Ախտանշաններ, որոնք հուշում են օրգանիզմում վիտամին B12-ի դեֆիցիտի մասին

Վիտամին B12-ի՝ իմունային համակարգի համար կարևորագույն այս տարրի դեֆիցիտը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ, ուստի օրգանիզմում դրա մակարդակին հետևելը շատ կարևոր է։ Այս խնդրը հատկապես վտանգավոր է COVID-19-ի համավարակի պայմաններում, քանի որ նպաստում է վարակի նկատմամբ զգայունության բարձրացմանը։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ժամանակին նկատել խանգարումն ու միջոցներ ձեռնարկել դրանից ազատվելու համար։

Վիտամին B12-ը կամ կոբալամինը В խմբի կոմպլեքսային ութ վիտամինից մեկն է, որը շատ կարևոր է օրգանիզմի համար, քանի որ մասնակցում է մի շարք կարևոր բջջային գործընթացներին, այդ թվում՝ նյութափոխանակությանը, արյան շրջանառությանն ու կոգնիտիվ գործառույթներին։ Բացի այդ, այն մասնակցում է նաև կենսականն նշանակություն ունեցող գենետիկ նյութ պարունակող ԴՆԹ-ի շղթաների արտադրությանը, ուստի զարմանալի չէ, որ այն օրգանիզմի համար կարևորագույն տարրերից մեկն է համարվում։

Բժիշկներն ընդգծում են, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում այս վիտամինի դեֆիցիտը կանխելը շատ կարևոր է, քանի որ այն հանգեցնում է օրգանիզմում էրիթրոցիտների քանակի ու հեմոգլոբինի մակարդակի նվազման, նպաստում է օրգանիզմում ամինաթթուների տարրալուծման տոքսիկ արգասիքների կուտակման, թուլացնում է իմունային համակարգն ու հանգեցնում տարատեսակ խանգարումների զարգացման։

Բրիտանական Express պարբերականը ներկայացրել է այն ախտանշանները, որոնք կարող են հուշել վիտամին B12-ի դեֆիցիտի մասին։ Այս խնդիրը կարող է բավական դանդաղ զարգանալ, ուստի այն հայտնաբերելն այդքան էլ հեշտ չի լինում, սակայն ստորև ներկայացրած ախտանշանները կօգնեն նկատել խանգարումը հնարավորինս շուտ։

Քայլվածքի հետ կապված խնդիրներ

Վիտամին B12-ի դեֆիցիտի մասին հուշող արտասովոր ախտանշան կարող են լինել քայլվածքի հետ կապված խնդիրները։ Որոշ դեպքերում մարդկանց մոտ նկատվում են բալանսի ու կոորդինացիայի խանգարումներ և շարժումների դժվարացում, ուստի նման խնդիրները չի կարելի անտեսել։

Լեզվաբորբ

Կոբալամինի պակասը կարող է դառնալ նաև լեզվաբորբի՝ գլոսիտի զարգացման պատճառ։ Նման բորբոքումը կդրսևորվի լեզվի արտասովոր փայլով, այտուցվածությամբ ու ցավով։ Բացի այդ, այս տարրի դեֆիցիտի մասին կարող է հուշել նաև համային ընկալիչների վիճակի փոփոխությունը, ինչի հետևանքով մարդը կարող է լավ չտարբերակել համերը։

Հոգնածություն

Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները նախազգուշացնում են, որ վիտամին B12-ի դեֆիցիտը կարող է դրսևորվել նաև անբացատրելի հոգնածության զգացումով, ուստի նման ախտանշանի առկայության դեպքում հարկավոր է անպայման ստուգել օրգանիզմում այս տարրի մակարդակը։

Տհաճ զգացողություններ վերջույթներում

Վիտամին B12-ի դեֆիցիտի մասին կարող են հուշել նաև այնպիսի տհաճ զգացողությունները, ինչպիսին են ոտքերում, ձեռքերում կամ ոտնաթաթերում նկատվող թմրածությունն ու ծակծկոցը, ուստի առաջին հայացքից անկարևոր թվացող այս ախտանշանը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Ինչ անել վիտամին B12-ի դեֆիցիտի դեպքում

Այս տարրի դեֆիցիտը կարող է զարգանալ դանդաղ, ինչի հետևանքով ախտանշաններն ի հայտ կգան աստիճանաբար և ժամանակի ընթացքում ավելի ակնհայտ կդառնան, սակայն լինում են դեպքեր, երբ խնդիրն ի հայտ է գալիս համեմատաբար արագ։ Օրինակ՝ հիվանդության արագ զարգացման պատճառ կարող են դառնալ վիրահատությունները կամ սննդարար նյութերի յուրացման վրա ազդող հիվանդությունները, ուստի նման դեպքերում հարկավոր է շատ ուշադիր լինել օրգանիզմի տված ազդանշանների նկատմամբ։

Այս կարևոր տարրի պակասը լրացնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հարստացնել սննդակարգը տավարի մսով, լյարդով, կաթնամթերքով, հավկիթով ու սաղմոնազգիներով, քանի որ սննդամթերքի այս տեսակները համարվում են վիտամին B12-ի լավագույն աղբյուրները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook