Sunday, May 5, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչպե՞ս անվնաս ընտրել և օգտագործել միջադիրներ

Իհարկե առողջությանը և հիգիենային հետևելը կարևոր պայմաններ են կյանքի բարձր որակ ապահովելու համար: Հիգիենային հետևելը, մարմնի խնամքը գեղեցիկ լինելու կարևոր նախապայմաններ են, ինչը հատկապես կարևորվում է կանանց կյանքում:
Սակայն նույն այդ խնամքի միջոցները, երբեմն նաև կարող են վտանգավոր լինել կնոջ համար: Այս համատեքտում, HayNews.am-ը միջադիրների մասին զրուցել է Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ, բժիշկ-գինեկոլոգ Եվա Չիչոյանի հետ:
Հարկ է նշել, որ միջադիրները սկսել են արտադրվել 1880 –ականներից: Լայն կիրառում ստանալով նախորդ դարի 70-ականներից ՝ այսուհետ դառնալով կանանց մշտական ուղեկիցը:
«Կնոջ օրգանիզմի առանձնահատկություններով պայմանավորված կանայք կիրառում են միջադիրներ դաշտանի օրերին, իսկ սեփական հարմարավետության և հիգիենայի ապահովման համար կիրառում են նաև ամենօրյա միջադիրներ»,-նշեց բժշկուհին ու շարունակեց. «Միջադիրների ճիշտ ընտրությունն ու օգտագործումը կարևոր նշանակություն ունեն առողջության պահպանման և հասցվող հնարավոր վնասի նվազեցման տեսանկյունից»:
Նշյալը հաշվի առնելով, Եվա Չիչոյանի խոսքով, կարևոր է իմանալ միջադիրների հատկապես սխալ կիրառման հնարավոր վտանգներն ու խուսափել դրանցից:

Այսպիոսվ, ինչպես զրուցակիցս փաստեց, վնասակար հետևանքներից է հեշտցողաբորբ (վագինիտ)՝ հեշտոցային միկրոֆլորային փոփոխման հետևանքով:

«Երբ միջադիրները հաճախակի չեն փոխվում, առաջանում է չշնչող մակերես, խոնավ և բարձր ջերմային պայմաններ (ջերմոցային էֆեկտ), որոնք նպաստում են ախտաբանական ֆլորայի զարգացմանը»,-ասաց մասնագետը:

Վտանգներից է նաև սնկախտը (կանդիդոզ), որի ժամանակ հեշտոցային ֆլորայի փոփոխությունը համընկնում է իմուն համակարգի ընկճման հետ:

«Ի հետևանք կամ միջադիրի նյութի հանդեպ գերզգայնության կարող է գրգռվել մաշկային ծածկույթը: Հնարավոր է նաև ալերգիկ ռեակցիա ներկանյութերի և անուշաբույրերի հանդեպ»,-մանրամասնեց գինեկոլոգը:

Հիշյալ բարդություններից խուսափելու համար, Եվա Չիչոյանը հորդորեց ցանկացած տեսակի միջադիրների կիրառման դեպքում հետևոլ նշված խորհուրդներին.

1.Ցանկացած տիպի միջադիրը անհրաժեշտ է փոփոխել 2-3 ժամը մեկ՝ անկախ արտադրության քանակից:

2.Կիրառել միջադիրները դաշտանի օրերին, իսկ ամենօրյա միջադիրները դաշտանի նախորդող օրերին և դաշտանին հաջորդող օրերին միայն առատ արտադրության դեպքում, եթե առատ արտադրությունը շարունակվում է ավելի երկար ցանկալի է դիմել բժշկի, քանի որ բարձր է հավանականությունը որևէ ախտաբանության:

3. Ցանկալի չէ կիրառել ներկանյութերով և անուշաբույրերով օծված միջադիրներ:

4.Ցանկալի է հիպոալերգիկ բամբակյա շնչող միջադիրների կիրառումը:

5.Ծակոտիների առկայությունը միջադիրի վրա ցանկալի է և նվազեցնում է ջերմոցային էֆեկտի զարգացման ռիսկը:

6.Ցանկալի է կիրառել անհատական փաթեթներում առկա միջադիրներ ՝ պահպանելու համար ստերիլությունը:

7.Անհրաժեշտ է ուշադրությու դարձնել միջադիրի տուփի վրա առկա վաղեմության ժամկետներին, շատերն անգամ տեղյակ էլ չեն վերջինիս գոյության մասին:

8. Քնել ամենօրյա միջադիրները ներքնաշորերում անցանկալի է:

Տաթև Առաքելյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook