Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Առողջական ինչ խնդիրներով կարող է պայմանավորված լինել բերանում դառը համի առկայությունը

Բերանում դառը համի առկայությունը բավական տարածված խնդիր է և շատերին է ծանոթ, սակայն ոչ բոլորը գիտեն, թե իրականում ինչ վտանգավոր խանգարումների ախտանշան այն կարող է լինել։ Շատ հաճախ դառը համի առկայությունը պայմանավորված է լինում թթու, կծու կամ մեծ քանակությամբ համեմունքներ պարունակող մթերքի գործածությամբ, սակայն կան նաև մի շարք այլ գործոններ, որոնք կարող են դառնալ նման խնդրի պատճառ։

 Մասնագետները նախազգուշացնում են, որ այս ախտանշանը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել, քանի որ այն կարող է հուշել առողջական լուրջ խնդիրների մասին։ Medikforum.ru կայքը ներկայացրել է այն խնդիրները, որոնք կարող են ուղեկցվել նման տհաճ զգացողությամբ։

Բերանի խոռոչի չորություն

Այս խանգարումը զարգանում է ոչ բավարար քանակությամբ թքի արտադրության հետևանքով։ Թուքը պարունակում է բակտերիասպան տարրեր, որոնք կանխում են մանրէների ակտիվ բազմացումը, ուստի դրա քիչ քանակությունը հանգեցնում է բերանում տհաճ համի առաջացման։ Նման խնդրի պատճառ կարող են դառնալ ծխախոտի գործածությունը, քթի փակվածությունը, դեղորայքի ընդունումը, թքագեղձերի հիվանդությունները, ներքին օրգանների ախտաբանությունները, վարակներն ու օրգանիզմի ջրազրկումը։

Բերանի խոռոչի հիվանդություններ

Բերանի խոռոչի ու ատամների տարատեսակ հիվանդությունները ևս կարող են դառնալ բերանում դառը համի առկայության պատճառ։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է խստորեն հետևել բերանի խոռոչի հիգիենային, ժամանակին բուժել ի հայտ եկած խնդիրներն ու պարբերաբար պրոֆիլակտիկ բուժզննում անցնել։

Հղիություն

Հղիության առաջին եռամսյակը հաճախ է ուղեկցվում բերանում տհաճ կամ դառը համի առկայությամբ, ինչը տոքսիկոզի ախտանշաններից մեկն է։ Այս դեպքում խնդիրը կարող է ուղեկցվել նաև բերանի խոռոչի չորությամբ, ընդհանուր ինքնազգացողության վատթարացմամբ, հոտառության փոփոխությամբ ու սրտխառնոցով։

Դաշտանադադար

Հորմոնալ փոփոխություններն իրենց ազդեցությունն են ունենում ընկալիչների վրա։ Բացի այդ, էստրոգենի մակարդակի նվազումը հանգեցնում է բերանի խոռոչի լորձաթաղանթի չորացմամբ, ինչն էլ դառնում է բերանում դառը համի առկայության պատճառ։

Այրվող բերանի համախտանիշ

Այս տհաճ խնդիրն ուղեկցվում է լեզվի ու լնդերի այրոցի զգացողությամբ, ինչը նման է որևէ կծու մթերքի գործածության հետևանքով առաջացող այրոցին։ Այս դեպքում այրոցի հետ մեկտեղ կարող է նկատվել նաև դառը համ, որի պատճառները հայտնի չեն։ Նման տհաճ զգացողությունից կարելի է ազատվել քաղցր կամ սառը մթերքի գործածության միջոցով։

Թթվային ռեֆլյուքս

Բերանում դառը կամ թթու համ կարող է նկատվել նաև ստամոքսի այրոցի դեպքում, երբ ստամոքսի թթու պարունակությունը հայտնվում է կերակրափողում։ Դառը համն այս դեպքում պայմանավորված է աղաթթվի ու լեղու առկայությամբ։ Նման դեպքերում կարող են նկատվել նաև ցավ ու ստամոքսում ծանրության զգացողություն։

Բերանի խոռոչի կաթնասնկախտ

Իմունային համակարգի թուլացումը հաճախ է ուղեկցվում կաթնասնկախտի զարգացմամբ։ Այս հիվանդության դեպքում այտերի, լեզվի կամ լնդերի վրա ի հայտ է գալիս սպիտակ փառ, որը պայմանավորված է լինում սնկերի բազմացմամբ։ Հենց այս փառն էլ հանգեցնում է տհաճ դառը համի առաջացման։

Մշտական սթրես

Անհանգստութունն ու նյարդային լարվածությունը կարող են իրենց ազդեցությունն ունենալ նաև բերանի խոռոչի վրա։ Սթրեսի հորմոնների մակարդակի բարձրացման հետևանքով խանգարվում է ընկալիչների աշխատանքը, ինչն էլ ազդում է համի ընկալման վրա։

Նյարդային համակարգի խանգարումներ

Նյարդային համակարգի օրգանների վնասվածքների դեպքում համային ընկալիչների աշխատանքը կարող է ժամանակավորապես խանգարվել։ Նման դեպքերում բերանում դառը համի առկայություն բավական հաճախ հանդիպող խնդիր է լինում։

Նյութը` med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook