Saturday, April 27, 2024
ՆորություններԺամանց

Դեղաբույսերի բուժիչ հատկությունները

Դեղաբույսերը , մարդկանց և կենդանիների տարբեր հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար օգտագործվող բույսեր են։ Համաշխարհային բուսական աշխարհի մոտ 21000 տեսակ օգտագործվում է բուժիչ նպատակներով։ Հայաստանում բուժիչ հատկություններով օժտված է մոտ 1500 տեսակ, օգտագործվող դեղապատրաստուկների մոտ 40%-ն ունի բուսական ծագում։

Բուժիչ հատկություններ

Դեղաբույսերի բուժիչ հատկությունները պայմանավորված են նրանց օրգաններում առկա քիմիական տարբեր բաղադրության օրգանական նյութերով (ալկալոիդներ, գլիկոզիդներ, սապոնիններ, եթերայուղեր, ֆլավոնիդներ, աղաղանյութեր, վիտամիններ և այլն), որոնք ֆիզիոլոգական ներգործություն են ունենում մարդկանց կամ կենդանիների օրգանիզմների վրա։ Բույսերում առաջացող կենսաբանական ակտիվ նյութերը կենդանի օրգանիզմի նյութափոխանակության արդյունք են, ուստի ավելի բնական ձևով են մասնակցում մարդու օրգանիզմի կեևսաքիմիական և այլ կենսաբանական շարժերին։ Բույսերում պարունակվող որոշ նյութեր ազդում են սպիտակուցների կենսասինթեզի վրա, պայմաններ ստեղծում իմունային մարմինների սինթեզի համար, բարձրացնում օրգանիզմի պաշտպանական ռեակցիաները, ֆերմենտների ակտիվությունը և այլն։

Դեղաբույսերի բուժիչ հատկությունների մասին հայ մատենագրության մեջ առաջին գրավոր վկայությունն է թողել Եզնիկ Կողբացին, իսկ որպես դեղամիջոցներ օգտագործել են Մխիթար Հերացին և Ամիրդովլաթ Ամասիացին։

ՀՀ ֆլորայում տարածված դեղաբույսերը կարելի է խմբավորել մարդու օրգանիզմի վրա ունեցած առավելագույն ներգործությամբ.

 Սիրտանոթային համակարգի հիվանդությունների դեպքում գործածվող դեղաբույսերից են կուժկոտրուկը, ծխաբույսը, եղեսպակը, մատնոցուկը, գազը,

 Նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում՝ շիկատակը, սև բանգին, կատվախոտը, դաղձը և այլն։

Արյան բարձր ճնշումն իջեցնող միջոց են սխտորը, հովվամաղախը, մորենին, ընկուզենին և այլն։

Միզամուղ հատկություն ունեն կուժկոտրուկը, կռատուկը, ճարճատուկը, դաշտային ձիաձետը, գիհին, եգիպտացորենը և այլն։

Լեղամուղ են մասրենին, կանթեղախոտը, անթառամը, գաղձը և այլն։

Ստամոքսի հիվանդությունների դեպքում օգտագործում են տուղտը, նշենին, հորթալեզուն, ոսկեհազարուկը, հոնը, մատուտակը, եզան լեզուն, խատուտիկը,

 շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում՝ տուղտը,  խուլեղինջը, դաղձը, խուլեղուրցը, տատրակը և այլն։

Քրտնաբեր հատկություններ ունեն` ազնվամորին, թանթրվենին, լորենին և այլն։

Ցավամոքիչ են ընձախոտը, շիկատակը, սև բանգին, կակաչը, արջընկույզը և այլն։

Կիրառություն

Հավաքած դեղաբույսեր դեղաբույսերը սովորաբար չորացնում են հատուկ չորանոցներում կամ ստվերում (բացառությամբ մի քանիսի, որոնց թարմ հումքից ստանում են եթերայուղեր և հյութեր)։ Չորացած դեղաբույսերը օգտագործում են թուրմեր, եփուկներ պատրաստելու համար, քիմիադեղագործական արդյունաբերության մեջ (հիմնականում մաքուր ներգործող նյութեր ստանալու համար)։

Դեղաբույսերից ստացված և քիմիաբուժական պատրաստուկներին ներկայացվող պահանջները (արդյունավետություն, անվտանգություն և այլն) նույնն են։ Չի կարելի միմյանց հակադրել դեղաբույսերը և սինթետիկ դեղամիջոցները կամ բնական հումքից ստացված միացությունները։ Հմուտ օգտագործման դեպքում բոլոր դեղամիջոցները լրացնում են միմյանց։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook