Sunday, April 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

12 օգտակար խորհուրդ՝ սրտխառնոցից ազատվելու և ինքնազգացողությունը բարելավելու համար

Սրտխառնոցը կարող է լինել առողջական տարբեր խնդիրների և անգամ սթրեսի ախտանշան: Սա շատ տհաճ խնդիր է, սակայն կան պարզ միջոցներ, որոնք կօգնեն բարելավել հիվանդի ինքնազգացողությունը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 12 խորհուրդ՝ սրտխառնոցից ազատվելու և ինքնազգացողությունը բարելավելու համար:

1.      Չպառկել

Երբ մարդը հորիզոնական դիրքով է լինում, ստամոքսահյութը կարող է կերակրափողով վեր բարձրանալ՝ էլ ավելի վատացնելով մարդու վիճակը և առաջացնելով տհաճ զգացողություններ: Սա է պատճառը, որ ուտելուց հետո խորհուրդ չի տրվում պառկել՝ հատկապես, եթե մարդը տառապում է թթվային ռեֆլյուքսից: Բացի այդ, հարկավոր է թուլացնել մկանները, որպեսզի ստամոքսը չսեղմվի: Առհասարակ սրտխառնոցի ժամանակ հարկավոր է նստել և հնարավորինս քիչ շարժվել:

2.      Բացել պատուհանը կամ նստել օդափոխիչի առջև

Սրտխառնոցի դեպքում հարկավոր բացել պատուհանը կամ նստել օդափոխիչի առջև՝ տհաճ հոտերից խուսափելու համար: Թարմ օդը կօգնի բարելավել հիվանդի վիճակը:

3.      Սառը կոմպրես դնել

Սրտխառնոցի ժամանակ կարող է բարձրանալ մարմնի ջերմաստիճանը, ուստի խորհուրդ է տրվում պարանոցի ետևի հատվածին մի քանի րոպե սառը կոմպրես դնել: Կոմպրեսը կօգնի իջեցնել մարմնի ջերմաստիճանը և մեղմել սրտխառնոցը:

4.      Խորը շնչել

Հանգիստ ու խորը շնչելը հատկապես օգտակար է, եթե սրտխառնոցը պայմանավորված է սթրեսով կամ տագնապով: Հարկավոր է քթով խորը շնչել, երեք վայրկյան պահել շնչառությունը և դանդաղ արտաշնչել: Այս գործողությունն անհրաժեշտ է կրկնել մի քանի անգամ:

5.      Կենտրոնացնել ուշադրությունը որևէ այլ բանի վրա

Որքան շատ է մարդը մտածում սրտխառնոցի մասին, այնքան շատ է վատանում նրա ինքնազգացողությունը: Մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրությունը կենտրոնացնել որևէ այլ բանի վրա: Օրինակ՝ կարելի է գիրք կարդալ կամ ֆիլմ դիտել, իսկ աշխատավայրում պարզապես կենտրոնանալ աշխատանքի վրա:

6.      Հնարավորինս շատ հեղուկ օգտագործել

Սրտխառնոցը կարող է լինել օրգանիզմի ջրազրկման ախտանշան, սակայն միանգամից մեծ քանակությամբ հեղուկ օգտագործելու դեպքում ինքնազգացողությունը կարող է էլ ավելի վատանալ: Ջուրը հարկավոր է խմել փոքր կումերով և ամբողջ օրվա ընթացքում: Եթե պարզապես ջուր խմելու ցանկություն չկա, ապա կարելի է ջրին մրգերի կտորներ ավելացնել կամ խմել առանց կոֆեինի թեյ:

7.      Խմել երիցուկի թեյ

Երիցուկը շատ հայտնի ժողովրդական միջոց է, որն օգնում է ազատվել սրտխառնոցից: Բացի այդ, այն հանգստացնում է և օգնում է ազատվել անքնությունից: Հարկավոր է մեկ ճաշի գդալ երիցուկին ավելացնել մեկ բաժակ եռման ջուր, հինգ րոպե թրմել, այնուհետև քամել և խմել:

8.      Կիտրոն օգտագործել

Կիտրոնը պարունակում է մարսողության համար շատ օգտակար կիտրոնաթթու: Եթե սրտխառնոցի պատճառը փորկապությունն է, ապա կարելի է ակտիվացնել աղիների աշխատանքը կիտրոնի հյութով գոլ ջրով: Սակայն հարկավոր է զգույշ լինել, քանի որ մեծ քանակությամբ կիտրոնաթթուն կարող է էլ ավելի ուժեղացնել սրտխառնոցը: Սրտխառնոցի դեպքում շատ օգտակար կարող է լինել անգամ կիտրոնի բույրը: Այս դեպքում կարելի է օգտագործել կիտրոնի եթերայուղ կամ թարմ կիտրոնի շերտեր:

9.      Մի կտոր կոճապղպեղ ուտել

Կոճապղպեղն օժտված է փսխումը կանխող հատկությամբ, ուստի սրտխառնոցի դեպքում կարելի է մի կտոր թարմ կամ շաքարավազով պատրաստված կոճապղպեղ ուտել կամ կոճապղպեղով թեյ խմել:

10.  Անանուխի թուրմ խմել

Սրտխառնոցից ազատվելու համար կարելի է անանուխի թեյ խմել կամ անանուխի դեղապատիճներ ընդունել: Շատ արդյունավետ է նաև անանուխի եթերայուղի կամ թարմ անանուխի տերևների բույրը:

11.  Չխմել գազավորված ըմպելիքներ

Նման ըմպելիքներում պարունակվող գազն առաջացնում է փորափքանք և թթվային գխտոց: Բացի այդ, նման ըմպելիքները պարունակում են մեծ քանակությամբ շաքար, ինչը նույնպես կարող է ուժեղացնել սրտխառնոցը: Եթե գաղավորված ըմպելիքից բացի այլ ըմպելիք չկա, ապա պետք է սպասել մինչև դրանում պարունակվող գազը դուրս գա:

12.  Չուտել դժվարամարս սնունդ

Սովորաբար սրտխառնոցից հետո ինքնազգացողությունը բարելավելու համար խորհուրդ է տրվում ուտել բանան, բրինձ կամ խնձորի խյուս: Բացի այդ, կարելի է մի փոքր մակարոն (առանց որևէ սոուսի), կարտոֆիլի խյուս կամ խաշած ձու ուտել: Հարկավոր է բացառել տապակած մթերքը, կաթնամթերքը, միսը և մանրաթելերով հարուստ մթերքը:

Բացի այդ, հարկ է հիշել, որ եթե սրտխառնոցն ուղեկցվում է այլ ախտանշաններով, ապա հարկավոր է դիմել բժշկին, քանի որ դա կարող է լինել առողջական որևէ լուրջ խնդիր ախտանշան: Օրինակ՝ կրծքավանդակի ցավով ուղեկցվող սրտխառնոց կարող է լինել սրտամկանի կաթվածի ախտանշան, իսկ գլխացավով ուղեկցվող սրտխառնոցը՝ նյարդային համակարգի հետ կապված խնդիրների:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook