Saturday, April 27, 2024
Նորություններտեսանյութեր

Սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների 95 տոկոսը երեխաներ են. ՀՎԿԱԿ

Բուժհաստատություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների 95 տոկոսը երեխաներ են։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը:

Նա նշեց, որ հոկտեմբերից մեկնարկել է գրիպի եւ սուր շնչառական վարակների սեզոնը, ինչով պայմանավորված ՀՎԿԱԿ–ի կողմից իրականացվում է օրական մշտադիտարկում:

Այդ մշտադիտարկման արդյունքների հիման վրա պարզվել է, որ այս պահի դրությամբ սեզոնով պայմանավորված հանրապետությունում առկա է սուր շնչառական վարակների եւ գրիպի միջին ակտիվություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 1,1 անգամ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2–ին ՀՎԿԱԿ–ը հայտնել էր Հայաստանում խոզի գրիպի հարուցիչի շրջանառելու մասին։

Հայաստանում խոզի գրիպի վիրուսի հարուցիչ է հայտնաբերվել

«Բացի գրիպից մենք ունենք եւ շնչառական վարակներ, ինչպիսիք են եւ ռինովիրուսը, ադենովիրուսը, բոկավիրուսը, նաեւ կորոնավիրուսի հարուցիչներ:

Անցած տարի չենք ունեցել գրիպի A  տեսակի H1N1 ենթատեսակը, բայց ունեցել ենք գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչ», – ասաց նա։

Մասնագետի տվյալներով, նոյեմբերի 3-ի դրությամբ պոլիկլինիկաներ դիմողների 72 տոկոսը կազմել են 0-18 տարեկան երեխաները:

«Բուժհաստատություններում հոսպիտալացվածների 95 տոկոսը եւս 0-18 տարեկաններն են: Նրանց մեջ 70 տոկոսը կազմում են 0-4 տարեկան երեխաները, քանի որ իրենց մոտ առավել ծանր է ընթանում հիվանդությունը՝ տարիքով պայմանավորված: Այս պահին վերակենդանացման բաժանմունքում ունենք 4 երեխա, որոնց վիճակը գնահատվում է նորմալ, ուղղակի քանի որ 0-4 տարեկան են, բուժում են ստանում վերակենդանացման բաժանմունքում: Արհեստական շնչառական սարքին միացված երեխաներ չունենք»,-ասաց Եվգենյա Խաչատրյանը:

Մասնագետը նշեց, որ գրիպի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է:

«Այս պահին պատվաստում կարելի է ստանալ եւ պոլիկլինիկաներում, եւ շարժական կետերում: Հիվանդությունը առավել ծանր ընթանում է ռիսկի խմբերում: Դրանք են 6 ամսականից 5 տարեկան երեխաները, 65-ից բարձր մեծահասակները, խրոնիկ հիվանդություն ունեցողները, նաեւ բուժաշխատողները, փակ կազմակերպություններում աշխատողները եւ բնակիչները», – ասաց նա։

 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook