Tuesday, May 7, 2024
ՀայտարարություններՆորություններ

Բժիշկի մոտ խորհրդատվություն՝ առցանց տարբերակով․ Առողջապահության նախարարի նոր հրամանը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 8-ին հրաման է ստորագրել, որով սահմանել է  հեռաբժշկության իրականացման կարգը, ներառյալ՝ ընթացակարգում ներառվող պարտադիր պահանջները։

Iravaban.net-ը հայտնում է, որ հրամանն ուժի մեջ է մտնում հուլիսի 22-ին։

 

ՀԵՌԱԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԵՐԱՌՅԱԼ՝ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1․ Նշված կարգով կարգավորվում են բժիշկների, ինչպես նաև բժշկի և պացիենտի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ հեռահար խորհրդատվություն իրականացնելու, ինչպես նաև ընթացակարգում ներառվող պարտադիր պահանջների հետ կապված հարաբերությունները:

2. Հեռաբժշկական խորհրդատվությունն իրականացվում է առցանց միջավայրում, ձայնագրելու և այդ ձայնագրությունը պահպանելու հնարավորություն ունեցող ծրագրային հավելվածի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով:

3. Բժիշկների, ինչպես նաև բժշկի և պացիենտի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ հեռահար խորհրդատվություն իրականացնելու համար խորհրդատվություն տրամադրող բժիշկները պետք է գրանցված լինեն Համակարգում:

4. Բժիշկների միջև` առանց պացիենտի անձնական մասնակցության իրականացվող հեռաբժշկական խորհրդատվությունն ընթանում է բժիշկների համաձայնությամբ, որի ընթացքում ներկայացվում են պացիենտի ապանձնավորված տվյալները։

5. Սույն կարգի 4-րդ կետում ներկայացված հեռաբժշկական խորհրդատվությունը կարող է իրականացվել պացիենտի (կամ նրա օրինական ներկայացուցչի) ներկայությամբ:

6. Բժշկի և պացիենտի միջև իրականացվող հեռաբժշկական խորհրդատվությունն ընթանում է բժշկի և պացիենտի (կամ նրա օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ:

7. Բժշկի և պացիենտի միջև իրականացվող հեռաբժշկական խորհրդատվության դեպքում խորհրդատվություն տրամադրող բժիշկն իրավունք ունի սկսելու հեռաբժշկական խորհրդատվությունը` միայն պացիենտի (կամ նրա օրինական ներկայացուցչի) նույնականացման, ինչպես նաև պացիենտի օրինական ներկայացուցչի օրինականությունը վավերացնող փաստաթղթի առկայության դեպքում։

8. Պացիենտի կյանքին սպառնացող վտանգի դեպքում առանց պացիենտի (կամ նրա օրինական ներկայացուցչի) համաձայնության բուժող կամ հերթապահ բժշկի որոշմամբ կարող է կազմակերպվել հեռաբժշկական խորհրդատվություն:

9. Հեռաբժշկական խորհրդատվությունն իրականացվում է հետևյալ դեպքերում․

1) եթե պացիենտը, իսկ 16 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված պացիենտի դեպքում` նաև նրա օրինական ներկայացուցիչը, ֆիզիկապես անկարող է ինքնուրույն դիմել բժշկական կազմակերպություն.

2) եթե տվյալ պահին պացիենտի (կամ նրա օրինական ներկայացուցչի) կամ խորհրդատվություն տրամադրող բժշկի գտնվելու վայրը թույլ չի տալիս կազմակերպել այցելություն.

3) խորհրդատվություն տրամադրող բժշկի, բուժող բժշկի և պացիենտի (կամ նրա օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ, նույնիսկ եթե առկա չեն սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված հանգամանքները։

10. Հեռաբժշկական խորհրդատվությունը կարող է ընդհատվել.

1) պացիենտի (կամ նրա օրինական ներկայացուցչի) նախաձեռնությամբ` հեռաբժշկական խորհրդատվության ցանկացած ժամանակահատվածում, բացառությամբ պացիենտի կյանքին սպառնացող վտանգի դեպքում:

2) խորհրդատվություն տրամադրող բժշկի նախաձեռնությամբ՝ պացիենտի (կամ նրա օրինական ներկայացուցիչը) կողմից տնային պայմաններում օգտագործման համար նախատեսված սարքավորումներով իրականացվող և մասնագետի մասնակցություն չպահանջող հետազոտությունների ճշգրտության վերաբերյալ կասկածների դեպքում.

3) խորհրդատվություն տրամադրող բժշկի նախաձեռնությամբ՝ եթե հեռաբժշկական խորհրդատվության ընթացքում խորհրդատվություն տրամադրող բժիշկը պարզում է, որ անհրաժեշտ է կազմակերպել պացիենտի, իսկ 16 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված պացիենտի դեպքում նաև նրա օրինական ներկայացուցչի այցելություն բժշկական կազմակերպություն.

4) խորհրդատվություն տրամադրող բժշկի նախաձեռնությամբ՝ եթե նա հեռաբժշկական խորհրդատվության ընթացքում պարզում է, որ պացիենտի առողջական վիճակի վերաբերյալ տվյալները չեն համապատասխանում իր որակավորմանն ու մասնագիտացմանը.

5) ինչպես խորհրդատվություն տրամադրող բժշկի, այնպես էլ պացիենտի (կամ նրա օրինական ներկայացուցչի) նախաձեռնությամբ՝ եթե հեռաբժշկական խորհրդատվության ընթացքում չեն պահպանվում սույն կարգի կամ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված պահանջները.

6) ինչպես խորհրդատվություն տրամադրող բժշկի, այնպես էլ պացիենտի (կամ նրա օրինական ներկայացուցչի) նախաձեռնությամբ՝ եթե Համակարգում հեռաբժշկական խորհրդատվության ընթացքում բժշկի կամ պացիենտի պատկերը կամ խոսքը հստակ չեն:

11. Համակարգում hեռաբժշկական խորհրդատվության համար հերթագրումը կատարվում է ըստ հայտի ներկայացման ժամկետների` բացառությամբ արտահերթ հեռաբժշկական խորհրդատվության ենթակա սույն կարգի 8–րդ կետով նախատեսված դեպքի:

12. Բժշկի և պացիենտի միջև իրականացվող հեռաբժշկական խորհրդատվության համար պացիենտը (կամ նրա օրինական ներկայացուցիչը) գրանցվում է Համակարգում, առցանց ծանոթանում է հեռաբժշկական խորհրդատվության իրազեկված համաձայնության բովանդակությանը` սույն կարգի Ձև-ի համաձայն և Համակարգում տալիս է հեռաբժշկական խորհրդատվություն իրականացնելու համաձայնություն։

13. Պացիենտը (կամ նրա օրինական ներկայացուցիչը) առցանց համաձայնություն տալուց հետո Համակարգում ներկայացնում է հայտը` լրացնելով պացիենտի մասին հետևյալ տվյալները՝ անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, կոնտակտային տվյալները (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցեն), խորհրդատվական ծառայությունների տեսակը (պլանային, անհետաձգելի), հիմնական գանգատները, առկայության դեպքում` նախնական ախտորոշումը, նշանակված բուժումը և դրա արդյունքները, բուժող բժշկի անունը, ազգանունը։

14. Հեռաբժշկական խորհրդատվության նախապատրաստման ընթացքում խորհրդատվություն տրամադրող բժիշկը հայտի ներկայացման պահից հայտը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ կայացնում է որոշում․

1) մեկօրյա ժամկետում` պլանային դեպքերի համար.

2) մեկ ժամվա ընթացքում` Առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 65-Ն հրամանի հավելվածներով հաստատված անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերի համար։

15. Հեռաբժշկական խորհրդատվություն տրամադրող բժիշկը բավարարում է հեռաբժշկական խորհրդատվության հայտը, եթե․

1) նույնականացվել է պացիենտը (կամ նրա օրինական ներկայացուցիչը).

2) Համակարգի միջոցով մշակվել են պացիենտի անձնական տվյալները.

16. Հեռաբժշկական խորհրդատվություն տրամադրող բժիշկը մերժում է հեռաբժշկական խորհրդատվության հայտը սույն կարգի 15-րդ կետում նշված պայմանների բացակայության դեպքում:

17. Հեռաբժշկական խորհրդատվության հայտի ներկայացման պահից հեռաբժշկական խորհրդատվության նախապատրաստման և իրականացման համար սահմանվում է.

1) մինչև հինգ օր ժամկետ` պլանային դեպքերում.

