
ՄԻՖ. Եթե Դուք բուսակեր եք՝ նշանակում է, որ ունեք արյան մեջ երկաթի պակաս և չեք կարող արյան դոնոր լինել:

ՓԱՍՏ. Բուսակերները կարող են արյան դոնոր լինել: Երկաթի անհրաժեշտ քանակությունը օրգանիզմը ստանում է հիմնականում ներքին պահուստներից: Արյունատվությունից հետո օրգանիզմը ինքնուրույն վերականգնում է բալանսը, ինչը նորմայում տևում է մոտ մեկ ամիս։

ՄԻՖ. Արյունատվությունը ցավոտ է։

ՓԱՍՏ. Դոնորները ցավ զգում են ասեղի ծակոցից։ Իրականում մատից արյուն վերցնելն ավելի ցավոտ է քան երակից։

ՄԻՖ. Օրգանիզմում ի սկզբանե կա սահմանափակ քանակությամբ արյուն և արյունատվությունը նորմալ չէ։

ՓԱՍՏ. Արյունատվության ժամանակ վերցվում է ընդնամենը 350-450 մլ արյուն։ Օրգանիզմում կա բավականաչափ արյուն այս պրոցեսը առանց որևէ կողմնակի երևույթների տանելու համար։ Արյունատվությունից հետո օրգանիզմը նոր արյուն է գեներացնում լրացնելով պակասը։

ՄԻՖ. Տարիքը սահմանափակող գործոն է արյունատվության համար։

ՓԱՍՏ. Յուրաքանչյուր 18-60 տարեկան առողջ մարդ կարող է արյան դոնոր լինել:

ՄԻՖ. Արյունատվությունից հետո չեք կարող զբաղվել սպորտով կամ այլ ֆիզիկական վարժություններով։

ՓԱՍՏ. Արյունատվությունը չի ազդում անձի ֆիզիկական ունակությունների վրա։ Խորհուրդ է տրվում խուսափել ծանր ֆիզիկական լարվածությունից միայն արյունատվությունից հետո՝ նույն օրվա ընթացքում և կարող եք վերադառնալ Ձեր նորմալ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը հենց հաջորդ օրվանից սկսած։

Արյունատվության մասին հաճախ տրվող հարցերին անդրադարձավ Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիայի ղեկավար, Արյունաբանական կետի պատասխանատու Գայանե Պետրոսյանը: