Sunday, April 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

9 պատճառ, որոնցով կարող է պայմանավորված լինել աչքերի տակ պարկերի առաջացումը

Աչքերի տակ պարկերի առաջացումը բավական տհաճ կոսմետիկ խնդիր է, որից ազատվելու համար հարկավոր է առաջին հերթին պարզել դրանց առաջացման պատճառը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 9 հավանական պատճառ, որոնցով կարող է պայմանավորված լինել աչքերի տակ պարկերի առաջացումը:

Երիկամների խանգարումներ

Աչերի տակ առաջացած պարկերը կարող են վկայել երիկամային լուրջ հիվանդությունների մասին, որոնք կարող են շատ վտանգավոր լինել: Եթե այտուցները չափազանց ակնհայտ են ու չեն անցնում երկար ժամանակ, ապա հարկավոր է անպայման բուժզննում անցնել:

Սրտանոթային հիվանդություններ

Նման պարկերի առաջացման պատճառ կարող է դառնալ պերիֆերիկ հյուսվածքներում արյան լճացումը, ինչը պայմանավորված է լինում սրտանոթային հիվանդություններով: Կոպերի այտուցվածությունը կարող է հուշել սրտային անբավարարության, զարկերակային գերճնշման և անգամ սրտամկանի բորբոքման մասին, ուստի հարկավոր է շատ զգոն լինել:

Ներզատական (էնդոկրին) համակարգի հետ կապված խնդիրներ

Վահանագեղձի դիսֆունկցիայի պատճառով առաջացած նյութափոխանակության խանգարումը նույնպես կարող է նպաստել աչքերի տակ պարկերի առաջացմանը: Նման դեպքերում նկատվում է նաև գերհոգնածություն, տոնուսի ու տրամադրության անկում և անքնություն:

Ժառանգական հակվածություն ու տարիք

Երեխաների կամ դեռահասների աչքերի տակ առաջացած ու այլևս չանհետացած պարկերը կարող են պայմանավորված լինել գենետիկ նախատրամադրվածությամբ: Բացի այդ, նման պարկեր կարող են առաջանալ նաև օրգանիզմի ծերացմամբ պայմանավորված տարիքային փոփոխությունների հետևանքով:

Հորմոնալ փոփոխություններ

Կանանց մոտ աչքերի տակ պարկերի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ հորմոնալ ֆոնի անկայունությունը, ինչը բնորոշ է դաշտանային ցիկլի որոշ փուլերին: Ամսվա որոշ ամիսներին կանանց օրգանիզմն սկսում է հյուսվածքներում հեղուկ կուտակել, ինչն անդրադառնում է նաև դեմքի վրա:

Քթի խոռոչների հիվանդություններ

Այս հիվանդությունները նույնպես կարող են դառնալ ստորին կոպի այտուցների պատճառ: Ընդ որում, այս դեպքում այտուցներն ուղեկցվում են նաև ճակատի ու քթի ցավով և բարձր ջերմությամբ:

Ալերգիաներ

Ալերգիաների ժամանակ արտազատվում է հիստամին, որը լայնացնում է արյունատար անոթներն ու բարձրացնում է երակների թափանցելիությունը, ինչն էլ հանգեցնում է այտուցների առաջացման:

Կոսմետիկ միջոցների սխալ գործածություն

Կոպերի հատվածի մաշկը մեծ քանակությամբ քսուքներով մշակելու դեպքում պարկերի առաջացումից խուսափել չի հաջողվի:

Կենսակերպ

Արևի ազդեցությունը, ծխախոտի, ալկոհոլի, աղի ու շաքարի չարաշահումն ու չափազանց տաք լոգանքները նույնպես հանգեցնում են աչքերի տակ պարկերի առաջացման: Նման դեպքերում խնդրից ազատվելու համար հարկավոր է առաջին հերթին փոխել կենսակերպը:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook