Friday, April 26, 2024
ՀիվանդություններՆորություններ

Կանանց «թաքնված» ու «ակնհայտ» սեռավարակները, դրանց ախտանշաններն ու բուժման եղանակները

Ինտիմ հարաբերությունները մարդու կյանքում շատ կարևոր նշանակություն ունեն: Դրանք հաճույք են պատճառում, ամրապնդում են ամուսնական կապերը, ավելի վառ գույներ ու թարմություն են հաղորդում զուգընկերների հարաբերություններին: Սակայն երբեմն այս հարաբերությունները, դրական զգացողություններից բացի, պատճառում են նաև անախորժություններ՝ սեռավարակների և սեռական հարաբերությունների հետևանքով միզասեռական համակարգն ախտահարող այլ հիվանդությունների տեսքով: Բորբոքումներով, ցավով ու այրոցով ուղեկցվող այս վարակների ի հայտ գալը կարող է շատ տհաճ անակնկալ լինել զուգընկերների համար և փչացնել հարաբերությունները՝ կասկածներ սերմանելով: Սակայն հաճախ այդ հիվանդություններից շատերը կարող են տարիներ շարունակ «քնած» լինել և ոչ մի կերպ չարտահայտվել՝ դառնալով «թաքնված վարակ»:

Այս հիվանդությունները շարունակում են տարածվել նույնիսկ զարգացած տեխնոլոգիաների ու բժշկական հայտնագործությունների դարում: Ընդ որում՝ դրանց բուժմամբ այժմ զբաղվում են ոչ միայն ուրոլոգներն ու գինեկոլոգները, այլև մանկաբույժները, քանի որ հաճախ հիվանդ մայրերը վարակում են նաև իրենց փոքրիկներին:

Սուր բորբոքումն ու դրա դրսևորումները

«Կանանց» վարակը կարելի է բաժանել երկու մեծ խմբի՝ «թաքնված» և «ակնհայտ» ախտաբանություններ: «Ակնհայտ» ախտանաբանությունները սովորաբար արտահայտվում են վարակվելուց գրեթե անմիջապես հետո և դրսևորվում են մի շարք ախտանշաններով (սիֆիլիս, գոնորեա, տրիխոմոնիազ, կանդիդոզ): Դրանք դրսևորվում են.

·         սեռական օրգանների հատվածում բորբոքումներով, ցավով, գրգռվածությամբ ու այրոցով,

·         շեքի հատվածում տարատեսակ ցանով,

·         տհաճ հոտ ու գույն ունեցող արտադրությամբ,

·         դաշտանային ցիկլի խանգարումներով և ցավոտ միզարձակությամբ,

·         ցայլքի կամ շեքի հատվածում մղկտուն կամ ձգող ցավով,

·         այլ ցավոտ ախտանշաններով:

Ինչ վտանգ կարող են ներկայացնել «թաքնված» վարակները

«Թաքնված» վարակների դեպքում ամեն ինչ շատ ավելի բարդ է, քանի որ դրանք կարող են տարիներ շարունակ աննկատ մնալ և հայտնաբերվել միայն գինեկոլոգիական ստուգման ժամանակ: Այս վարակները չեն դրսևորվում ո՛չ ցավով, ո՛չ բորբոքումներով, ո՛չ էլ արտադրությամբ, սակայն կարող են լրջորեն վնասել կանանց առողջությանը:

Նման հիվանդությունները կարող են դառնալ անպտղության, պտղի մոտ արատների ձևավորման, հղիության ընդհատման և հղիության հետ կապված այլ խնդիրների առաջացման պատճառ: Ներկայում ամենատարածված «թաքնված» վարակներն են գարդներելյոզը, միզասեռական միկոպլազմոզը, խլամիդիոզը, ուրեապլազմոզը, ցիտոմեգալովիրուսային վարակը, հերպեսային վարակը, մարդու պապիլոմավիրուսը:

Առանց ցավի ու դրսևորման, սակայն ծանր բարդություններով

«Թաքնաված» վարակներ առաջացնող միկրոօրգանիզմները հաճախ ապրում են բջիջների մեջ, ուստի անհասանելի են իմունային համակարգի համար: Դրանք կարող են դրսևորվել սթրեսի, դեպրեսիաներ, ինչպես նաև հղիության ժամանակ:

Օրգանիզմում հայտնվելով՝ այդ վարակներն ախտահարում են հեշտոցն ու արգանդի վզիկի հատվածը, իսկ արգանդի վզիկի էրոզիայի դեպքում սկսում են նաև ակտիվորեն բազմանալ: Դրանք կարող են ախտահարել նաև միզուկը: Այնուհետև այս վարակներն ախտահարում են արգանդն ու դրա կցորդները՝ առաջացնելով բորբոքումներ, կպումներ և լորձաթաղանթի կառուցվածքի խանգարումներ: Այս ամենի հետևանքով կարող է առաջանալ անպտղություն, քանի որ ձվաբջիջը նորմալ չի զարգանում, ի հայտ են գալիս խնդիրներ՝ կապված բեղմնավորման հետ, բարձր է լինում հղիության ընդհատման վտանգը:

Բացի այդ, ակտիվ վարակը հղիության վաղ փուլերում կարող է դառնալ պտղի մոտ արատների զարգացման, նրա մահվան կամ այլ բարդությունների ի հայտ գալու պատճառ:

Նման դեպքերում հղիության արհեստական ընդհատումը կարող է հանգեցնել էնդոմետրիտի և կցորդների հատվածում դանդաղ ընթացող բորբոքման առաջացման, ինչն էլ կուղեկցվի երկրորդային տիպի անպտղությամբ:

Հիվանդությունների ախտորոշումը

«Թաքնված» սեռավարակների ախտորոշման համար հարկավոր է մանրակրկիտ բուժզննում անցնել և մի շարք անալիզներ հանձնել՝ հիվանդության հարուցիչը որոշելու համար: Հատկապես կարևոր է բուժզննումն ու բուժումը հղիության պլանավորման ընթացքում:

Մեկ կամ ավել հարուցիչի հայտնաբերման դեպքում հարկավոր է շտապ բուժում սկսել՝ նույնիսկ, եթե հիվանդությունը ոչ մի տհաճ ախտանշան չի առաջացնում:

Նման հիվանդությունների բուժման ժամանակ կիրառվում է.

·         տեղային կամ համակարգային ազդեցություն հարուցիչի վրա,

·         իմունախթանում՝ օրգանիզմի սեփական ուժերն ակտիվացնելու և հարուցիչը բջիջներից դուրս բերելու համար,

·         հեշտոցի միկրոբիոցենոզի վերականգնում:

Հարկ է հիշել, որ սեռավարակների հարուցիչների դեմ պայքարում անհրաժեշտ է անմիջական ազդեցություն գործադրել հարուցիչի վրա, իսկ եղամիջոցն ընտրելիս՝ հաշվի առնել կնոջ ընդհանուր վիճակը (հղիություն, առողջական խնդիրներ և այլն):

Հղիության ընթացքում նմանատիպ հիվանդությունները վտանգավոր են, քանի որ կարող են բացասաբար ազդել պտղի զարգացման վրա, ուստի այս դեպքում կիրառվում է տեղային համակցված թերապիա մի քանի փուլով: Ընդ որում՝ բուժումն իրականացվում է միայն մասնագետի հսկողության ներքո:

Նաև հարկ է հիշել, որ բուժման կուրսը ոչ մի դեպքում չի կարելի ընդհատել, իսկ բուժումից 2-4 շաբաթ անց հարկավոր է կրկին բուժզննում անցնել և հանձնել անհրաժեշտ անալիզները:

Նյութի աղբյուրը՝ medaboutme.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook