Thursday, May 2, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչպես է տարատեսակ վիտամինների ու հանքանյութերի դեֆիցիտն անդրադառնում մարդու արտաքինի վրա

Բոլորն էլ գիտեն, որ տարատեսակ վիտամիններն ու հանքանյութերը շատ կարևոր նշանակություն ունեն օրգանիզմի համար, քանի որ մասնակցում են կենսական նշանակություն ունեցող բոլոր գործընթացներին, սակայն քչերին է հայտնի, թե ինչ նշանակություն ունեն դրանք մարդու արտաքինի համար և ինչպես կարող է որոշակի տարրերի դեֆիցիտն անդրադառնալ արտաքինի վրա։

Մասնագետների խոսքով՝ որոշակի վիտամինների ու հանքանյութերի դեֆիցիտը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ մարդու արտաքինի վրա՝ դառնալով մազերի, մաշկի, եղունգների ու աչքերի վիճակի վատթարացման պատճառ։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է իմանալ, թե որ ախտանշաններն են հուշում այս կամ այն տարրի պակասի մասին և ժամանակին միջոցներ ձեռնարկել լուրջ բարդություններից խուսափելու համար, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ ախտանշաններից մի քանիսը։

Աչքերի չորություն, քոր ու այտուցվածություն

Աչքերի առողջության համար շատ կարևոր նշանակություն ունեն օմեգա-3 ճարպաթթուները, որոնք կուտակվում են ցանցաթաղանթում։ Այս կարևոր տարրերի պակասը հանգեցնում է աչքերի չորության, քորի և այտուցվածության։ Նման խնդրից խուսափելու համար հարկավոր է սննդակարգում ներառել յուղոտ ձկնատեսակներ, ջրիմուռներ, հունական ընկույզ, կտավատի սերմեր, ձիթայուղ ու կտավատի յուղ։

Մազերի բարակում ու խամրածություն

Այս տհաճ խնդրի հնարավոր պատճառներից մեկը բիոտինի՝ В խմբի վիտամիններից կարևորագույններից մեկի դեֆիցիտն է։ Ընդ որում՝ այս տարրը շատ կարևոր է ոչ միայն մազերի, այլև մաշկի ու նյարդային համակարգի համար։ Ավելին՝ այն վիտամին B5-ի և ֆոլաթթվի հետ մեկտեղ կանխում է նաև մազերի վաղաժամ ճերմակումը։ Բավարար քանակությամբ բիոտին ստանալու համար հարկավոր է սննդակարգը հարստացնել կանաչ տերևավոր բանջարեղենով, կաթնամթերքով, հավկիթով, թռչնամսով, ընկույզներով, սերմերով ու ամբողջական հացակատիկով։

Մազաթափություն

Մազաթափությունն ամենատհաճ խնդիրներից մեկն է, որի պատճառ կարող է դառնալ երկաթի պակասը։ Ընդ որում՝ այս դեպքում մազաթափությունից բացի կարող է նկատվել նաև մաշկի գունատություն ու վերջույթների սառնություն։ Երկաթի դեֆիցիտից ազատվելու համար հարկավոր է սննդակարգում օգտագործել մեծ քանակությամբ դդմի սերմեր, լոբազգիներ, սպանախ ու այլ տերևավոր բանջարեղեն։ Բացի այդ, շատ կարևոր է նաև բավարար քանակությամբ վիտամին С ստանալը, քանի որ այս տարրը նպաստում է երկաթի յուրացմանը։

Մազաթափությունը կարող է պայմանավորված լինել նաև ցինկի դեֆիցիտով։ Այս տարրն անհրաժեշտ է բջիջների կրկնապատկման ու սպիտակուցների կլանման համար, իսկ այս գործառույթներն ապահովում են վարսերի փարթամությունն ու առողջ փայլը։ Ցինկի դեֆիցիտի դեպքում խնդրի լուծման համար կարել է օրական մինչև 15 մգ ցինկի ցիտրատ ընդունել։

Մաշկի չորություն ու կոշտացում 

Մաշկի նման խնդիրները նույնպես կարող են պայմանավորված լինել ցինկի պակասով։ Օրգանիզմն իր ստացած ցինկի շուրջ հինգ տոկոսը պահում է մաշկի մեջ, ուստի դրա դեֆիցիտը հանգեցնում է վերքերի դանդաղ ապաքինման, մաշկի չորացման ու կոշտացման։ Բացի այդ, մաշկի չորության պատճառ կարող է դառնալ նաև օմեգա-3 ճարպաթթուների պակասը։

Թուլացած մաշկ ու եղունգների փխրունություն

Նման տհաճ ախտանշանները հաճախ պայմանավորված են լինում ծծմբի դեֆիցիտով, իսկ այս տարրն անվանում են «գեղեցկության հանքանյութ»։ Ծծումբը պահպանում է մաշկի պրկության համար պատասխանատու կոլլագենի և մազերն ու եղունգներն ամրապնդող կերատինի արտադրությունը։ Այս տարրի դեֆիցիտից խուսափելու համար հարկավոր սննդակարգում ներառել ձվի դեղնուց, սոխ, սխտոր, խաչածաղկավոր բանջարեղեն, միս ու ձուկ։

Եղունգների դանդաղ աճ, անհարթություն ու սպիտակ երանգ

Եղունգների առողջությունն անմիջականորեն կապված է մարսողության հետ։ Ստամոքսաթթվի ցածր մակարդակի դեպքում օրգանիզմը նորմալ չի մարսում սնունդն ու չի յուրացնում կարևոր սննդարար նյութերն ինչպես հարկն է, ինչը շատ հաճախ առաջին հերթին անդրադառնում է եղունգների վրա՝ դառնալով դրանց թուլացման ու փխրունության պատճառ։ Միևնույն ժամանակ՝ ստամոքսի ցածր թթվայնությունը կարող է պայմանավորված լինել В խմբի վիտամինների ու ցինկի դեֆիցիտով, ուստի եղունգների վիճակը նույնպես կարող է կապված լինել այս տարրերի պակասի հետ։ Ավելին՝ ցինկի պակասը հանգեցնում է նաև եղունգների վրա սպիտակ բծերի առաջացման ու դանդաղեցնում է դրանց աճը, ուստի նման խնդիրների դեպքում հարկավոր է առաջին հերթին ուշադրություն դարձնել այս տարրի մակարդակին։

Մաշկի յուղոտություն ու բշտիկների առաջացում

Մաշկի յուղոտությունն ու բշտիկների առաջացումը նույնպես հուշում է ցինկի դեֆիցիտի մասին։ Բացի այդ, նման տհաճ խնդիրը կարող է պայմանավորված լինել նաև վիտամին A-ի չափազանց ցածր մակարդակով։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook