Մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության են ենթարկվել շտապ օգնության աշխատակիցները. բժիշկը հիվանդանոցում է
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ աշխատակիցները Երևանում մայիսի 16-ին մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության են ենթարկվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց, որ բժիշկը լուրջ վնասվածքներ է ստացել, գտնվում է հիվանդանոցում, իսկ մեքենայի վարորդի վնասվածքներն ավելի թեթև են:
«Կանչից դուրս գալուց հետո տանտերերը հարձակվել և ծեծել են բժշկին և վարորդին: Դեպքի մասին տեղյակ է պահվել ոստիկանությանը»,-ասաց Ստեփանյանը:
Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը ևս դեպքի հետ կապված գրառում է կատարել: «Երևանում կանչով ժամանած բժշկին և վարորդին ծեծի են ենթարկել, լոմով հարվածել են գլխին: Բուժաշխատողները տեղափոխվել են հիվանդանոց: Բժշկի հանդեպ կատարված բռնության ցանկացած դեպք դատապարտելի է»,-նշված է Սարգսյանի գրառման մեջ: