Saturday, April 27, 2024
ՆորություններԺամանց

Կենդանակերպի նշանների ընդհանրացված բնութագրեր

Եվրոպական կենդանակերպի նշանները։

400px-Zodiacsign

Ժամանակակից արևմտյան աստղագուշակության մեջ կենդանակերպի ամեն մի նշանի համար ընդունված են ընդհանրացված բնութագրեր։ Առանձին որևէ նշանի բնութագիր, սակայն, երբեք լիարժեք չի նկարագրում կոնկրետ անհատին, քանի որ նրա նատալում կամ հորոսկոպում կարող են արտահայտված լինել մի քանի նշաներ, ուստի և այդ անձի բնութագրում պետք է հաշվի առնել այդ նշանների և նրանցում առկա մոլորակների հատկություններն ու որակները։ Մարդու հոգեբանական դիմանկարը, որը տրվում է նրա արևային նշանի հիման վրա, բուն աստղաբանական վերլուծական գործընթացի շերտերից մեկն է միայն։

  • Խոյ/հուր, հիմնական կամ շարժուն/. նշանի կարգախոսն է՝ “Ես կամ”։ Ուժեղ արտահայտված Խոյ նշանն անհատին դարձնում է քաջարի, խիզախ, եռանդուն, աշխույժ, գործունյա, իմպուլսիվ, համառ, տոկուն, ուղղամիտ, իրատես, կրքոտ, ղեկավարող և առաջնորդ։ Բնորոշ բացասական գծերից են չզսպվածությունը, ագրեսիվությունը, անհատապաշտությունը, անկանխատեսելիությունը, անհանդուրժողականությունը, անհամբերությունը, մեծամտությունը, ժամանակավրեպ քայլերը, կամակորությունը, ծայրահեղականությունը։ Խոյն աստղագուշակության մեջ համարվում է ռազմաշունչ Մարս մոլորակի իշխանության տակ գտնվող նշան, Արեգակը գահակալում է այստեղ։ Բժշկական աստղագուշակության մեջ Խոյը ղեկավարում է մարդու մարմնի մասերից գլուխն ու գանգը, հիվանդություններից՝ բոլոր սուր և բորբոքային իրավիճակները, արյան հիվանդությունները և այլն։ Բնության մեջ Խոյ նշանին համապատասխանում են խարույկն ու անկառավարելի բոցը՝ հրդեհը, արևի փայլն ու բնության զարթոնքը։
  • Ցուլ/հող, կայուն կամ սևեռուն/. նշանի կարգախոսն է՝ “Ես ունեմ”։ Ուժեղ արտահայտված Ցուլ նշանի դեպքում մարդը հնարամիտ է, վստահելի, պատասխանատու, համբերատար, հանգիստ, հանդուրժող, կայուն, զգայուն, ուժեղ, զգուշավոր, իրատես, գործունյա, բեղուն, երաժշտասեր և արտիստիկ։ Բացասական գծերից են՝ կամակորությունը, ժլատությունը, ֆորմալիզմը, անվստահությունը սոփական ուժերի նկատմամբ, թուլակամությունը, դանդաղաշարժությունն ու կարծրամտությունը։ Ցուլն աստղագուշակության մեջ իշխում է Վեներա մոլորակը, որն արվեստի, գեղեցկության ու տռփանքի հովանավորն է, գահակալում է այստեղ Լուսինը։ Բժշկական աստղագուշակության մեջ Ցուլը տիրապետում է վզին ու կոկորդին ու նրանց հետ կապված հիվանդություններին։ Բնության մեջ Ցլին համապատասխանում են ծաղկող այգիներն ու մարգագետինները, կանաչ դաշտերն ու պտղաբեր վարելահողը։
  • Երկվորյակներ/օդ, փոփոխական կամ հասարակ/. նշանի կարգախոսն է՝ “Ես մտածում եմ”։ Ուժեղ արտահայտված Երկվորյակների դեպքում մարդը արագախոս է, բազնակողմանի, հետաքրքրասեր է, կենսունակ, ակտիվ, շփվող, աշխույժ, արագաշարժ և կենսախինդ։ Բացասական գծերից են անհանգստությունը, ցրվածությունը, երկերեսանիությունը, մակերեսայնությունը, անկայունությունը, դյուրահավատությունն ու շատախոսությունը/բանբասանք/։ Երկվորյակներին աստղագուշակության մեջ իշխում է Մերկուրի մոլորակը, որը գիտելիքի, կապի և առևտրի հովանավորն է։ Գահակալում է Երկվորյակներում Վիշապի գլուխը / տես Լուսնային հանգույցներ /։ Բժշկական աստղագուշակության մեջ Երկվորյակները ղեկավարում են ձեռքերը և ուսերն ու թոքերը, հիվանդություններից՝ ձեռքերի և ուսերի ու արյունատար անոթների հետ կապված խնդիրները, հիստերիաներ և հիվանդագին երևակայություն։ Բնության մեջ Երկվորյակներին համապատասխանում են փոփոխական քամիները, թռչունների ու միջատների թռիչքը և բնության աճը։
  • Խեցգետին/ջուր, հիմնական կամ շարժուն/. նշանի կարգախոսն է՝ “Ես զգում եմ”։ Ուժեղ արտահայտված Խեցգետնի դեպքում անհատը լինում է զգայուն, պահպանող և պահպանողական, հնարամիտ, խնամող, ընտանիքին և հայրենիքին նվիրված, զգացմունքային, ջերմ, կարեկցող, էմոցիոնալ և սիրառատ։ Կարող է լինել սակայն ծայրահեղ կպչուն, կասկածամիտ, դյուրագրգիռ, պերճասեր, քմահաճ և դաժան։ Աստղագուշակության մեջ Խեցգետնին իշխում է խորհրդավոր Լուսինը, որը արգասաբերության և մայրության խորհրդաանիշն է։ Խեցգետնում գահակալում է Յուպիտեր բարերար մոլորակը։ Բժշկական աստղագուշակության մեջ Խեցգետինը ղեկավարում է կուրծքն ու ստամոքսը, հիվանդություններից՝ ստամոքսի և մարսողության խանգարումները, կրծքի քաղցկեղը և այլն։ Բնության մեջ Խեցգետնին համապատասխանում են ջրհորները, անտառային առուները, աղբյուրները, անձրևն ու խոնավ տերևները, սաղմնավորման և հասունացման ընթացքը։
  • Առյուծ/հուր, կայուն կամ սևեռուն/. նշանի կարգախոսն է՝ “Ես հրամայում և իշխում եմ”։ Ուժեղ արտահայտված Առյուծ նշանի դեպքում անձն օժտված է ստեղծագործելու տադանդով, նա առատաձեռն, հպարտ, զվարճասեր, թատերասեր, կրքոտ, ջերմ, նրբազգաց, պատվասեր, մեծահոգի, ազնիվ, վառ, գերող և ուժեղ անհատականություն է։ Նաև լինում է իշխանասեր, եսասեր, մեծամիտ, ամաչկոտ, պարծենկոտ և ծայրահեղ սեփականատեր։ Աստղագուշակության մեջ Առյուծին իշխում է կենսագործ ու հրաշափայլ Արեգակը, որն իրենից բացի այլ գահակալներ չի հանդուրժում։ Բժշկական աստղագուշակության մեջ Առյուծը ղեկավարում է սիրտն ու մեջքը, հիվանդություններից՝ սաստիկ ջերմային տենդերը, սրտի և մեջքի թուլությունները, աչքի բորբոքումներ և այլն։ Բնության մեջ Առյուծին համապատասխանում է ամառային շոգն ու տապը, հասունությունը և կառավարվող կրակը։
  • Կույս/հող, փոփոխական կամ հասարակ/. նշանի կարգախոսն է՝ “Ես վերլուծում են”։ Ուժեղ արտահայտված Կույս նշանի դեպքում մարդը սովորաբար իրատես է, աշխատասեր, պահանջկոտ, ճշտապահ, բծախնդիր, համեստ, զգուշավոր, հանգիստ, մաքրասեր, սրամիտ, մտավորական և պրագմատիկ։ Սակայն նա կարող է լինել նաև անհեռատես, մանրունքների հետևից ընկնող, կարծրամիտ, դյուրագրգիռ և ծայրահեղ քննադատող ու պահպանողական։ Աստղագուշակության մեջ Կույս նշանն իշխում է Մերկուրի մոլորակը, որը նաև իր գահակալությունն ունի նրա մեջ։ Բժշկական աստղագուշակության մեջ Կույս նշանը ղեկավարում է աղիներն ու մարսողությունը, հիվանդություններից՝ մարսողության խախտումներն ու քարագոյացումը։ Բնության մեջ Կույս նշանին համապատասխանում են հասունացած ցորենի արտերը, հասկերն ու հունձքը և պտղաբերությունից ուժասպառ հողը։
  • Կշեռք/օդ, հիմնական կամ շարժուն/. նշանի կարգախոսն է ՝ “Ես հավասարակշռում եմ”։ Ուժեղ արտահայտված Կշեռք նշանի դեպքում մարդը ընկերասեր է և հանրային, դիվանագետ, անկողմնակալ, հարգալից, արդարամիտ, նրբանկատ, շփվող, խաղաղասեր, հմայիչ, հավասարակշռված և դյութիչ։ Բացասական գծերից են թուլակամությունը, անվստահությունը սեփական ուժերի նկատմամբ, անվճռական լինելը, որոշումներ կայացնելու անկարողությունը, մշտական տատանումները, անհանգստությունը, հեշտասիրությունը, պերճասիրությունն ու ծուլությունը։ Աստղագուշակության մեջ Կշեռք նշանն իշխում է հմայիչ Վեներա մոլորակը, իսկ գահակալում է Կշեռքում մռայլ ու արդար Սատուրն մոլորակը։ Բժշկական աստղագուշակության մեջ Կշեռքը կառավարում է երիկամներն ու գոտկատեղը, հիվանդություններից՝ երիկամների և միզապարկի գործունեության խախտումներ, գոտկատեղի թուլություն։ Բնության մեջ Կշեռքին համապատասխանում են ոսկե աշունը, մեղմ, հանգիստ քամին և ծաղիկների բուրմունքը։
  • Կարիճ/ջուր, կայուն կամ սևեռուն/. նշանի կարգախոսն է՝ “Ես ցանկանում եմ”։ Ուժեղ արտահայտված Կարիճի նշանի դեպքում մարդը լինում է կրքոտ, գաղտնամիտ, ուժեղ, նպատակասլաց, խորաթափանց, զգացմունքային, հետաքրքրասեր, հնարամիտ, մտավորական, պատվասեր, համառ, խորհրդավոր և ստեղծագործող։ Բացասական գծերից են ծայրահեղ խանդն ու կասկածամտությունը, եսակենտրոնությունն ու կպչունությունը։ Աստղագուշակության մեջ Կարիճին իշխում է ռազմատենչ Մարս մոլորակը։ Բժշկական աստղագուշակության մեջ Կարիճը ղեկավարում է մարդու մեզա-սեռական համակարգն ու հետանցքը, հիվանդություններից՝ քարագոյացումը միզուղիներում և երիկամներում, թութքը, սեռական օրգանների հիվանդությունները։ Բնության մեջ Կարիճին համապատասխանում են հանգիստ կանգնած ջուրը՝ լճակներն ու ճահիճները, գեյզերներն ու քնած հրաբուխները։
  • Աղեղնավոր/հուր, փոփոխական կամ հասարակ/. նշանի կարգախոսն է՝ “Ես գիտեմ”։ Ուժեղ արտահայտված Աղեղնավորի նշանն անհատին դարձնում է ազատասեր, էքստրավերտ, իմաստասեր, ուղղամիտ, բարյացակամ, անկեղծ, մտավորական, լայնախոհ, բազմակողմանի, նախաձեռնող, էքսպանսիվ, արկածախնդիր և լավատես։ Բացասական գծերից են անտակտությունը, չափազանցնելու հակումը, թափթփվածությունը, պերճասիրությունն ու պարծենկոտությունը։ Աստղագուշակության մեջ Աղեղնավորին իշխում է բարերար Յուպիտեր մոլորակը, գահակալում է այստեղ Վիշապի պոչը / տես Լուսնային հանգույցներ /։ Բժշկական աստղագուշակության մեջ Աղեղնավորը ղեկավարում է կոնքերն ու հետույքը, հիվանդություններից՝ լյարդի և արյան հիվանդությունները, խոցերն ու վարակիչ տենդերը։ Բնության մեջ Աղեղնավորին համապատասխանում է ճամփորդական խարույկը, բոցի կայծերը, կայծակի փայլը, աստղազարդ երկինքն ու դեպի անհայտ հեռուների ձգտումը։
  • Այծեղջյուր/հող, հիմնական կամ շարժուն/. նշանի կարգախոսն է՝ “Ես օգտագործում եմ”։ Ուժեղ Այծեղջյուր ունենալու դեպքում անհատը սովորաբար խելամիտ է, իրատես, պատասխանատու, համբերատար, կարգապահ, ավանդապաշտ, զգուշավոր, աշխատասեր, համառ, նպատակասլաց, ինքնավստահ, իրազեկ, պատվասեր, բարեխիղճ և հեղինակավոր։ Բացասական գծերից են կարծրամտությունը, պահպանողականությունը, շահամոլությունը, կասկածամտությունը, անզգամությունը, մռայլությունը, ծայրահեղ պահանջկոտությունն ու սառնասրտությունը։ Այծեղջյուրին իշխում է մռայլ ու արդար Սատուրն մոլորակը, գահակալում է այստեղ Մարսը։ Բժշկական աստղագուշակության մեջ Այծեղջյուրը ղեկավարում է ծնկներն ու կմախքը, հիվանդություններից՝ ոսկորների, ջլերի և մաշկի խնդիրներ, կոտրվածքներ, ոլորումներ և այլն։ Բնության մեջ Այծեղջյուրին համապատասխանում են ձմեռային սառնությունը և սառույցը, քարացած կամ քարքարոտ հողը, ինչպես նաև մերկ ժայռերն ու լեռնագագաթները։
  • Ջրհոս/օդ, կայուն կամ սևեռուն/. նշանի կարգախոսն է՝ “Ես իմանում եմ”։ Ուժեղ Ջրհոսի դեպքում անհատը ազատասեր է և ոչ ավանդապաշտ, ինտելեկտուալ, հանդուրժող, անհնազանդ, անհատապաշտ, խաղաղասեր, բարեգործ, ընկերասեր, առանձնահատուկ, հայտնագործող, նորարար և առաջադեմ։ Բացասական գծերից են անկանխատեսելիությունը, քմահաճությունը, եսակենտրոնությունը, անտարբերությունը ու էքսցենտրիկությունը։ Աստղագուշակության մեջ Ջրհոսին իշխում է Սատուրն մոլորակը։ Բժշկական աստղագուշակության մեջ Ջրհոսը ղեկավարում է սրունքներն ու նյարդային համակարգը, հիվանդություններից՝ ոտքերի և անոթաշարժ նյարդերի թուլությունը։ Բնության մեջ Ջրհոսին համապատասխանում են պայծառ երկինքը, ամպերը, բուքն ու ձյունածածկ բնապատկերը, ազատագրումն ու ներշնչանքը։
  • Ձկներ/ջուր, փոփոխական կամ հասարակ/. նշանի կարգախոսն է՝ “Ես հավատում եմ”։ Ուժեղ արտահայտված Ձկներ նշանը անհատին դարձնում է կարեկից, զգայուն, զգացմունքային, միստիկ, հոգևոր, երազկոտ, պասսիվ, հանգիստ, ներշնչվող, զահաբերող, վառ երևակայություն ունեսող, երաժշտասեր և թատերասեր։ Բացասական գծերից են թուլակամությունը, թուլությունը, պերճասիրությունը, երկերեսանիությունը, անփութությունը, հեշտասիրությունն ու իրականությունից փախուստի ձգտումը։ Ձկներին իշխում է բարերար Յուպիտեր մոլորակը, գահակալում է այստեղ հմայիչ Վեներա մոլորակը։ Բժշկական աստղագուշակության մեջ Ձկները ղեկավարում են ոտնաթաթն ու լիմֆատիկ և իմունային համակարգերը, հիվանդություններից՝ ոտնաթաթերի հիվանդություններ, գեղձերի գործունեության խախտումներ և իմունային համակարգի թուլություն։ Բնության մեջ խորհրդավոր Ձկներին համապատասխանում են ծովերի և օվկիանոսների անհունը, ալիքները, մշուշը, ձնհալը, միաձուլումն ու լուծույթը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook