Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Կոնյուկտիվիտ

Շաղկապենաբորբ (կոնյուկտիվիտ), ակնագնդերի և կոպերի լորձաթաղանթի` շաղկապենու բորբոքում: Տարբերում են սուր կոնյունկտիվիտ և քրոնիկական կոնյունկտիվիտ:

Ըստ ծագման կարող է լինել արտածին (էքսոգեն) և ներծին (էնդոգեն).

  • 2887258-0301Արտածին շաղկապենաբորբը առաջանում է զանազան մանրէներով (ստրեպտոկոկեր, ստաֆիլակոկեր, դիֆթերիային ցուպիկներ, գոնոկոկեր և այլն, շաղկապենաբորբի համար առանձնահատուկ՝ Կոխ-Ուիկսի ցուպիկ և Մորաքս-Աքսենֆելդի դիպլոբացիլ) ախտահարվելիս։ Շաղկապենաբորբը կարող է զարգանալ նաև մեխանիկական գրգիռներից (աչքն օտար մարմին ընկնելիս), ջերմության, ուլտրամանուշակագույն և իոնացնող ճառագայթների, քիմիական գործոնների ազդեցությունից։
  • Ներծին շաղկապենաբորբը առաջանում է վարակիչ (կարմրուկ, քութեշ և այլն), քթըմպանի, ատամների, ստամոքսաաղիքային համակարգի, լյարդի և այլ բորբոքային հիվանդությունների դեպքում։ Էնդոգեն են համարվում նաև ալերգիական շաղկապենաբորբերը։

Ըստ կլինիկական ընթացքի շաղկապենաբորբ լինում է սուր և քրոնիկական.

  • Սուր շաղկապենաբորբը արտահայտվում է աչքից թարախահոսությամբ, կոպերի և ակնախնձորի գերարյունությամբ, երբեմն շաղկապենու կետավոր արյունազեղումներով և այտուցով։ Որոշ դեպքերում թմբիկային գոյացությունների (ֆոլիկուլներ) և պտկիկների առաջացման հետևանքով շաղկապենու մակերեսը դառնում է անհարթ։
  • Քրոնիկական շաղկապենաբորբը ընթանում է շաղկապենու չափավոր փոփոխություններով, լուսավախությամբ և աչքի լցվածության զգացումով։
  • Շաղկապենու բորբոքման պատճառը շրջակա միջավայրի տարբեր գործոնների` ազդեցությունն է շաղկապենու վրա, օրինակ՝ հիվանդածին բակտերիաների, վիրուսների, ինչպես նաև ֆիզիկական և քիմիական գրգռիչների: Պետք է հիշել, որ բակտերիաների և վիրուսների հարուցած կոնյունկտիվիտը վարակիչ է: Կոնյունկտիվիտի առաջացմանը նպաստում են կեղտոտված օդը, փոշին, ծուխը, վատ լուսավորության պայմաններում կատարվող լարված տեսողական աշխատանքը, քթի և կոկորդի հիվանդությունները, ալկոհոլային խմիչքի չարաշահումը, ակնոցով չշտկված աչքի օպտիկական թերությունները (հատկապես հեռատեսությունը և աչքի տարաբեկությունը) և այլն: Վարակիչ սուր կոնյունկտիվիտի ժամանակ վարակը փոխանցվում է թարախային արտադրությամբ կեղտոտված առարկաներով՝ անկողնային պարագաներ, սրբիչ, թաշկինակ և այլն: Հաճախ վարակը տարածվում է հիվանդ աչքից առողջին՝ ձեռքերի միջոցով: 
  •  Սուր կոնյունկտիվիտի առաջին իսկ ախտանշանների դեպքում պետք է դիմել ակնաբույժի: Չի կարելի աչքին վիրակապ դնել, քանզի դա նպաստավոր պայմաններ կստեղծի մանրէների բազմացման համար, և անմիջապես կբորբոքվի նաև եղջերաթաղանթը:
  • Քանի որ վարակիչ սուր կոնյունկտիվիտի ժամանակ վարակը փոխանցվում է թարախային արտադրությամբ կեղտոտված առարկաներով՝ անկողնային պարագաներ, սրբիչ, թաշկինակ, ինչպես նաև հաճախ վարակը տարածվում է հիվանդ աչքից առողջին՝ ձեռքերի միջոցով, ուստի խիստ կարևոր է անձնական հիգիենայի կանոնների պահպանումը: Կանխարգելման համար կարևոր է օդի մաքրությունը և աշխատանքի ժամանակ բնականոն լուսավորությունը: Տեսողության խանգարման դեպքում անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի՝ ակնոց նշանակելու համար:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook