Ամեն ինչ ծխախոտի մասին:Ինչպես դադարեցնել ծխելը:Ծխի բացասական ազդեցությունը երեխաների և ապագա մայրերի առողջության վրա
Ինչ է պարունակում ծխախոտի ծուխը
Ծխախոտի ծուխը պարունակում է մոտ 4000 քիմիական նյութեր, որոնք խիստ վնասակար են մարդու առողջության համար, քանի որ դրանցից`
- Առնվազն 250-ը համարվում են վնասակար
- 50-ից ավելին համարվում են՝ քաղցկեղածին (նիկոտին, ամոնիակ, ֆորմալդեհիդ, հիդրոգեն ցիանիդ, ֆենոլ և այլն)
Այս նյութերը վտանգավոր են ինչպես ծխողի, այնպես էլ նրա շրջապատում գտնվող չծխողների համար:
Ծխախոտի ծխի ազդեցությունը
- Ծխախոտի ծխի մեջ եղած նիկոտինը ներշնչումից հետո 10 վայրկյանի ընթացքում թափանցում է գլխուղեղ: Այն հաճախացնում է սրտի զարկերը, արագացնում է շնչառությունը,ինչպես նաև նպաստում է արյան մեջ ավելի շատ գլյուկոզայի ներթափանցմանը: Այդ պատճառով է , որ ծխողները նշում են, թե ծխելուց հետո իրենց ավելի առույգ են զգում:
- Ազդելով ուղեղի բջիջների վրա՝ նիկոտինը ստիպում է դրանց ավելի շատ դոֆամին արտադրել, որը նպաստում է տրամադրության բարձրացմանը(ծխողները նշում են, որ ծխելուց հետո իրենց տրամադրությունը լավանում է):
- Մյուս կողմից, պակասում է օրգանիզմի սեփական միջոցներով արտադրվող դոֆամինը և մարդը ընկճված և նյարդայնացած է դառնում: Դա նրան ստիպում է նիկոտինի նոր դոզաներ ընդունել, որպեսզի պահպանվի դոֆամինի նորմալ քանակը արյան մեջ:
Կանոնավոր ծխելը կարող է նպաստել.
- թոքերի, բերանի խոռոչի և այլ տիպի քաղցկեղի զարգացմանը
- թոքերի քրոնիկ հիվանդությունների զարգացմանը՝ (քրոնիկ բրոնխիտներ, էմֆիզեմա, բրոնխիալ ասթմա )
- զարկերակային ճնշման բարձրացմանը, սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը, որն էլ իր հերթին կարող է նպաստել ինֆարկտի և ինսուլտի առաջացմանը
- ծայրամասային անոթների ախտահարմանը
- ծխախոտից ֆիզիկական և հոգեբանական կախվածության առաջացմանը
Երկրորդային ծխի ազդեցութունը
Երկրորդային ծուխը այրվող ծխախոտի ծխի և ծխողի արտաշնչած ծխի խառնուրդն է:
Ի տարբերություն արտաշնչած ծխի`
- ծխախոտի այրման ժամանակ առաջացած ծուխը չի անցնում ծխախոտի ֆիլտրի միջով
- թույլ ծխացող ծխախոտն այրվում է ավելի ցածր ջերմաստիճանում, ինչը նշանակում է, որ այն ոչ լիարժեք է այրվում, առաջացնելով առողջության համար վտանգավոր նյութեր
- երկրորդային ծուխը 3-4 անգամ ավելի թունավոր է, քան ակտիվ ծխողի կողմից ներշնչած ծուխը
- երկրորդային ծխի ազդեցության հետևանքով առողջական լուրջ խնդիրներ ունենալու բարձր ռիսկային խմբին են դասվում նաև հղի կանայք, դեռ չծնված և նորածին երեխաները, մանուկները և դեռահասները
Ինչ վտանգներ է պարունակում երկրորդային ծուխը
- Պասիվ ծխողների մոտ ծխի քրոնիկ ազդեցության դեպքում բարձր է բոլոր այն հիվանդությունների զարգացման հավանականությունն, ինչ ծխողների մոտ
- Ծխողների հետ բնակվող չծխող անձանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը 25-30%-ով ավելի բարձր է, իսկ թոքի քաղցկեղի զարգացման հավանականությունը 20-30%-ով
- Պասիվ ծխելն անբարենպաստ ազդեցություն է թողնում շնչառական համակարգի հիվանդություններով, հատկապես բրոնխիալ ասթմայով տառապող հիվանդների վրա, և անգամ կարող է ասթմատիկ նոպայի առիթ հանդիսանալ
Ինչպես է ծխախոտն ազդում սիրտ–անոթային համակարգի վրա
- Ծխելը սիրտ-անոթային հիվանդությունների և կաթվածի զարգացման ամենալուրջ վտանգի գործոնն է:
- Ծխելը բերում է անոթների պատերի ախտահարմանը, որը կարող է սպազմի և թրոմբի առաջացման պատճառ հանդիսանալ: Այս ամենը կարող է բերել ինսուլտի և ինֆարկտի առաջացմանը:
Ինչպես է երկրորդային ծուխն ազդում հղի կնոջ և նրա ապագա երեխայի վրա
Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում ապացուցվել է, որ հղիության ընթացքում կնոջ ծխելը և/կամ պասիվ ծխելը.
- Մեծացնում է վիժումների և վաղաժամ ծննդաբերության հավանականությունը:
- Դանդաղեցնում է պտղի աճը, ինչը հանգեցնում է փոքր քաշով նորածնի ծնունդի: Իր հերթին ցածր քաշով ծնված երեխաները հետագայում առավել ընկալողունակ են վարակների նկատմամբ և առավել հաճախ են հիվանդանում:
Ինչպես է երկրորդային ծուխն ազդում երեխայի առողջության վրա
- Երկրորդային ծխի ազդեցությունը առանձնապես վտանգավոր է երեխայի կյանքի առաջին հինգ տարիների ընթացքում
- Մի քանի ծխողների ծխով լցված սենյակում երեխայի մեկ ժամ գտնվելը հավասարազոր է նրան, որ երեխան օրական 10 և ավելի ծխախոտի գլանակ ծխի: Որքան փոքր է երեխան, այնքան նրա առողջության համար վտանգավոր է ծխախոտի ազդեցությունը:
Պասիվ ծխելը
-մեծացնում է մինչև 1 տարեկան երեխաների հանկարծամահության հավանականությունը
-նպաստում է թոքաբորբերի, բրոնխիտների, բրոնխիալ ասթմայի հիվանդացությանը, մեծացնում է բրոնխիալ ասթմայի նոպաների հաճախականությունը
–բերում է միջին ականջի սուր և քրոնիկ բորբոքումների, ինչն էլ կարող է հետագայում լսողության վատացման պատճառ դառնալ:
Ինչպես դադարեցնել
- Այդ մասին տեղեկացրեք Ձեր ընկերներին: Խնդրեք, որ նրանք Ձեզ չառաջարկեն ծխել:
- Որոշեք ծխելը դադարեցնելու կոնկրետ օրը: Այդ օրը ընտրեք 2-4 շաբաթ առաջ, որպեսզի պատրաստվելու ժամանակ ունենեք:
- Փորձեք պարզել, թե էլ ի՛նչ կարող եք անել ծխելու փոխարեն (առանց շաքարի ծամոն ծամել, արևածաղկի սերմեր ուտել, դուրս գալ զբոսանքի, զանգել ընկերներին և այլն)
- Ծխելը դադարեցնելու համար առաջին հերթին պետք է վերանայեք և փոխեք Ձեր առօրյա կյանքի սովորությունները:
- Տանից և աշխատանքից վերացրեք այն ամենն, ինչ ծխելու հետ է կապված. Ծխախոտը, մոխրամանը, կրակայրիչը:
- Խուսափեք այն իրավիճակներից, երբ Դուք սովորոբար ծխում էիք: Դրանք փոխարինեք նոր և օգտակար սովորույթներով, ասենք ֆիզիկական վարժություններ կատարելով, մաքուր օդում զբոսնելով:
- Սթրեսի հաղթահարման նոր եղանակներ սովորեք:
- Ավելի շատ ժամանակ անցկացրեք չծխողների հետ: Դուք չեք կարող ուրիշների ստիպել, որ չծխեն, բայց ինքներդ կարող եք հեռանալ այնտեղից, որտեղ ծխում են:
- Երբեմն կարող եք ժամանակավորապես որոշ լրացուցիչ միջոցներ կիրառել: Օրինակ, կան նիկոտին պարունակող սպեղանիներ ու ծամոններ: Դրանք վաճառվում են դեղատներում:
- Ծխելը թողնելուց հետո ժամանակ առ ժամանակ ինքներդ Ձեզ պարգևատրեք Ձեր հաջողությունների համար: Օրինակ, 1 շաբաթվա կամ 1 ամսվա ծխախոտից խնայած գումարով Ձեզ կամ Ձեր երեխաներին մի ցանկալի նվեր գնեք:
- Եթե չնայած բոլոր ձեռք առած միջոցառումներին, Դուք չեք դիմացել և կրկին սկսել եք ծխել, ապա երբեք մի՛ հուսահատվեք:
- Միշտ չէ, որ առաջին անգամից ամեն ինչ ստացվումէ: Ծխելը թողնելը լուրջ կամքի ուժ է պահանջում: Փորձեք հասկանալ, թե ինչն էր սայթաքելու պատճառը: Գոտեպնդվեք և ամեն ինչ սկսեք նորից:
Նիկոտին փոխարինող թերապիա
Սպեղանի
- Ծխողների մեծ մասը սկսում են ամբողջական սպեղանի փակցնելուց (15-22մգ նիկոտին/օրը) առաջին 4 շաբաթվա ընթացքում, հետո կիրառում են թույլ սպեղանի (5-14մգ նիկոտին/օրը) հաջորդ շաբաթվա ընթացքում
- Փակցնել 1 սպեղանի օրը՝ պարանոցից մինչև գոտկատեղ ընկած հատվածում
- Ամեն օր սպեղանին փակցնել նոր տեղում՝ մաշկի գրգռումից խուսափելու համար
- Բուժման տևողությունը մինչև 8 շաբաթ է
Մաստակ
- Մեծ մասամբ պետք է սկսել 2 մգ նիկոտինից, որոշ դեպքերում (ծխելը թողնելու անհաջող փորձեր, օրական 20 գլանակ ծխելու սովորույթ և այլն) կարելի է սկսել 4 մգ-ից
- Արդյունք ստանալու համար սկզբում պետք է դանդաղ ծամել, մինչև որ կծու համ զգացվի
- Այնուհետև մաստակը պետք է պահել այտի և լնդի արանքում մինչև 30 րոպե
- Սովորաբար կիրառվում է առնվազն 1 մաստակ յուրաքանչյուր 1-2 ժամը մեկ
- Բուժման տևողությունը 1-3 ամիս է երբեմն մարդիկ չեն ծամում մաստակի անհրաժեշտ քանակը կամ չեն պահպանում 8 շաբաթյա բուժման կուրսը: Այդ դեպքում բուժումը կարող է անարդյունավետ լինել:
- Կողմնակի ազդեցություններն են՝ զկրտոց, ցավ ծնոտի շրջանում, մարսողության խանգարումներ:
Խորհուրդ է տրվում կիրառել այս եղանակներից միայն մեկը: Միայն այն դեպքում, երբ դա անարդյունավետ է՝ կարելի է համատեղել երկու մեթոդները, հիշելով, որ այստեղ գերդոզավորման վտանգ կա:
Թու’յլ մի տվեք, որ Ձեր երեխան շնչի ծխախոտի ծուխը: Պաշտպանեք Ձեզ և Ձեր երեխային ծխախոտի ծխից:
կարդացեք նաև` Ծխող մարդու ինդեքս
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը պարտադիր էԱմեն ինչ ծխախոտի մասին:Ինչպես դադարեցնել ծխելը:Ծխի բացասական ազդեցությունը երեխաների և ապագա մայրերի առողջության վրա