Saturday, April 27, 2024
Նորություններ

Որքան շուտ հայտնաբերվի շաքարային դիաբետը, այդքան արագ հիվանդը կվերականգնվի. զրույց մասնագետի հետ

Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որը բնորոշվում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացմամբ: Պայմանավորված է ենթաստամոքսային գեղձի ռեցեպտորների զգայունության իջեցումով` բետա բջիջների  զգալի կամ ամբողջովին ինսուլին չարտադրելով: Այս հիվանդության բուժումն իրականացվում է բժշկի մշտական հսկողությամբ` հիվանդի ամբողջ կյանքի ընթացքում:
Շաքարային դիաբետի առաջացման պատճառների, բուժման մեթոդների, արյան մեջ գլյուկոզայի բավարար քանակության և այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Արմենիա» ՀԲԿ Էնդոկրինոլոգիայի բաժանմունքի վարիչ Լուսինե Մամիկոնյանի հետ:

– Ո՞րն է տիպ 1 և տիպ 2 շաքարային դիաբետի հիմնական տարբերությունը:
– Առաջին տիպ շաքարային դիաբետը ինսուլինակախյալ դիաբետն է, որը գրանցվում է մինչև 30 տարեկան երիտասարդների մոտ, իսկ երկրորդ տիպի շարքարային դիաբետը հանդիպում է 30-ն անց մարդկանց մոտ: Առաջին տիպ շաքարային դիաբետով հիվանդն զգում է ինսուլինի պահանջ ամբողջովին: Հիվանդությունը սկսում է շատ արագ քաշի նվազումով, ծարավի զգացումով, հաճախամիզությամբ, քաղցի զգացումով: Երկրորդ տիպ շաքարային դիաբետը սկսում է աստիճանաբար, հնարավոր է արտահայտվի մեկ այլ սրացած հիվանդության ժամանակ :

-Խոսենք շաքարային դիաբետի առաջացման պատճառների մասին:
-Առաջացման պատճառներից մեկը մանկական հասակում տարած վիրուսային հիվանդություններն են` կարմրուկ, խոզուկ, դեղնախտ, որոնցից հետո երեխաների մոտ կարող է նկատվել քաշի նվազում, հաճախամիզություն, բերանի չորություն, որոնք շաքարային դիաբետի առաջին նշաններն են: Երիտասարդների մոտ շաքարային դիաբետի առաջացման պատճառ կարող են լինել վիրուսային հիվանդությունները, ինչպես նաև` սթրեսը:

Շաքարային դիաբետի առաջացման պատճառներից է նաև գենետիկ նախատրամադրվածությունը, երբ հիվանդությունը փոխանցվում է ժառանգաբար:

– Ինչպե՞ս է կանխարգելվում հիվանդության հետագա զարգացումը: Հնարավո՞ր է լիովին բուժել շաքարային դիաբետը:
-Ներկայում հիվանդությունն ամբողջովին բուժել հնարավոր չէ: Առաջին տիպ շաքարային դիաբետի ժամանակ ենթաստամոքսային գեղձն ինսուլին չի արտադրում, մենք չենք կարող օգնել: Մենք կարող ենք միայն նշանակել ինսուլինի օպտիմալ չափաբաժին, իսկ երկրորդ տիպ շաքարային դիաբետի բուժումը սկսում ենք դիետոթերապիայից և բուժական ֆիզկուլտուրայից:  Մենք կարող ենք երկարացնել հիվանդի` հաբ չընդունելու ժամանակահատվածը:

