Wednesday, May 8, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

8 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում կալցիումի դեֆիցիտի մասին

Կալցիումն ամենակարևոր միկրոտարրերից է, որի դեֆիցիտը կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ, սակայն քչերին է հայտնի, թե ինչ ախտանշաններով է դրսևորվում այս դեֆիցիտը:

Հասուն մարդու օրգանիզմին օրական մոտ 1000 մգ կալցիում է հարկավոր, սակայն ոչ բոլորն են սննդի հետ ստանում դրա անհրաժեշտ քանակությունը: Ավելին՝ անառողջ սննդակարգը, ոչ միայն չի տալիս օրգանիզմին կալցիում, այլև էլ ավելի է նվազեցնում այդ տարրի մակարդակը:

Շատերը կարծում են, որ կալցիումն անհրաժեշտ է օրգանիզմին միայն ատամների ու ոսկորների առողջության համար, մինչդեռ այս տարրը շատ կարևոր դեր է խաղում մկանային ու նյարդային հյուսվածքների աշխատանքում, ինչպես նաև ազդում է արյան մակարդելիության գործընթացի վրա:

Medikforum.ru կայքը ներկայացրել է այն ախտանշանները, որոնք կհուշեն օրգանիզմում կալցիումի դեֆիցիտի մասին:

Ոտքերի ջղաձգումներ

Գիշերվա ընթացքում ոտքերի ջղաձգումների դեպքում մեծ է հավանականությունը, որ խնդիրը կարող է պայմանավորված լինել կալցիումի դեֆիցիտով:

Կարիես

Ատամների հետ կապված խնդիրները կարող են պայմանավորված լինել ոչ միայն մեծ քանակությամբ քաղցրավենիքի գործածությամբ, այլև սննդի հետ բավարար քանակությամբ կալցիում չստանալով: Նման դեպքերում օրգանիզմն սկսում է կալցիումի այլ աղբյուր փնտրել և հաճախ տուժում են ատամները:

Եղունգների փխրունություն

Կալցիումը պարունակվում է նաև եղունգների մեջ: Եթե օրգանիզմը կալցիումի կարիք է ունենում, ապա բավարար քանակությամբ այն չստանալու դեպքում սկսում է կլանել այս տարրն ինչպես ատամներից, այնպես էլ եղունգներից, ինչ հետևանքով վերջիններս դառնում են փխրուն ու շերտավորվող:

Թմրածություն

Կալցիումի դեֆիցիտը կարող է դառնալ նաև ձեռքերի նյարդային վերջավորությունների սպազմների պատճառ: Եթե մատների ծայրերը թմրում են և նկատվում է ծակծկոց, ապա հարկավոր է ստուգել օրգանիզմում կալցիումի մակարդակը:

Անքնություն

Կալցիումը նպաստում է սերոտոնինի արտադրմանը, իսկ այն նեյրոտրանսմիտեր է, որն ապահովում է լավ տրամադրություն, թուլության զգացում ու հանգստություն, ինչն էլ ի վերջո բարելավում է քնի որակը: Սա է պատճառը, որ կալցիումի մակարդակի անկումը հանգեցնում է անքնության:

Մեջքի ու պարանոցի ցավեր

Կալցիումի պակասը թուլացնում է ոսկորները, ինչին օրգանիզմը կարող է արձագանքել մեջքի կորացմամբ ու սխալ կեցվածքով: Սա էլ իր հերթին կարող է հանգեցնել մեջքի և պարանոցի ցավերի:

Կիսաանգիտակից վիճակ

Բավարար քանակությամբ կալցիումն ապահովում է մկանային ճիշտ կծկումներն ու նեյրոտրանսմիտերների արտազատումը, մինչդեռ այս տարրի դեֆիցիտը կարող է դառնալ այդ գործընթացների խանգարման պատճառ: Սա կարող է դրսևորվել ջղաձգումներով, գիտակցության կորստով և անգամ էպիլեպտիկ նոպաներ հիշեցնող նոպաներով:

Մոռացկոտություն

Օրգանիզմում կալցիումի պակասի դեպքում բավական հաճախ են ի հայտ գալիս նյարդաբանական խնդիրներ, ուստի անոմալ մոռացկոտությունը և անգամ հալյուցինացիաները կարող են լինել այս հանքանյութի դեֆիցիտի մասին հուշող ախտանշան:

Նյութի աղբյուրը` tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook