Sunday, April 28, 2024
Նորություններ

Մարտունու ծննդատունը համալրվել է ժամանակակից բուժսարքավորումներով

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ծննդատունը 2021 թվականի աշխատանքային տարին փակել է որոշակի ձեռքբերումներով՝վերազինվելով ժամանակակից բուժսարքավորումներով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Մարտունու ծննդատուն» ՓԲԸ տնօրեն Արթուր Հովհաննիսյանը, 2021 թվականի ընթացքում, կապված COVID-19  համավարակի հետ, «Մարտունու ծննդատուն» ՊՓԲԸ-ում առանձնացվել է նոր ծնարան: Ամբողջովին վերակառուցվել է թափոնների պահպանման շղթան: Ձեռք են բերվել նոր սառնարաններ: Թարմացվել են բուժգործիքները 20-30 տոկոսով: Ամբողջությամբ վերանորոգվել է լաբորատոր բաժանմունքը: Ձեռք է բերվել գերժամանակակից սարքավորումներ, ինչպես նաեւ բազմաֆունկցիոնալ մահճակալներ:

«Ձեռք է բերվել ժամանակակից մանրէազերծման սարքավորումներ: Մարտունու ծննդատունն արդեն ունի անհրաժեշտ եւ ժամանակակից սարքավորումների մոտ 95 տոկոս հագեցվածություն:  Ծննդատան միջոցների հաշվին նախորդ տարեվերջին ձեռք է բերվել ավելի քան 5 միլիոն դրամի գույք եւ անհրաժեշտ սարքավորումներ:

Բժշկական սարքավորումների համալրման հարցում Մարտունու ծննդատանն աջակցել է «Երեւանի Ռոտարի ակումբ» մարդասիրական հասարակական կազմակերպությունը՝ նվիրելով ավելի քան 19 միլիոն դրամի գույք, լաբորատոր բազմաֆունկցիոնալ եւ ժամանակակից սարքավորումներ:  Նշված սարքավորումներն օգտագործելու նպատակով բուժաշխատողներն անցել են մասնագիտական վերապատրաստումներ:  Մարտունու ծննդատանը ստեղծված տեխնիկական հնարավորությունների շնորհիվ մեր բուժհաստատություն դիմած քաղաքացիները  տեղում կարող են  ենթարկվել տարատեսակ հետազոտությունների եւ ստանալ համապատասխան ախտորոշում»,-ներկայացրեց Արթուր Հովհաննիսյանը։

2021 թվականին Մարտունու ծննդատանը գրանցվել է 922 ծնունդ։

Խոսրով Խլղաթյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook