Friday, May 3, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Հարցազրույց Հայաստանի ամենաերիտասարդ դիմածնոտային պլաստիկ վիրաբույժ Դավիթ Ավինյանի հետ

Ինձ հաճախ են հարցնում, արդյոք եղել են արտաքինումս ինչ-որ միջամտություններ, պատասխանս էլ միշտ բացասական է. տարիներ շարունակ առաջնորդվում եմ այն գաղափարով, որ երբ մարդը խարիզմատիկ է ու հետաքրքիր, չես նկատի նրա արտաքինում և ոչ մի թերություն: Պլաստիկ վիրաբուժության մասին էլ մտածում էի, թե դարի հիվանդությունն է, որին գերի են դարձել այդքան մեծ թվով երիտասարդներ՝ փորձելով կերպարանափոխվել ու այդ միջոցով լուծել մի շարք հոգեբանական խնդիրներ… Այս կարծիքս պահպանվում էր մինչև այն պահը, երբ ծանոթացա Դավիթ Ավինյանի հետ, 26-ամյա իր գործի գիտակ վիրաբույժը շատ գրագետ ձևով բացատրեց ինձ, որ պլաստիկ վիրաբուժությունը, այն էլ դիմածնոտային պլաստիկ վիրաբուժությունը միտված է ոչ միայն շտկելու մարդկանց դեմքի այսպես կոչված «թերությունները», այլ շատ հաճախ կատարում է բուժական ֆունկցիա՝ նպաստելով մարդու առողջությանը: Դե ինչ, եթե ռինոպլաստիկայից հետո միջնապատը շտկելու եք ու բարելավեք Ձեր ինքնազգացողությունը, ուրեմն խնդիր չկա, դիմեք դիմածնոտային պլաստիկ վիրաբույժի օգնությանը՝ իսկ ավելի ցանկալի է Դավիթի նման գրագետ վիրաբույժի, ով չնայած երիտասարդ տարիքին ունի բավականին լուրջ աշխատանքային փորձ և մի յուրահատուկ մոտեցում, որը կբացահայտեք այս հարցազրույցում:

Mashroom: Սկսենք ակունքներից. Երբ և ինչպես որոշեցիք դառնալ բժիշկ:

Դավիթ Ավինյան: Երբևէ երկընտրանքի առաջ չեմ եղել, դպրոցն ավարտելուն պես որոշել եմ, որ ընդունվելու եմ Երևանի Պետական Բժշկական Համալսարան, ուղղակի սզբում ցանկություն կար դառնալու ատամնաբույժ, սակայն հետո մտադրություններս փոխվեցին:

Mashroom: Խնդրում եմ պատմել նաև Ձեր անցած ուղու, կրթության ու արտերկրում ստացած գիտելիքների ու  հմտությունների մասին:

Դավիթ Ավինյան: Երևանի Պետական Բժշկական Համալսարանում ուսանելուց հետո կրթությունս շարունակել եմ Իսպանիայի Սանտիագո-դե-Կոմպոստելա քաղաքում, ինչն ինձ համար բավականին լուրջ առաջընթաց ապահովեց մասնագիտական առումով: Այդ շրջանում ես զբաղվում էի մանկական դիմածնոտային վիրաբուժությամբ, այսինքն բնածին արատների՝ շրթունքի ու քիմքի ճեղքվածքների շտկմամբ: Այնուհետև սկսել եմ զբաղվել դիմածնոտային պլաստիկ վիրաբուժությամբ՝ ռինոպլատիկա, սեպտոպլաստիկա և այլն:

Mashroom: Որքանո՞վ էր արտերկրում ստացած փորձը կիրառելի հայրենիքում:

Դավիթ Ավինյան: Իրականում, ինձ համար ավելի կարևոր էր կիրառել այն նորարարական նյութերը, որոնք այստեղ դեռ չէին կիրառվում, քան այնտեղի տեխնիկական գիտելիքները: Ուրախ եմ, որ Եվրոպայում դեռ այն ժամանակ հայտնի նյութերն այսօր արդեն բավականին լայն տարածում ունեն Հայաստանում:

Mashroom: Ամենաերիտասարդ գործող պլաստիկ վիրաբույժ լինելն օգնո՞ւմ է, թե խանգարում Ձեր մասնագիտական կյանքում:

Դավիթ Ավինյան: Անկեղծ ասած, երկու դեպքերն էլ պատահում են, քանի որ պացիենտները բաժանվում են երկու տեսակի՝ մի մասի համար դու երիտասարդ ես, հետևաբար, ունես արդիական հայացք և մոտեցումներ այս կամ այն միջամտության շուրջ,  մի մասն էլ կոնսերվատիվ է և պատրաստ չէ ընկալել երիտասարդ մասնագետին։ Երկու մոտեցումներին էլ նորմալ եմ վերաբերվում,  քանի որ այս տարիքում արդեն հասցրել եմ կատարել բազմաթիվ ու բազմատեսակ վիրահատություններ և աշխատանքովս եմ առանձնանում, այլ ոչ՝ երիտասարդ տարիքով:

Mashroom: Իսկ որո՞նք են գեղեցկության Ձեր չափանիշները: Արդյոք հավանում եք այն, ինչ այսօր համարվում է գեղեցիկ ու մոդայիկ մարդկանց արտաքինում:

Դավիթ Ավինյան: Երբեք չեմ հետևել գեղեցկության տենդենցներին, յուրաքանչյուր վիրահատության արդյունքում ցանկանում եմ ստանալ բնական արդյունք, երբեք չեմ ձգտել ստեղծել արհեստական գեղեցկություն, որը համաչափ չէ տվյալ մարդու դիմագծերի հետ: Չէ՞ որ այն, ինչ գեղեցիկ է համարվում տվյալ ժամանակահատվածում, կարող է գեղեցիկ չհամարվել մի որոշ ժամանակ հետո․ կցանկանայի, որ պացիենտները գիտակցեին այդ իրողությունը:

Mashroom: Ո՞ր դեպքերում է, ըստ Ձեզ, պլաստիկ վիրաբույժի միջամտությունը պարտադիր:

Դավիթ Ավինյան: Կա մի թյուր կարծիք, որ պլաստիկ վիրաբուժությունը միայն արտաքին շտկումներ է ապահովում, բայց դա ամենևին էլ այդպես չէ։ Պլաստիկ վիրահատությունների գերակշռող մասի հիմքում ընկած են առողջացմանը նպաստող վիրահատությունները․ ահա այդ դեպքերում էլ պարտադիր է մասնագետի միջամտությունը:

Mashroom: Լինո՞ւմ են դեպքեր, երբ մերժում եք պացիենտին:

Դավիթ Ավինյան: Այո, եղել են դեպքեր, երբ մերժել եմ պացիենտներին, քանի որ շատ հաճախ նրանք ունեն ճիշտ ինֆորմացիայի պակաս, իսկ քննարկումների ընթացքում, նրանք լսում են իմ խորհուրդները, և մենք աշխատում ենք փոխըմբռնման շրջանակներում։ Ես առաջնորդվում եմ մի մնայուն գաղափարով, որն է՝ «Արվեստի կանոններով» աշխատելու գաղափարը։ Այն գալիս է դեռ Լեոնարդո դա Վինչիի ժամանակներից, և ես այն որդեգրել եմ որպես կրեդո։

Mashroom: Հավակնո՞ւմ եք լինել լավագույնը ոլորտում:

Դավիթ Ավինյան: Ես հավակնում եմ լինել լավագույնը իմ պացիենտների համար։ Չեմ ձգտում ստանալ դափնիներ, ուղղակի ցանկանում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր դիմել են ինձ, գոհ ու երջանիկ հեռանան մեր համատեղ աշխատանքի ավարտից հետո։

Mashroom: Դիմածնոտային պլաստիկ վիրաբուժության ո՞ր ուղղություններն եք պրակտիկորեն կիրառում այսօր: Խնդրում եմ թվարկել այն ծառայությունները, որոնք մատուցում եք։

Դավիթ Ավինյան: Դիմածնոտային վիրաբուժությունն ինքին բավականին լայն հասկացություն է, չնայած նրան, որ այն ոչ թե տեսակային, այլ տարածքային վիրաբուժություն է։ Դիմածնոտային վիրաբույժը չի սահմանափակվում վիրաբուժական տեսակով․ կարող եմ կատարել ամենապարզ պլաստիկ վիրահատություններից մինչև ամենաբարդ օրգանական վիրահատությունները:

Mashroom: Խոսենք մի փոքր ապագայի մասին… Ինչպիսի՞ն կամ որտեղ եք այն տեսնում:

Դավիթ Ավինյան: Հայաստանում, միանշանակ․կցանկանայի այստեղ կատարել այն վիրահատությունները, որոնք, ցավոք, դեռ չեն իրականացվում մեր երկրում։ Նաև պլաններ ունեմ կատարել էնդոսկոպիկ, այսինքն, ոչ կտրվածքային վիրահատություններ։

Mashroom: Իսկ մոտ ապագայում կա՞ն գործուղումներ, վերապատրաստումներ:

Դավիթ Ավինյան: Ներկա պահին ունեմ պլանավորված գործուղում Գերմանիայի Մյունխեն քաղաք, որտեղ պիտի կայանա Դիմածնոտային վիրաբույժների Համաեվրոպական կոնգրես, որի ընթացքում ես կներկայացնեմ իմ աշխատանքը  «Բարորակ և չարորակ ոսկրային ուռուցքների լոկալիզացիոն քարտեզ» խորագրով։

Mashroom: Կիսվե՛ք Ձեր Success Story-ով: Ըստ Ձեզ, ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:

Դավիթ Ավինյան: Եթե այդ հարցն ինձ ուղղեիք 9 ամիս առաջ, կդժվարանայի պատասխանել, սակայն հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ հաջողությունը միշտ պայմանավորված է համառությամբ, աշխատանքի ու պացիենտների հանդեպ սիրով։

Նյութի աղբյուրը՝ mashroom.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook