Tuesday, May 7, 2024
Նորություններ

Առաջնային օղակի բուժաշխատողները սոցիալապես շատ ավելի պաշտպանված կլինեն. Առողջապահության նախարար

Առաջնային բուժօգնության ոլորտում սպասվում են դրական տեղաշարժեր՝ սկսած աշխատավարձերի բարձրացումից, տեղամասային սպասարկում իրականացնող բժիշկների աշխատանքային գրաֆիկի թեթևացումից: Պոլիկլինիկաներին առնչվող առաջիկա  փոփոխությունների մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա այցի ժամանակ, որտեղ բուժհաստատության աշխատակիցներից հետաքրքրվել է նրանց աշխատանքային խնդիրներով ու բուժօգնության տրամադրման հարցերով:

Առողջապահության նախարարին ուղեկցել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը: Նրանց հետ զրույցում պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանը բարձրացրել է համակարգային մի շարք խնդիրներ, մասնավորապես, ծննդօգնության մատուցման որոշ չափորոշիչների վերանայում, պոլիկլինիկաներում հաշվառվելու կարգի հստակեցում, որոշ կաբինետների գերծանրաբեռնվածության թեթևացում, և ամենակարևորը՝  աշխատանքին խիստ անհամարժեք ցածր աշխատավարձեր:

30-5

«Առաջնային օղակի բուժաշխատողներին սոցիալապես շատ ավելի պաշտպանված դարձնելու հարցը մեր օրակարգում է: Այժմ քննարկում ենք դրան հասնելու առավել արդյունավետ ուղիները, իսկ այդպիսիք մի քանիսն են»,-շեշտել է Թորոսյանը:

Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան մեկ տարի առաջ է բարերարների միջոցներով վերանորոգվել, վերազինվել, համալրվել անհրաժեշտ բուժտեխնիկայով: Իր հերթին աջակցություն է ցուցաբերել նաև Երևանի քաղաքապետարանը: Նախարարը շրջել է պոլիկլինիկայի տարբեր բաժիններով, սենյակներով, ծանոթացել աշխատանքների ընթացքին:

Արսեն Թորոսյանն այցելել է նաև Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն, որը ևս արդեն բոլորովին նոր վիճակով է ընդունում պացիենտներին՝ վերանորոգված և վերազինված: Ծննդատան տնօրեն Կարեն Կուտոյանը նշել է, որ պատրաստ են նույնիսկ ծանր դեպքերում արագ և արդյունավետ բուժօգնություն տրամադրելու:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook