Աղիքային ցուպիկ, խմորասնկեր և բորբոսասնկեր. կաթնաշոռի 10 նմուշից միայն 2-ում խախտում չկա. «Հետք» (տեսանյութ)
«Հետք»-ը շարունակում է սննդամթերքի փորձաքննությունների շարքը։ 2023թ. մարտի 2-ին փորձաքննության ենք ներկայացրել շուկայում լայն սպառում ունեցող կաթնաշոռի 10 նմուշ։
Այս անգամ մեր փորձաքննությանն ավելացրել ենք նոր բաղադրիչ. նախքան լաբորատորիա հանձնելը, կաթնաշոռները տարել ենք Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետ՝ մեկ նմուշ կույր համտեսի, մնացածը՝ դիմազերծման համար (կաթնաշոռը լաբորատորիայում տեղափոխվել է ստերիլ տարայի մեջ, համարակալվել և ուղարկվել է փորձաքննության)։
Կաթնաշոռի կույր համտեսին մասնակցել են ֆակուլտետի ուսանողները` գնահատելով ապրանքների համը, հոտն ու որակական հատկանիշները։ Համտեսի վերջում նրանք պետք է քվեարկեին իրենց նախընտրած միայն մեկ նմուշի օգտին։
Ոլորտի մասնագետները մեկնաբանել են փորձաքննության արդյունքները, խոսել խախտումների առաջացման պատճառների ու հնարավոր հետևանքների մասին։
Հրապարակման պահին փորձաքննված նմուշների ժամկետները լրացած են, և դրանց խմբաքանակն արդեն չի վաճառվում խանութներում։
Կաթնաշոռ. նորմերն ու շեղումները
Կաթնաշոռը կաթնաթթվային սննդամթերք է, որի բաղադրության մեջ մտնում են ամինաթթուներ (սպիտակուցներ), վիտամիններ (A, C, D և B խմբի տարրեր), ֆոլաթթու, երկաթ, կալցիում, պղինձ, մագնեզիում, նատրիում, ֆտոր, ցինկ և ֆոսֆոր։
Մասնավորապես, 72 ժամ և ավելի պահպանվող կաթնաշոռում (տեղական արտադրության կաթնաշոռի պահպանման ժամկետը միջինը 4-6 օր է (96-144 ժամ), ) խմորասնկերի թույլատրելի սահմանը պետք է լինի 100 ԳԱՄ/գ-ից, իսկ բորբոսասնկինը՝ 50 ԳԱՄ/գ-ից ոչ ավելի: Իսկ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ընդհանրապես պետք է չլինի։
«Աղիքային ցուպիկի խմբի մանրէների առկայության հիմնական պատճառը սանիտարահիգիենիկ նորմերի խախտումն է՝ հումքի հավաքման կամ արտադրական պրոցեսի ընթացքում։ Լինում է մարդու ներգործությունից կամ արտադրական պրոցեսի ստերիլությունից»,- ասում է կենսաբանական գիտությունների թեկնածու, «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիայի ղեկավար Կարեն Դարբինյանը։
ԱՑԽՄ-ն մարդու միջամտությամբ է առաջանում, իսկ խմորասնկերն ու բորբոսասնկերն արտադրական պրոցեսում ի հայտ եկող շեղումներ են։
Կաթնաշոռում խմորասնկերի և բորբոսասնկերի նորմայից ավելի լինելը կարող է վկայել արտադրական պրոցեսում խախտումների, օդային տարածքներում առկա խմորասնկերի և բորբոսասնկերի առկայության մասին։
Մանրամասները՝ տեսանյութում