Saturday, April 27, 2024
Նորություններ

Եզրափակիչ ելույթներ Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի ավարտին

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարին եզրափակիչ ելութներով հանդես եկան Համագումարի հիմնադիր նախագահ Արա Բաբլոյանը, Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարներ Արսեն Թորոսյանը և Արայիկ Բաղրյանը։ Վերջիններս խոսեցին Հայաստանի և Արցախի առողջապահության զարգացման հեռանկարների մասին, ինչպես նաև պատասխանեցին հյուրերի հարցերին:

Արսեն Թորոսյանը, մասնավորապես, խոսեց մոտ ապագայում առողջապահական նոր համակարգի ներդրման և դրա կարևորության մասին։ Նախարարի համար առաջնային էր ընտանեկան բժիշկների պրակտիկայի կիրառումը։
Մարզերում առողջապահական համակարգի որակի բարձրացման վերաբերյալ Արսեն Թորոսյանը նշեց, որ Հայաստանը փոքր երկիր է, ու շատ դեպքերում կենտրոնացումներն անհրաժեշտ են, շատ նորություններ կլինեն, այո՛, Երևանում։

«Ավելի լավ է զարգացնել օպերատիվ տեղափոխման ծառայությունները, որ հնարավոր լինի հիվանդին արագ տեղափոխել Երևան։ Թեպետ աշխատում ենք նաև որակյալ բժիշկներին մարզեր տեղափոխելու ուղղությամբ։ Հաճախ նրանք չեն ուզում գնալ՝ տարբեր ինֆրաստրուկտուրաների բացակայաության պատճառով։ Դրա համար խորհրդակցություններ են լինում տարածքային կառավարման ներկայացուցիչների հետ։ Փաստ է, որ հաճախ մասնագետներին մարզեր ուղարկելն ընկալվում է որպես աքսոր։ Բժշկին մարզում մնալը պետք է դառնա հաճելի»,- նշեց նախարարը։

Խոսելով Հայաստանում արտասահմանցիներին բուժող հաստատություններ ստեղծելու մասին, Թորոսյանը նշեց, որ իրենց առաջնային խնդիրը հիմա ՀՀ քաղաքացիների առողջությունն ապահովելն է, եթե լինեն նման կենտրոններ բացելու առաջարկներ, իրենք դա կքննարկեն, բայց իրենց նախաձեռնությամբ նման աշխատանք սկսելու պլաններ չկան:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը նշեց, որ իրենք սերտորեն համագործակցում են ՀՀ առողջապահության նախարարության հետ և փորձում համաչափորեն զարգանալ։ Որպես ոլորտի գլխավոր նորություն՝ առանձնացրեց 2019-ի ընթացքում էլետրոնային առողջապահական համակարգին անցնելը։

«Այս պահին մենք ունենք 175 պետպատվերով ուսանողներ։ Բոլոր այն շրջանավարտները, որոնք կունենան պետության հետ նախօրոք կնքած 5 տարվա պայմանագիր, վերադառնալու են Արցախ և, միանշանակ, աշխատելու են: Նրանք կստանան լրացուցիչ հավելավճար՝ 30-50%։ Չեմ կարող ասել, որ սա բավարար է, բայց վստահեցնում եմ` մեծ քայլ է»,- խոսելով առողջապահության ոլորտի զարգացմանը նպաստող ծրագրերի մասին՝ նշեց նախարարը։

Եզրափակիչ խոսքը Համագումարի հիմնադիր նախագահ Արա Բաբլոյանինն էր։ Վերջինս երեք կետերով ամփոփեց համաժողովի ազդեցությունը։

«Բարեկամներ, ամոթ չէ չիմանալը, ամոթ է սովորել չցանկանալը։ Մենք ունենք մեծ հնարավորություններ՝ հրավիրելու մեր գործընկերներին, իրենց հետ աշխատելու և սովորելու։ Մենք համոզվեցին, որ պետք է կարողանանք օգնել, որպեսզի մեր գործընկերներն էլ, իրենց հերթին, կարողանան օգնել մեզ և մեր երկրին։ Եթե մենք չստեղծենք հնարավորություններ, մյուսները դրսից ոչինչ չեն կարող անել, այն դեպքում, երբ մենք պատրաստ չենք այդ օգնությունն ընդունելու և ներդնելու։ Մենք եկանք այն եզրակացության, որ կարող ենք երազել, և մեր երազանքները կարող են դառնալ իրականություն»,- նշեց Արա Բաբլոյանը։

http://5imca.am

download (1) download (2)

Leave a Reply

x Close

Like Us On Facebook