Չոր հազ, հևոց, ջերմություն. մասնագետները հորդորում են նման ախտանշանների դեպքում դիմել բժշկի
Ջերմություն, չոր հազ, հևոց. սրանք կորոնավիրուսի հիմնական ախտանշաններ են: Մասնագետները հորդորում են նման ախտանշանների դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել և անմիջապես կապ հաստատել տարածքային բժիշկների հետ:
«Արմենպրես»–ի հետ զրույցում ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը նշեց, որ շնչառական վարակների ցանկացած ախտանշանների դեպքում կարիք կա անձին հետազոտելու և հասկանալու, թե դրանք ինչի հետևանք են:
Նա ընդգծեց, որ եթե մարդիկ ունեն ճամփորդական փորձ, այսինքն՝ եղել են այն երկրներում, որտեղ կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը լարված է, ապա անպայման հետևեն իրենց ջերմությանը:
«Եթե տեսնում են, որ ունեն ջերմություն, ապա պետք է տեղեկացնել բժշկին: Ջերմություն ունենալու դեպքում չպետք է ընդունել ջերմությունն իջեցնող դեղեր: Բժիշկը պետք է գնահատի անձի առողջական իրավիճակը և, անհրաժեշտության դեպքում, բուժում նշանակի: Հայաստան վերադարձողների հետ մասնագետները կապի մեջ են, եթե կլինեն այնպիսի արտահայտված կլինիկական նշաններ, որոնք անհանգստացնող են, ապա անձը կուղղորդվի ինֆեկցիոն հիվանդանոց՝ մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար»,-ասաց Լիլիթ Ավետիսյանը:
Ինչ վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք վերջին շրջանում ճամփորդական փորձ չունեն, ապա Լիլիթ Ավետիսյանը նշեց, որ այս դեպքում նույնպես անհրաժեշտ է հենց առաջին իսկ նախանշաններից դիմել բժշկի:
«Պետք է առաջին հերթին զանգահարել բժշկին, ներկայացնել խնդիրը և ստանալ համապատասխան ցուցումներ: Հիշեցնեմ, որ պոլիկլինիկաներում գործում է նաև կանչերի ինստիտուտը, անհրաժեշտության դեպքում բժիշկը կմոտենա»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ շուրջօրյա գործում են «Թեժ գիծ» ծառայությունը՝ 8003 հեռախոսահամարով և «Օպերատիվ զանգերի կենտրոն»-ը՝ 060838300 հեռախոսահամարով: