ մասնագիտական մոտեցում պահանջող հարց է։ Բույսեր, որոնք պարտադիր պետք է ունենալ տանը, այդպիսի սկզբունք չկա, բույս խնամելը բավական հոգսաշատ գործընթաց է։ Բայց ապացուցված է, որ օրինակ քլորոֆիտումը ախտոտիչներ կլանելու բարձր ունակություն ունի, Բենջամինի, Ալիի ֆիկուսները և այլն։

Մի գողտրիկ անկյուն Քրիստինե Վարդանյանի այգուց

-Հայաստանի խորհրդանիշերից մեկը նաիրյան դալար բարդին է համարվում ո՞ր ծառի հետ է ասոցացվում Հայաստանը ձեր պատկերացումներում։

-Իրավացի եք, և նշեմ, որ երկար տարիներ երազանք ունեմ երբևիցե ստեղծելու հայկական այգու կոնցեպտ, մեր հայաստանյան բնության հրաշալի բույսերով։ Բարդին իմ սիրած ծառատեսակներից է, Արարատի փեշերին ստեղծված ներդաշնակ տեսարաններով։ Դա հիգիենիկ շատ հզոր ծառատեսակ է, օդի ավազանի ախտահանման և թթվածին արտադրելու եզակի ունակությամբ։

Շատ տեսակներ կան, ես սիրում ու տնկում եմ սպիտակ և արծաթափայլ բարդիները, որոնք ավելի երկարակյաց են ու չեն առաջացնում ծաղկման ժամանակ աղվամազեր։ Ուղղակի խնդիրը նրանում է, որ կանաչապատում իրականացնելուց պետք է հասկանալ և պատկերացնել նույն ծառը հիսուն տարի հետո։

Իմ համար ամենահզոր ծառը սոսին է, իր հսկա սաղարթով, լավագույն միկրոկլիմայական պայմաններ, մեծ ստվերային ծածկ ստեղծելու առումով, վարակների նկատմամբ բավական մեծ կայունությամբ, հարյուրավոր տարիներ ապրելու ունակությամբ։

-Ճապոնական կիրի (պավլովնյա) ծառը, որը թթվածին արտադրող հզոր միջոց է համարվում, արդյո՞ք կարող է հարմարվել Հայաստանի բնակլիմայական պայմաններին և առհասարակ՝ ինչպիսի՞ բույսեր են մեզ հարկավոր մայրաքաղաքի օդի աղտոտվածության և բազմաթիվ այլ խնդիրների հաղթահարման համար։

– Այս հարցի պատասխանը պետք է կենսաբանները տան, քանի որ սա նոր ծառատեսակ է, իսկ կա մի օրենք՝ քաղաքում տեղադրելու համար ցանկացած բույս պետք է անցնի իր ուսումնասիրությունների շարքը Բուսաբանության ինստիտուտում՝ առնվազն հինգ տարի։ Մենք չգիտենք՝ ինչպես է իրան զգում այդ ծառատեսակը մեր կլիմայական պայմաններում երկարաժամկետ կտրվածքով, ինչպես նաև ինչ վնասատուներ ունի, որ հիվանդություններն են բնորոշ և այլն։ Այնպես որ ամեն ինչ այդքան հեշտ չէ, եթե գրագետ ենք ուզում շարժվել քաղաքի կանաչապատման գործընթացներում:

Հարցազրույցը վարեց ՝  Մարինե Ալեխանյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook