Երբ դիմել նյարդաբանի
Նյարդաբանը մասնագիտացած է ախտորոշելու և բուժելու հիվանդությունները, որոնք ախտահարում են գլխուղեղը, ողնուղեղը, պերիֆերիկ նյարդային համակարգը։
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր թերապիայի կլինիկայի բժիշկ-նյարդաբան Սոֆիյա Խաչատուրյանը անդրադարձել է, թե ինչ գանգատներով են հաճախակի դիմում նյարդաբանին։ Դրանք են․
Բոլորս ենք ունենում գլխացավեր, որոնք տարբերվում են իրենց տևողությամբ, արտահայտվածությամբ, կախված նրանից, թե որքան երկար ենք նստել համակարգչի առջև, գտնվել աղմկոտ վայրում կամ ունեցել անքնություն։
Գլխացավերի մեծ մասը ժամանակավոր են, անցնում են հասարակ ցավազրկողներ օգտագործելիս։
Նյարդաբանին դիմելու անրաժեշտություն է առաջանում հետևյալ գանգատների ժամանակ՝
տանջող գլխացավեր, որոնք բերում են անաշխատունակության,
գլխացավեր, որոնք չեն անցնում ամենօրյա դեղորայք օգտագործելուց,
գլխացավեր, որոնք առաջանում են առավոտյան ժամերին,
գլխացավեր, որոնք ուղեկցվում են այլ նյարդաբանական ախտանիշներով՝ տեսողության խանգարում, գլխապտույտ, ցնցումներ, սրտխառնոց, գիտակցության կորուստ,
արտահայտված գլխացավ, որն ուղեկցվում է լույսի, հոտերի, ձայների նկատմամբ զգայնությամբ։
Հիշողության խանգարումներ
Սովորաբար մոռացկոտությունը լուրջ անհանգստության պատճառ չէ, սակայն երբ հիշողության վատթարացումը ուղեկցվում է հետևյալ գանգատներով, պետք է դիմել մասնագետին՝
բազմիցս նույն հարցի կրկնելը,
առօրյա խոսակցության ժամանակ բառերի մոռանալը, կամ բառերը խառնելը,
ամենօրյա, ծանոթ առաջադրանքները կատարելու անկարողությունը,
մոլորվելը ծանոթ վայրում քայլելիս կամ վարելիս,
տրամադրության կամ վարքագծի փոփոխություններ՝ առանց որևէ ակնհայտ պատճառի:
Գլխապտույտ, հավասարակշռության խանգարում
Առօրյայում կան վիճակներ, որի ժամանակ կարող է առաջանալ գլխապտույտ, օրինակ՝ թերսնուցումը, ոչ լիարժեք քունը, գերհոգնածությունը։ Սովորաբար նման դեպքերում պատճառը վերացնելուց գլխապտույտը անցնում է։
Սակայն կան դեպքեր, երբ գլխապտույտը անհանգստացնող է և ուղեկցվում է հետևյալ ախտանիշներով՝
Զգացողություն, երբ շրջապատը, իրերը կամ ինքը անձը պտտվում է։
Հավասարակշռության կորուստ կամ անկայունության զգացողություն։
Ընկնելու զգացողություն։
Լսողության, տեսողության կորուստ, աղմուկ ականջներում, ականջացավ, սրտխառնոց։
Շարժումների նկատմամբ զգայնություն, շարժումներից գլխապտույտի սաստկացում։
Թմրածություն կամ թուլություն վերջույթներում։
Կարճատև թուլությունը կամ թմրածությունը շատ ժամանակ անվնաս են։ Մտահոգիչ է, երբ՝
Թուլությունը կամ թմրածությունը առաջացել է հանկարծակի և միակողմանի։
Տևում է շաբաթներ և ամիսներ։
Ուղեկցվում է մկանային ուժի անկմամբ։
Թուլություն որը հանգեցնում է առօրյա գործողությունները կատարելու անկարողության։
Թմրածություն, որն ուղեկցվում է այրոցով և ցավով։
Քնի խանգարումներ
Ժամանակ առ ժամանակ բոլորը կարող են ունենալ քնի հետ կապված խնդիրներ, բայց քնի խանգարման մասին կարող ենք ենթադրել, երբ լինում է
Հոգնածություն, քնկոտություն օրվա ընթացքում, չնայած գիշերային լիարժեք քնի։
Շնչառության փոփոխություն քնած ժամանակ։
Կենտրոնանալու դժվարացում օրվա ընթացքում։
Քնած ժամանակ անկանոն շարժումների իրականացում, վերբալ ակտիվություն, բուլեմիա։
Գիշերային ժամերին վերջույթները շարժելու անհագ ցանկություն, ինչը խանգարում է քնելուն։
Նյարդաբանական լուրջ հիվանդություններից խուսափելու համար Սոֆիյա Խաչատուրյանը խորհուրդ է տալիս վերոնշյալ գանգատների դեպքում դիմել մասնագետի։