Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

2-րդ տիպի շաքարային դիաբետ

2-րդ տիպի շաքարային դիաբետ (նախկինում՝ ոչ ինսուլինակախյալ շաքարային դիաբետ, մեծահասակների շաքարախտ), նյութափոխանակության խանգարմամբ պայմանավորված հիվանդություն, որը բնութագրվում է գերշաքարարյունությամբ, ինսուլինի նկատմամբ զգայնության թուլացմամբ։ Այս հիվանդության և 1-ին տիպի շաքարային դիաբետի միջև եղած ամենահիմնական տարբերությունն այն է, որ վերջինի դեպքում գերշաքարարյունությունն առաջանում է ինսուլինի բացարձակ քանակի նվազման հետաևանքով։

800px-Main_symptoms_of_diabetes.svg

Հիվանդության հիմնական ախտանշաններն են անհագ ծարավը (պոլիդիպսիա), հաճախամիզությունը (պոլիուրիա), շատակերությունը (պոլիֆագիա)։ 2-րդ տիպի շաքարային դիաբետը կազմում է շաքարային դիաբետի ընդհանուր դեպքերի շուրջ 90%-ը։ Մարմնի ավելորդ քաշը (գիրություն) 2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացման հիմնական պատճառն է այն մարդկանց մոտ (բացառությամբ՝ արևելյան ասիացիների), որոնք գենետիկորեն հակում ունեն այս հիվանդության առաջացման նկատմամբ։

2-րդ տիպի շաքարային դիաբետի բուժումը հիմնականում ներառում է ֆիզիկական վարժություններ և սննդային դիետա։ Արյան գլյուկոզի մակարդակի նվազման համար օգտագործում են դեղամիջոցներ (մեթֆորմին, ինսուլին)։ 2-րդ տիպի շաքարային դիաբետը քրոնիկական ընթացքով հիվանդություն է։ Արյան մեջ գլյուկոզի բարձր քանակը կարող է զուգակցվել սիրտ-անոթային հիվանդությունների, ինֆարկտի, շաքարախտային ռետինոպաթիայի, երիկամային անբավարարության։ Վերջինիս հետևանքով հաճախ դիմում են դիալիզի և ծայրամասերի անդամահատման՝ մարմնի ծայրամասերում վատ արյունամատակարարման պատճառով։ Կետոացիդոզը, որը բնորոշ է 1-ին տիպի շաքարային դիաբետին, այս հիվանդությանն այնքան էլ բնորոշ չէ, այնուամենայնիվ, այս հիվանդության ժամանակ գերօսմոսային գերշաքարային կոման նույնպես կարող է առաջանալ։

Շաքարային դիաբետի հիմնական նշաններն են՝ անհագ ծարավը (պոլիդիպսիա), հաճախամիզությունը (պոլիուրիա), շատակերությունը (պոլիֆագիա), քաշի։ Հիվանդների մոտ կարող է նկատվել նաև տեսողություն խանգարում (շղարշային տեսողություն), քոր, ծայրամասային բազմանյարդաբորբ, հեշտոցաբորբ (վագինիտ), հոգնածություն։ Շատ մարդիկ հիվանդության առաջին տարիներին չունեն նշանակալի ախտանշաններ։ 2-րդ տիպի շաքարային դիաբետը կարող է առաջացնել գերօսմոսային դիաբետային կոմա։

