Saturday, April 27, 2024
Նորություններ

Մարզերի հետ աշխատանքի մոտեցումը փոխվում է` անկախ նրանից` ով ով է. առողջապահության նախարար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարզային առողջապահության պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ինչպես կոնկրետ համայնքներին բնորոշ առանձին, այնպես էլ ընդհանուր խնդիրներին:

«Մարզային առողջապահությունը պետք է զարգանա, և դուք դրանում ձեր էական դերակատարումը պետք է ունենաք մեր օգնությամբ և ֆինանսական հատկացումների առավել արդյունավետ բաշխմամբ: Ֆինանսների որոշակի վերաբաշխում նախատեսվում է, և մարզերի հիվանդանոցային սեկտորին հատկացվող գումարի ավելացում կունենանք: Առողջության առաջնային պահպանման օղակում աշխատավարձերն այս տարի կբարձրանան, հնարավոր է բարձրանան եկող տարի ևս: Ընդ որում` դա արվելու է մեր ռեսուրսների հաշվին` առանց հավելյալ ծախսերի»,-մարզպետարանների առողջապահության վարչությունների ղեկավարներին փոխանցել է նախարար Թորոսյանը:

Հանրապետության մի շարք բժշկական կազմակերպություններ ընդգրկվել են հրատապ վերանորոգման, արդիականացման ենթակա հաստատությունների ցանկում, այս խնդիրների լուծման ֆինանսավորման ուղղություններն են քննարկվում:

«Ժամանակին տարբեր մարզերի համակարգային խնդիրների լուծմանն առողջապահության նախարարության ներգրավվածությունը տարբեր է եղել: Մոտեցումը փոխվում է: Հիմա բոլորի հետ աշխատում ենք նույն մոտեցմամբ, նույն մեխանիզմով: Ցանկացած կարևոր հարց միշտ պետք է համաձայնեցվի մեզ հետ` անկախ նրանից` ով ով է: Քաղաքականություն որոշողն առողջապահության նախարարությունն է: Դա փոխանցվել է նաև մարզպետներին»,- ընդգծել է առողջապահության նախարարը:

Մարզպետարանների առողջապահության վարչությունների ու բաժինների ղեկավարները ներկայացրել են իրենց հուզող խնդիրներն ու առաջարկները` կապված շտապօգնության, ծննդօգնության, համայնքային ամբուլատորիաներին առնչվող որոշ հարցերի կարգավորման և այլնի հետ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook