Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Անորեքսիա

Նյարդային անորեքսիան կամ, որ ավելի ճիշտ է, հոգեկան անորեքսիան, ախորժակի հիվանդագին բացակայությամբ ընթացող հոգեկան հիվանդություն է: Այն արտահայտվում է սննդից հրաժարումով, քաղցի զգացումի դեմ տառապալից պայքարով, նիհարելու ձգտումով և այլն: Կարճ ժամանակի ընթացքում հիվանդությունը հանգեցնում է արագահաս նիհարելուն, հյուծվելուն, իսկ երբեմն՝ նույնիսկ մահվան: Հիվանդության հիմնական պատճառը կարծեցյալ գեր լինելու մասին մարդու հիվանդագին (զառանցանքային) համոզվածությունն է:

Անորեքսիայով հիվանդանում են հիմնականում 14-18, երբեմն՝ 20-30 տարեկան աղջիկներն ու կանայք, հազվադեպ՝ նաև տղաները: Լինելով հոգեկան հիվանդություն, այն ավելի շատ դրսևորվում է մարմնական տարաբնույթ խանգարումներով: Հիվանդությանը բնորոշ են դաշտանադադարը, սրտի աշխատանքի դանդաղումը, զարկերակային արյան ճնշման իջեցումը, մաշկի և լորձաթաղանթների չորությունը, փորկապությունը, մարմնի ջերմաստիճանի իջեցումը և այլն:

Ախորժակի բացակայությամբ ընթացող խանգարումները կարող են հանդիպել նաև նևրոզների, փսիխոպաթիաների, ուղեղի օրգանական ախտահարումների, շիզոֆրենիայի, դեպրեսիայի ժամանակ: Ուստի հոգեբույժի խնդիրն է առաջին հերթին կատարել տարբերակիչ ախտորոշում՝ հիվանդության առաջացման պատճառը հայտնաբերելու և հետագա բուժումը արդյունավետ կազմակերպելու համար:

Հիվանդությունը զարգանում է դանդաղորեն: Հաճախ դրան կարող են նախորդել մտավոր կամ ֆիզիկական լարվածությունն ու գերհոգնածությունը: Հիվանդները, հարազատների համառ պահանջներից հետո, բժշկի են դիմում միայն այն ժամանակ, երբ արդեն իսպառ հյուծվել են, դարձել անաշխատունակ կամ անկողնային: Բնորոշ է, որ հիվանդները անտարբեր լինելով իրենց ֆիզիկական ծանր վիճակի նկատմամբ, ձգտում են չթուլացնել իրենց սոցիալական ակտիվությունը՝ ուսումը, աշխատանքը, խմբակներ հաճախելը և այլն, ինչը, սակայն, նրանցից մեծ ճիգեր է պահանջում և էլ ավելի քայքայում առողջությունը:

Հիվանդության ծանր դեպքերում հիվանդներն իրենք են ձգտում արագորեն նիհարել՝ հաճախակի կշռվում են, լուծողական խմում, հոգնա անում, փսխեցնող դեղեր գործածում, ֆիզիկական աշխատանք կամ վարժություններ կատարում, ձգտում շարունակ գտնվել շարժման մեջ և այլն: Հոգեկան անորեքսիայի բուժումը կատարում են հոգեբույժները և հոգեթերապևտները՝ հիվանդին առաջարկելով համապատասխան դեղեր եւ հոգեթերապիայի մեթոդներ: Առաջին հերթին կատարվում է ընդհանուր կազդուրիչ բուժում եւ զուգահեռ՝ բուժվում հիմնական հոգեկան հիվանդությունը:

 

Ապրեք առողջ…

Leave a Reply

x Close

Like Us On Facebook