2) մինչև երեք ժամ՝ Առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 65-Ն հրամանի հավելվածներով հաստատված անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերի համար։

18. Հեռաբժշկական խորհրդատվությունը սկսելուց առաջ, խորհրդատվություն տրամադրող բժշկի կողմից իրականացվում է պացիենտի (կամ նրա օրինական ներկայացուցչի) նույնականացում ՀՀ բնակչության պետական ռեգիստրի միջոցով կամ պացիենտի (կամ նրա օրինական ներկայացուցչի) տրամադրած՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, որի էլեկտրոնային պատճենը պահվում է։

19. Հեռաբժշկական խորհրդատվությունն սկսելուց առաջ, 16 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված պացիենտների դեպքում ստուգվում է նաև օրինական ներկայացուցչի տրամադրած փաստաթղթերը, որոնց պատճենները պահվում են Համակարգում։

20. Բժիշկը, հայտը ընդունելու դեպքում, իրականացնում է հեռաբժշկական խորհրդատվություն, ապահովում է իր կողմից տրամադրված խորհրդատվության և եզրակացության վերաբերյալ տվյալների պատշաճ գրանցումը և պահպանումը Համակարգում:

21. Բժշկի կողմից տրամադրված եզրակացությունը Համակարգի միջոցով հասանելի է դառնում պացիենտին:

Ձև

ԻՐԱԶԵԿՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱԲԺՇԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ

Հարգելի՛ պացիենտ, սույնով Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը ստորև սահմանված կանոններով ստանալու հեռաբժշկական խորհրդատվություն՝ որպես պացիենտ կամ 16 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված պացիենտի օրինական ներկայացուցիչ։ Կանոններին ծանոթանալուց հետո Դուք պետք է սույն համակարգով հաստատեք Ձեր համաձայնությունը հայտ ներկայացնելու համար:

1. Հեռաբժշկությունը բժիշկների, ինչպես նաև բժշկի և պացիենտի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ հեռահար խորհրդատվություն իրականացնելու բժշկական պրակտիկա է:

2. Հեռաբժշկական խորհրդատվությունն իրականացվում է խորհրդատվություն տրամադրող բժշկի, բուժող բժշկի և պացիենտի (կամ նրա օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ։

3. Հեռաբժշկական խորհրդատվության ընթացքում ինչպես պացիենտի (կամ նրա օրինական ներկայացուցչի), այնպես էլ խորհրդատվություն տրամադրող բժշկի գտնվելու վայրերն ապահովում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով պացիենտի անձնական տվյալների պաշտպանությունը:

4. Խորհրդատվության ժամանակ սույն համակարգի միջոցով պացիենտի հատուկ կատեգորիայի անձնական տվյալների մշակումը, պահպանումը և օգտագործումը գաղտնի է և պաշտպանված:

5. Հեռաբժշկական խորհրդատվության ընթացքը անհրաժեշտության դեպքում ձայնագրվում է և ձայնագրությունը պահպանվում է սույն համակարգում:

6. Հեռաբժշկական խորհրդատվությանը պացիենտի ներկայությունը պարտադիր է, բացառությամբ բժիշկների միջև` առանց պացիենտի անձնական մասնակցության կամ պացիենտի կյանքին սպառնացող վտանգի դեպքում իրականացվող հեռաբժշկական խորհրդատվության դեպքերի:

7. Հեռաբժշկական խորհրդատվության նախապատրաստման և իրականացման ընթացքում պացիենտը (կամ նրա օրինական ներկայացուցիչը) հետևում է խորհրդատվություն տրամադրող բժշկի ցուցումներին և նշանակումներին:

8. Հեռաբժշկական խորհրդատվության ընթացքում, խորհրդատվություն տրամադրող բժշկի ցուցումով և պացիենտի (կամ նրա օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ, պացիենտը (կամ նրա օրինական ներկայացուցիչը) կարող է կատարել տնային պայմաններում օգտագործման համար նախատեսված սարքավորումներով իրականացվող և մասնագետի մասնակցություն չպահանջող հետազոտություններ (ջերմաչափում, զարկերակային ճնշման չափում, արյան մեջ գլյուկոզայի մակարդակի որոշում և այլն), եթե խորհրդատվություն տրամադրող բժիշկը վստահ է սարքավորումների անհրաժեշտ ճշգրտության վրա կամ կարող է հեռահար ստուգել դրանց չափման ճշգրտությունը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook