Sunday, April 28, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Տղաների եւ աղջիկների հարաբերակցության պահպանման դեպքում կարող ենք խոսել Հայաստանում մշակութային հեղափոխության մասին. մասնագետ

Հայաստանում ծնված տղաների եւ աղջիկների թվի միջեւ տարբերությունը վերջին տարում իրոք կրճատվել է։ Եթե նախկինում 100 աղջկա դիմաց ծնվում էր 114 տղա, ապա 2017-ի սկզբին այդ հարաբերակցությունը նորմային է մոտեցել՝ 100/110։ Սակայն հայերի մենթալիտետի փոփոխության մասին հնարավոր կլինի խոսել միայն մի քանի տարուց, եթե այդ միտումը պահպանվի։ NEWS.am Medicine–ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Վորլդ Վիժն Հայաստան»–ի «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի ղեկավար Սեւան Պետրոսյանը։

«2017-ի սկզբին 100 աղջկա դիմաց ծնվել է 110 տղա, եւ դա բավականին լավ ցուցանիշ է։ Եթե ծնվող տղաների եւ աղջիկների ներկայիս հարաբերակցությունը պահպանվի մի քանի տարի կամ ավելի մոտենա նորմային, մենք կարող ենք վստահորեն ասել, որ Հայաստանում մշակութային հեղափոխություն է տեղի ունեցել, ընդ որում, շատ կարճ ժամկետում»,– նշել է նա։

Նրա խոսքով՝ երբ հայտնի դարձավ այն մասին, որ Հայաստանում սելեկտիվ աբորտների պատճառով աղջիկների թիվը պակասեց, այդ խնդիրը անուշադրության չմատնվեց, քանի որ հասարակական եւ միջազգային կազմակերպությունները զբաղվեցին դրանով։ 2016-ին «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական  իրավունքների մասին» օրենքով արգելվեց սեռով պայմանավորված հղիությունների ընդհատումը։ Զուգահեռաբար զանգվածային կրթական եւ ինֆորմացիոն ծրագրեր են իրականացվել, այդ թվում՝ «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման կանխարգելումը 2015-2017թթ.», որին ներգրավված են եղել որոշ օտարերկրյա կառույցներ եւ տեղական ՀԿ–ներ։ Այդ ամենը, ըստ Սեւան Պետրոսյանի, սկսել է արդյունք տալ, եւ այսօր յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին լսել է սելեկտիվ աբորտների մեւ այն մասին, թե ինչ խնդիրներ կարող է բերել այդ երեւույթը։

Հիշեցնենք, որ 2008-2012թթ. նորածին աղջիկների եւ տղաների հարաբերակցությունը Հայաստանում միջինում կազմում էր 100։115, իսկ 214 թվականին՝ 100։113.4, 2016-ին՝ 100։111.9։  Նշենք, որ սեռերի նորմալ հարաբերակցություն է համարվում 102-106 տղան 100 աղջկա դիմաց։

Հայաստանը մինչեւ վերջերս սելեկտիվ աբորտների թվով աշխարհում երրորդ տեղն էր զբաղեցնում՝ Չինաստանից եւ Ադրբեջանից հետո։  Երկրի որոշ մարզերում խնդիրն ավելի լուրջ է։ Օրինակ՝ Գեղարքունիքի  մարզում 100 աղջկա դիմաց ծնվում է 124 տղա, ինչն աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է։

Փորձագետները կարծում են, որ սեռերի հարաբերակցության խախտումը երկիրը կարող է կանգնեցնել ժողովրդագրական աղետի առաջ։ Արդեն այսօր մինչեւ 20 տարեկան տարիքային խմբում տղաների թիվը աղջիկներին գերազանցում է 40 հազարով։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook