Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ցանկացած մաշկային փոփոխություն դեռ ալերգիայի դրսևորում չէ. մասնագետ

Շատերը ցանկացած մաշկային փոփոխություն վերագրում են ալերգիային, բայց դրանք միշտ չէ, որ ալերգիայի դրսևորում են, շատ ավելի հաճախ կարող են ինֆեկցիաների հետևանք լինել: Իսկ ալերգիան օրգանիզմի սխալ պատասխանն է արտաքին ազդակներին, որոնց դեմ մեր օրգանիզմը փորձում է պայքարել այդ ձևով և վնասում է սեփական հյուսվածքները:

 «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանի հետ զրույցում անդրադարձել ենք ալերգիայի դրսևորումներին, առաջարկվող լուծումներին և մի քանի կարևոր հարցերի:
 Այն հարցին, թե ալերգիան բացի մեզ բոլորիս հայտնի քորից, մաշկի կարմրությունից և բշտիկների առաջացումից, ուրիշ ի՞նչ ձևով է դրսևորվում, մասնագետը պատասխանեց, որ ալերգիան դրսևորվելու շատ տարբեր ձևեր ունի. բացի նշված տարբերակներից՝ սննդային ալերգիաների դեպքում հաճախ եղնջացան է լինում:

«Այն մաշկից բարձրացող և 24 ժամվա ընթացքում իր տեղակայումը փոխող ցան է, որը որոշակի սննդատեսակներ օգտագործելուց հետո, եթե մարդը ունի ալերգիա, կարող է հայտնվել մարմնի տարբեր հատվածներում: Իսկ եթե խոսենք այլ դրսևորումների մասին, որոնք բնորոշ են գարնանային ամիսներին, դրանք ալերգիկ հարբուխներն են: Սրանք դրսևորվում են քթի փակվածությամբ, աչքերի և քթի քորով, փռշտոցներով: Որոշ դեպքերում էլ, երբ ախտահարվում են նաև ստորին շնչուղիները, կարող են լինել հազ, դժվարաշնչություն, որոնք արդեն ասթմայի նշաններ են, և սրանք կարծես կարմիր լույս լինեն, որ մարդը պետք է դիմի բժշկի»,- ասաց մասնագետը:

«Շատերը մտածում են, որ ծայրահեղ  մաքրասեր լինելը՝ ձեռքերը չափազանց հաճախ լվանալը, ախտահանելը, տանից դուրս չգալը կփրկեն ալերգիաներից, բայց այդպես չէ: Չափից շատ մաքուր, ինչպես նաև ծայրաստիճան կեղտոտ միջավայրը շատ բարենպաստ պայմաններ է ստեղծում ալերգիաների համար, այդ իսկ պատճառով մենք պետք է գտնենք այն միջինը, որը հնարավորություն  կտա հանգիստ շփվել բնության հետ, առողջ կենսակերպ վարել, բայց միևնույն ժամանակ պահպանել նորմալ հիգիենա և խուսափել ալերգիկ դրսևորումներից»,- ասաց Աստղիկ Բաղդասարյանը:

Ինչու՞ են ալերգիաները գլուխ բարձրացնում գարնանը, ինչպե՞ս կանխել դրանք և մեղմել իրավիճակը: Արդյոք հնարավո՞ր է պայքարել ալերգիայի դեմ, առանց դեղորայքի: Ինչպե՞ս խուսափել  ալերգիկ երևույթներ առաջացնող փոշուց և ո՞ր պահից սկսած պետք է մարդը հասկանա, որ անհրաժեշտ է դիմել բժշկի:

Այս ամենի մասին առաջարկում ենք տեղեկանալ՝ լսելով պոդքաստը:

Շարքի հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Leave a Reply

x Close

Like Us On Facebook