Մխիթար Հերացին և Բժշկությունը Կիլիկյան Հայաստանում
|
|
Պատանեկան տարիքում Մխիթարը հաստատվել է Կիլիկյան Հայաստանում, որտեղ ստացել է մասնագիտական հիմնարար կրթություն: Այնուհետև Սիսում և Հռոմկլայում կաթողիկոսներ Ներսես Շնորհալու, ապա Գրիգոր Դ Տղայի հովանավորությամբ ծավալել է բժշկի ու գիտնականի իր գործունեությունը:
Հերացին մշակել է բուժման համալիր մի համակարգ, որը հիմնված էր դեղաբուժության (հատկապես՝ բուսաբուժության), սննդաբուժության և ֆիզիկական եղանակների վրա: Նա լուրջ ուշադրություն է դարձրել նաև հոգեբուժման (պսիխոթերապիա) եղանակներին, ներշնչմանը՝ այդ նպատակով օգտագործելով նաև երաժշտությունը:Բժշկությունը Կիլիկյան Հայաստանում
Հայ պատմիչների վկայությամբ՝ Կիլիկիայում Ռուբինյանների օրոք (1080-1219) բացվել են հիվանդանոցներ, բորոտանոցներ և ապաստարաններ, հատկապես մեծ ներդրում ունեն Լևոն Բ թագավորը (1198- 1219), նրա դուստրը՝ Ձապել թագուհին (1222-1252), և Լևոն Գ թագավորը (1269-1289)։ Հայտնի բժշկապետների գլխավորությամբ ստեղծվել են բժշկանոցներ։
Գրիգորիսի «Քննութիւն բնութեան մարդոյ եւ նորին ցատց» երկը (Մատենադարան, ձեռագիր № 415) վկայում է 13-րդ դարում Կիլիկյան Հայաստանում ախտաբանության և մահճաբուժության զարգացման որոշակի մակարդակի մասին։ Գիրքը գրված է միջին հայերենով, որտեղ շարունակվում են Մխիթար Հերացու ավանդույթները՝ հատկապես տենդային և ներքին օրգանների հիվանդությունների վերաբերյալ։ Ջերմերի պատճառագիտության հարցում նույնպես Գրիգորիսը եղել է Հերացու հետևորդը։ Նա ուսումնասիրել է նաև տենդային հիվանդությունների հպավարակայնության հարցը հատկապես թոքախտի և բորոտության ժամանակ։ Միջնադարյան հայ բժշկության մեջ Գրիգորիսը եղել է ախտաբանական անատոմիայի նախակարապետը։ «Քննութիւն բնութեան մարդոյ եւ նորին ցատց» գրքում ներքին օրգանների հիվանդությունների նկարագրությունները վկայում են, որ նա որոշ դեպքերում օգտվել է դիահերձումների տվյալներից, օրինակ՝ թոքախտի կլինիկական պատկերը նկարագրելիս նա հիշատակել է թոքերում առաջացած «խուլերի», «խոցերի» և «քարերի» մասին (ներկայումս հայտնի տուբերկուլոզային թմբիկները, ինֆիլտրատները, կավեռնաները և կրակալման օջախները)։ Ուշագրավ են նաև թոքաբորբի, թարախակույտի, թոքերի էխինոկոկի վերաբերյալ Գրիգորիսի ախտաբանաանատոմիական տվյալները։
Տաթևի բարձրագույն դպրոցի հետ են կապված խոշորագույն մտածողներ Հովհան Որոտնեցու (1315- 1386) և Գրիգոր Տաթևացու (1346-1409) գործունեությունները. նրանց երկերում արծարծվում են նաև բժշկագիտության հարցեր։ Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց» ծավալուն աշխատության (1389, հրատարակվել է 1729 թվականին) մեջ մարդակազմությանը, կենսաբանությանը, հոգեբանությանը և սաղմնաբանությանը վերաբերող հարցերը շարադրված են Պլատոնի, Արիստոտելի, Գրիգոր Նյուսացու և Նեմեսիոս Եմեսացու ոգով։