Բարդացումներ

2-րդ տիպի շաքարային դիաբետը տիպիկ քրոնիկական ընթացքով հիվանդություն է, որի դեպքում կյանքի տևողությունը չի գերազանցում 10 տարին։ Սա հիմնականում պայմանավորված է տարբեր բարդացումներով։ Նման մարդկանց մոտ 2-4 անգամ մեծանում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման (ներառյալ՝ սրտի իշեմիկ ախտահարումները և ինֆարկտը), ինչպես նաև խիստ մեծանում է վերջույթների ամպուտացիայի հավանականությունը։ Ներկայումս 2-րդ կարգի շաքարային դիաբետը համարվում է ոչ վնասվածքային կուրության և քրոնիկական երիկամային անբավարարության առաջացման հիմնական պատճառը։ Այս հիվանդությունը կապված է նաև իմացական (կոգնիտիվ) խանգարումների և ձեռքբերովի թուլամտության առաջացման հետ, ինչպիսին կարող է նկատվել օրինակ Ալցհեյմերի հիվանդության դեպքում։ Կարող է առաջանալ նաև մաշկի գերպիգմենտավորում (ականտոզ), սեքսուալ թուլություն և ինֆեկցիաների առաջացման հավանականության մեծացում։

 Էթոլոգիա

2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացումը պայմանավորված է կենսակերպի և գենետիկական գործոններով։ Այս գործոններից ոմանք գտնվում են մարդու վերահսկողության տակ (օրինակ՝ սննդակարգը, գիրությունը), իսկ մյուսները՝ ոչ (տարիքի մեծացում, սեռ, գենետիկա և այլն)։ 2-րդ տիպի շաքարային դիաբետի հետ է կապվում նաև քնի անբավարարությունը։ Պտղի ներարգանդային զարգացման շրջանում մոր սննդակարգը նույնպես կարող է դեր խաղալ այս հիվանդության առաջացման գործում։

Ախտաֆիզիոլոգիա

2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացման պատճառը հյուսվածքների ընկալունակության նվազումն է ինսուլինի նկատմամբ, այսինքն, ինսուլինային ռեզիստենտության բարձրացումը։ Ինսուլինի նկատմամբ հիմնական թիրախներն են մկանային բջիջները, լյարդն ու ճարպային բջիջները։ Ինսուլինային ռեզիստենտության բարձրացման դեպքում առաջին հերթին հենց այս հյուսվածքներում է թուլանում ինսուլինի ընկալման նկատմամբ զգայնությունը։

Լյարդում, բնականոն պայմաններում, ինսուլինի ազդեցությամբ սինթեզվում է գլիկոգեն, ինչի տեսքով պահեստավորվում է արյան գլյուկոզը։ Ինսուլինի անբավարարության (նկատվում է 1-ին տիպի շաքարային դիաբետի ժամանակ) կամ ինսուլինի նկատմամբ լյարդի բջիջների զգայնության թուլացման (ինչը նկատվում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի ժամանակ) դեպքում լյարդում ճեղքվում է պահեստավորված գլիկոգենը և գլյուկոզն անցնում է արյան մեջ։

2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացման մյուս կարևորագույն գործոններն են՝ ճարպային բջիջներում ճարպերի տրոհման ավելացումը, ինկրետինի քանակի նվազումն ու դրա նկատմամբ ռեզիստենտության բարձրացումը, գլյուկոգենի քանակի ավելացումը, երիկամների կողմից ջրի և հանքային աղերի պահման մեծացումը, ԿՆՀ-ի կողմից նյութափախանակության կարգավորման խանգարումը։

Սկրինինգ

Սկրինինգի ունիվերսալ եղանակները դեռ բացակայում են՝ դրանց արդյունավետության վերաբերյալ լիարժեք տեղեկատվության բացակայության պատճառով։ United States Preventive Services Task Force-ի (USPSTF) կողմից խորհուրդ է տրվում սկրինինգ անցկացնել առանց ախտանշանների այն մարդկանց մոտ, որոնց արյան ճնշումը բարձր է 135/80 մմ սս-ից։ Արյան ցածր ճնշում ունեցող մարդկանց համար այդքան փաստեր դեռ չկան, որոնք կարող են առաջարկել կամ մերժել սկրինինգ կատարելը։ Վկայություն չկա, որ այն փոխում է այս խմբի մարդկանց մահացության ռիսկը։ Նրանք նաև առաջարկում են սկրինինգ անցկացնել 40-ից 70 տարեկան այն մարդկանց շրջանում, որոնք ունեն ավելորդ քաշ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկեց թեստավորման ենթարկել ռիսկային խմբի մարդկանց, և 2014 թվականին USPSTF-ը նմանատիպ որոշում կայացրեց։ ԱՄՆ-ում ռիսկային խմբում ընդգրկված են 45 տարեկանից բարձր մարդիկ, առաջին աստիճանի բարեկամների շրջանում դիաբետով հիվանդ ունեցողները, որոշ էթնիկական խմբեր (աֆրոամերիկացիներ, ամերիկայի բնիկներ, իսպանական ծագմամբ մարդիկ), ավել քաշ ունեցողներ, հղիների շաքարային դիաբետով պատմությամբ կանայք, նյութափոխանակային համախտանիշ ունեցողները, ձվարանների պոլիկիստոզային համախտանիշով կանայք։

Կանխարգելում

2-րդ տիպի շաքարային դիաբետի կանխարգելման միջոցներից է ճիշտ սննդակարգն ու ֆիզիկական բավարար ակտիվության առկայությունը։ Ինտենսիվ կենսակերպը կարող է 50%-ով նվազեցնել հիվանդության առաջացման հավանականությունը։ Սրա արդյունավետությունը բացատրվում է մարմնի բնականոն քաշի պահպանմամբ։ Սննդակարգը ենթադրում է առավել շատ բուսատեսակների կիրառում և ավելի քիչ քաղցր ըմպելիքների օգտագործում։ Սակայն, միայն սննդակարգով հիվանդության առաջացման բացառումը դժվար է։ Սննդակարգը, ֆիզիկական վարժությունները, զուգակցված մոթֆորմինի կամ ակարբոզի հետ կարող են նվազեցնել հիվանդության առաջացման ռիսկը։ Չնայած վիտամին D-ի պակասը մեծացնում է հիվանդության առաջացման հավանականությունը, այնուամենայնիվ, այս վիտամինի ավելացումը չի նվազեցնում առաջացման ռիսկը։

Հիվանդության կառավարում

Ինսուլինի ներարկում ինսուլինային ասեղներով

Ինսուլինի ներարկման միջոցներ

2-րդ տիպի շաքարային դիաբետի կառավարումն իրականացվում է կենսակերպի, սիրտ-անոթային համակարգի ռիսկային գործոնների նվազման, արյան գլյուկոզի բնականոն մակարդակի պահպանման և այլ մեխանիզմներով։ Կառավարման համար անհատների կողմից կատարվում է արյան, որոշ դեպքերում նաև՝ մեզի գլյուկոզի մակարդակի պարբերական ստուգումներ։ Արյան բարձր ճնշման, խոլեսթերինի քանակի և միկոալբումինուրիայի կառավարումը նույնպես կարող է ազդել հիվանդության առաջացման վրա։ Շատ կարևոր է նաև արյան ճնշման կարգավորմանն ուղղված միջոցառումները, որոնք նույնպես ազդում են հիվանդության ընթացքի վրա։

2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդներին խորհուրդ է տրվում պարբերաբար ենթարկվեծ օֆթալմոլոգիական հետազոտությունների։

Կենսակերպ

Սննդակարգն ու ֆիզիկական ակտիվությունը կարևոր գործոններ են հիվանդության կանխարգելման գործում։ Աերոբիկ վարժությունները հանգեցնում են HbA1c-ի նվազման և ինսուլինային զգայնության լավացման։ Կարևոր է նաև այն դիետան, որը հանգեցնում է քաշի նվազմանն ու արյան գլյուկոզի մակարդակի կարգավորմանը։ Եթե կենսակերպի փոփոխությունները 6 շաբաթվա ընթացքում չեն ազդում գլյուկոզի մակարդակի նվազման վրա, կատարում են դեղամիջոցային բուժում։

 

 

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Leave a Reply

x Close

Like Us On Facebook