-Ինսուլինի օգտագործումը հաճախակի հանգեցնում է հիպոգլիկեմիայի, ի՞նչ անել այդ դեպքում:
-Հիպոգլիկեմիան շատ վտանգավոր է` ի տարբերություն հիպերգլիկեմիայի, որը զարգանում է աստիճանաբար: Արյան մեջ գլյուկոզայի մակարդակն աստիճանաբար ավելանում է, զարգանում հիպերգլիկեմիա, արդյունքում` կոման:  Հիպոգլիկեմիան անմիջապես կարող է զարգանալ այն ժամանակ, երբ հիվանդը ինսուլին օգտագործի: Կարող է հանգեցնել գիտակցության կորստի: Ուստի հիվանդի համար կարևոր է ինսուլինի ճիշտ չափաբաժնի օգտագործումը: Մենք հիվանդներին զգուշացնում ենք միշտ իրենց մոտ ունենալ քաղցր և ճիշտ սննդակարգ սահմանել:

-Որքա՞ն  է արյան մեջ գլյուկոզայի բավարար քանակը, ե՞րբ կարող է անհանգստանալու պատճառ լինել:
-Նորմայում արյան մեջ գլյուկոզայի քանակը 3.5-5.6 մմոլ է: Եթե դրանից շեղումներ են լինում, նշանակվում է գլյուկոզացված հեմոգլոբինի հետազոտություն, որը ցույց է տալիս վերջին երեք ամսվա ընթացքում արյան մեջ գլյուկոզայի օրական միջին տվյալները: Եթե հետազոտության ընթացքում նկատվում է շեղում, ուրեմն պացիենտի մոտ կա շաքարային դիաբետ:

-Տարեցտարի շաքարային դիաբետի բուժման նոր մեթոդներ են ի հայտ գալիս:  Ձեր կարծիքով ինչո՞ւ է հիվանդությունը գնալով աճ գրանցում:
-Բուժման մեթոդները գնալով ավելանում են, նոր տեսակի ինսուլին են առաջարկում: Բայց հիվանդությունը տարեցտարի ավելանում է կախված ոչ ճիշտ սննդակարգից,  ֆիզկուլտուրայով չզբաղվելուց, ինչպես նաև համակարգիչների առաջ շատ ժամանակ անցկացնելուց: Հիվանդության արագ աճի պատճառ է նաև սթրեսը:

-Ո՞վքեր են գտնվում ռիսկային խմբում:
-Յուրաքանչյուր մարդ այսօր կարող է ռիսկային խմբում հայտնվել, որովհետև սթրեսը թուլացնում է իմունային համակարգը, որն իր հերթին հաճախ բերում է վարակային հիվանդությունների բարձր ռիսկի, իսկ սթրեսը հանգեցնում է ճարպակալման, դեպրեսիաների, որի պատճառով մարդ չի ցանկանում իրեն հետևել: Այսօրվա ընդունած սնունդը նույնպես հանգեցնում է ճարպակալման:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում հղիության դիաբետը:
-Հղիության ընթացքում գլյուկոզայի մակարդակը բարձրանում է, բայց դա տևում է հղիության որոշակի հատվածից մինչև հղիության ավարտ: Հղիին  նշանակվում է ինսուլինաթերապիա, որպեսզի պտղին վնաս չհասցվի: Հղիության ավարտից հետո պետք է ուշադիր լինենք օրգանիզմից ինսուլինը հանելու համար և որ հետագայում շաքարային դիաբետ չզարգանա: Ուստի երեխայի ծննդից հետո հարկ է  շարունակել հսկողությունը:

– Դիաբետով հիվանդ ծնողներից հնարավո՞ր է առողջ երեխա ծնվել:
-Կարող է ծնվել առողջ երեխա, բայց, ամեն դեպքում, ժառանգական գործոնը պահպանվում է, և որոշ ժամանակ հետո կարող է արտահայտվել:
-Ձեր խորհուրդը դիաբետով հիվանդներին:
-Չհիասթափվել, ճիշտ սնվել:  Գանգատների` բերանի չորության, քաշի անկման, հաճախամիզության դեպքերում դիմել էնդոկրինոլոգի: Որքան շուտ հայտնաբերվի շաքարային դիաբետը, այդքան արագ հիվանդը կվերականգնվի:

http://armeniamedicalcenter.am

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook