Աշխարհի առաջատար կլինիկաների ուռուցքաբանները կժամանեն Հայաստան՝ մասնակցելու տարվա բժշկագիտական կարևորագույն իրադարձությանը
Մայիսի 19-21-ը Հայաստանում առաջին անգամ հյուրընկալվելու է մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական կոնգրեսը: Հայաստանը կդառնա հարթակ, որտեղ աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները կկիսվեն մանկական ուռուցքաբանության բնագավառում տարվա հայտնագործություններով, գիտական նորարարություններով։ Հատկանշական է, որ այս համաժողովը հետխորհրդային տարածաշրջանում մինչ այս մեկ անգամ է եղել՝ Մոսկվայում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, իմունաուռուցքաբանության հետազոտական ինստիտուտի տնօրեն Գևորգ Թամամյանը համոզմունք հայտնեց՝ համաժողովը մեր երկրի համար դառնալու է տարվա բժշկագիտական կարևորագույն իրադարձությունը։
Հայաստան կայցելեն մանկական քաղցկեղի մասնագետներ աշխարհի ամենախոշոր կենտրոնից՝Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցից, Հարվարդի համալսարանից, Վիեննայից, Իտալիայից, Բրյուսելից, Իսպանիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Թայվանից, Հնդկաստանից, Մերձավոր արևելքից… Մեր զրուցակցի բնորոշմամբ՝ Հայաստանն այդ օրերին դառնալու է մանկանան ուռուցքաբանության աշխարհի կենտրոններից մեկը։
«Համոզված եմ՝ Հայաստանում անցկացվելիք կոնգրեսը նմանատիպ կոնգրեսների մեջ աննախադեպ է լինելու։ Դա են փաստում և՛ իրենց մասնակցությունը հաստատած երկրների թիվը, և այն, որ սա թեև միջազգային միության ասիական կոնգրեսն է, բայց իրենց մասնակցությունն են հաստատել նաև եվրոպական և լատինաամերիկյան միությունների նախագահները։ Աշխարհագրությունը միայն ասիական կոնգրեսի մասնակիցներով չի սահմանափակվելու»,- նկատեց Գևորգ Թամամյանը:
Հայաստանում տարեկան շուրջ 100 երեխայի մոտ քաղցկեղ է ախտորոշվում: Երեխաներից 75-ը լիովին ապաքինվում են։ Հենց այս թվերն էլ հաշվի առնելով՝ Գևորգ Թամամյանը վստահեցնում է՝ մանկական ուռուցքաբանությունը և արյունաբանությունը Հայաստանի ամենաակտիվ և ամենաարագ զարգացող ոլորտներից է։
Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական կոնգրեսը Հայաստանում իրականանալու է ՀՀ առողջապահության նախարարության , Երևանի պետական բժշկական համալսարանի և Արյունաբանական կենտրոնի համատեղ ջանքերով։ Համաժողովը կանցկացվի Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:
Նելլի Մարգարյան
Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի