Sunday, April 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Տուռնիկետային համախտանիշի ռիսկի գոտում են նորածիններն ու փոքրիկները. Ինչպե՞ս ախտորոշել

Տուռնիկետային համախտանիշը օրգանի կամ մարմնի ինչ-որ հատվածի շրջանաձև սեղմումն է, որի արդյունքում կարող են առաջանալ անոթանյարդային խանգարումներ, մեռուկացում և նույնիսկ գանգրենա: Չնայած բնորոշ կլինիկական նշաններին, ախտորոշումը միշտ չի որ դրվում է ժամանակին և սպառնում է բազմաթիվ ծանր հետևանքներով:

Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Արարատ Նազանյանը նշում է, որ երեխաների մոտ տեղակայումը լինում է զանազան (ձեռնաթաթի և ոտնաթաթի մատներ, դաստակ, փափուկ քիմքի լեզվակ, լեզու, ականջի բլթակ, պարանոց, առնանդամ, ամորձապարկ, ծլիկ, սեռական շրթեր, պտուկներ և այլն):

Մի շարք հեղինակներ տուռնիկետային համախտանիշի առաջացումը երեխաների մոտ կապում են մայրերի մոտ հետծննդաբերական մազաթափության հետ, որի գագաթնակետը լինում է առաջին 4 ամիսներին: Այդ ժամանակահատվածում մոր և նորածնի շփումը առավելագույնն է: Առկա են դեպքեր, երբ մայրը տարել է քիմիաթերապիա, որի կապակցությամբ նկատվել է մազաթափության շատացում: Տուռնիկետային համախտանիշի առաջացմանը կարող են նպաստել մանկական ձեռնոցների, գուլպաների հաճախակի լվանալը, որի ժամանակ թուլանում է կտորների ամրությունը և առաջանում են թելիկների դուրս բերում: Սպիտակեղենի և շորերի հետ նույն լվացքում երեխայի շորերը լվանալուց առաջանում է ծնողների կամ հարազատների մազերի հայտնվելու վտանգ:

Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի մասնագետները խորհուրդ են տալիս  բոլոր այն դեպքերում, երբ առկա են վերջույթների, մատների ֆալանգների, կամ այլ տեղակայման կարմրություն, այտուց, ցիանոզ և ցավեր, հարկավոր է ցուցաբերել զգոնություն, հնարավոր տուռնիկետային համախտանիշի առկայության վաղ ախտորոշման և բուժման նպատակով: Նորածնային հասակում անհրաժեշտ է անցկացնել տարբերակիչ ախտորոշում ամնիոտիկ ձգաններից, որոնք ավելի հաճախ հանդիպող են, քան տուռնիկետային համախտանիշը:

Բժշկի խոսքով, մեծահասակների մոտ շրջանաձև ճնշման ենթարկվում են հիմնականում ձեռնաթաթի մատները (մարմնի այլ հատվածներ հանդիպում են միայն ուղեղային հետամնացությամբ և հոգեկան խանգարումներով տառապող մարդկանց մոտ):

Տուռնիկետային համախտանիշ կարող են առաջացնել մազերը, մատանիները, տարբեր նյութերից պատրաստված թելերը, ռեզինները և այլն: Երեխաների մոտ հաճախ պատճառ են հանդիսանում մազերը և թելերը (դեպքերի մոտ 80%), իսկ մեծահասակների մոտ՝ մատանիները: Արձանագրված են դեպքեր, երբ սեղմումը տևել է ամիսներ և նույնիսկ տարիներ: Մարդու մազը իդեալական է համախտանիշի զարգացման համար. այն պինդ է, բարակ , ունակ է ձգման, երբ խոնավ է և կրճատման՝ երբ չոր է:

Ախտորոշումը իրականացվում է կլինիկական արտահայտման կամ բարդությունների ժամանակ: Այդ դեպքում փափուկ հյուսվածքային այտուցը հիշեցնում է բորբոքային գործընթաց, կամ մատնաշունչ:

Հետազոտման ժամանակ անհրաժեշտ է վնասված հատվածի մանրակրկիտ հետազոտում խոշորացույցով՝ սեղմման ճեղքի հայտնաբերման նպատակով, որը մազի խորը սեղղման ժամանակ միշտ չի որ հեշտությամբ կարելի է հայտնաբերել, առավելապես այն դեպքում, երբ սեղման օղակի վրա սկսում է առաջանալ էպիթելային ռեգեներացիա: Այն դեպքում, երբ հնարավոր չէ հեռացնել մազը, այն անհրաժեշտ է ուղղակի հատել: Այն դեպքում, երբ անհնար է վերացնել սեղմումը և մազի հեռացումը, նպատակահարմար է կատարել երկայնակի կտրվածք ինֆիլտրացված հյուսվածքների սեղման տեղում մինչև ոսկր, որն երաշխավորում է սեղման համախտանիշի վերացում և ծանր բարդությունների կանխարգելում:

Նյութը՝  aysor.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook