Saturday, April 27, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Ինչ է նևրոզը և որոնք են դրա ախտանշաններն ու բուժման միջոցները

Ժամանակակից հոգեթերապևտների մեծ մասը նևրոզը հասկանում են որպես հոգեկան թեթև խանգարում, որն իր բնույթով ախտաբանություն չէ, այլ տարբեր աստիճանի ծանրության խնդիրներ, որոնք ի հայտ են գալիս հիվանդի կյանքում: Այդ խնդիրների մեծ մասն անցնում են առանց միջամտության, սակայն եթե դրանք շատ են, իսկ մարդու օրգանիզմը թուլացած է (ավիտամինոզ, թույլ իմունային համակարգ), ապա նրան հարկավոր է հոգեթերապևտի օգնություն՝ հետագայում վիճակն էլ ավելի չբարդացնելու և խնդրի կրկնությունից խուսափելու համար: Այս մասին գրում է med.tert.am :

Նևրոզի արտաքին դրսևորումները կարող են նման լինել ներքին օրգանների հիվանդությունների ախտանշաններին, ուստի խնդրի հերքման կամ հաստատման համար հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:

Նևրոզի առաջացման պատճառները կարող են տարբեր լինել: Այս հարցում որոշիչ դեր են խաղում մարդու օրգանիզմի ֆիզիկական ու հոգեբանական կառուցվածքը, դաստիարակությունը, կրթությունն ու կենսակերպը:

Լուրջ խնդիր կարող են դառնալ մանուկ հասակում ստացած հոգեբանական տրավմաները

Այս հիվանդությունը բնորոշվում է նրանով, որ դրա ախտանշանները կարող են կրել ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական բնույթ

Հիվանդության հոգեբանական ախտանշաններն են.

·        քրոնիկ հոգնածության համախտանիշը, որի դեպքում մարդը ոչ մի կերպ չի կարողանում հանգստանալ ու վերականգնել ուժերը,

·        ճնշված վիճակը, որը պայմանավորված է կպչուն մտքերով ու գործողություններով,

·        ցածր ինքնագնահատականը,

·        ձայնի, լույսի և օդի ջերմաստիճանի հանդեպ գերզգայունությունը,

·        սթրեսային իրավիճակները չընդունելը (նևրոզից տառապողներին հատուկ է պասիվ արձագանքը՝ ստուպորն ու ինքնամփոփ վիճակը),

·        մշտական անհանգստությունն ու տագնապն անգամ ամենչնչին պատճառներից (եթե այս ախտանշանն ի հայտ է գալիս մանուկ հասակում, ապա հարկավոր է ժամանակին դիմել մանկական հեգեթերապևտի՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար),

·        արժեհամակարգի ու առաջնհերթությունների փոփոխությունը, իրադարձությունների վերաբերյալ հակասական մտքերը,

Հիվանդության ֆիզիկական ախտանշաններն են.

·        աշխատունակության կտրուկ անկումը և հոգնածության զգացումը,

·        անոթային վեգետատիվ դիստոնիայի ախտանշանները,

·        հաճախակի գլխապտույտներն ու սրտխառնոցը,

·        գլխացավերը, սրտամկանի և որովայնի ցավերը, որոնք առաջանում են առանց որևէ պատճառի,

·        առատ քրտնարտադրությունը,

·        սեռական ցանկության նվազումն ու անտարբերությունը հակառակ սեռի նկատմամբ,

·        ախորժակի հետ կապված խնդիրները (ախորժակի բացակայություն կամ պաթոլոգիկ շատակերություն),

·        քնի խանգարումները,

·        արյան գերճնշումը:

Նման ախտանշանները կարող են անհանգստացնել բավական երկար ժամանակ (2-3 շաբաթից մինչև մի քանի տարի): Նևրոտիկ համախտանիշի տևողությունը կախված է հիվանդի ներքին ուժից և խնդիրները հաղթահարելու նրա կարողությունից: Ժամանակի ընթացքում ախտանշանները կարող են թուլանալ կամ սրվել՝ աստիճանաբար առաջացնելով անդառնալի փոփոխություններ:

Նևրոզի բուժումը

Նևրոզը կարող է լուրջ խնդիր չթվալ, սակայն բուժումը հարկավոր է իրականացնել միայն փորձառու մասնագետի հսկողության տակ: Առաջին հերթին գնահատվում է հիվանդի օրգանիզմի ֆիզիկական վիճակը, որից հետո նշանակվում են սրտանոթային ու մարսողական համակարգերի աշխատանքին նպաստող դեղամիջոցներ՝ նյարդերի հետևանքով լուրջ հիվանդությունների առաջացումը կանխելու համար:

Սակայն միայն դեղամիջոցներով հնարավոր չի լինի ազատվել նևրոզից, քանի որ հիվանդին հարկավոր է նաև փորձառու հոգեթերապևտի օգնություն: Բացի այդ, շատ արդյունավետ են լինում նաև ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաները:

Նևրոզի բուժման հարցում բեկումնային է համարվում անիմալոթերապիան: Մասնագետների պնդմամբ՝ կենդանիների հետ շփումը հանգստացնում է, թուլացնում և դրական հույզեր է հաղորդում: Օրական ընդամենը 15-20 րոպե կենդանիների հետ շփվելը բավական կլինի, որպեսզի նևրոզի ախտանշաններն աստիճանաբար թուլանան ու անհետանան:

Նևրոզի կանխարգելման համար հարկավոր է կարգավորել քունն ու կյանքի ռիթմը: Շատ արդյունավետ են լինում կոփող պրոցեդուրաներն ու սպորտով զբաղվելը:

Նևրոզի կանխարգելման հարցում շատ կարևոր դեր է հատկացվում ընտանիքի անդամներին: Հանգիստ ու վստահություն ներշնչող մթնոլորտը, դժվար իրավիճակներում ցուցաբերված աջակցությունն ու օգնությունը թույլ կտան խուսափել նևրոզից և պահպանել ֆիզիկական ու հոգեկան առողջությունը:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook