Friday, April 26, 2024
ՀիվանդություններՆորություններ

ՈւՁՀ-ն ընդդեմ ՄՌՏ-ի. ո՞ր մեթոդն է ավելի արդյունավետ միզապարկի ուռուցքն ախտորոշելիս

Այսօր միզապարկի ուռուցքների ախտորոշման համար առավել հաճախ օգտագործում են ՈւՁ եւ ՄՌՏ հետազոտությունները: Մեթոդներից յուրաքանչյուրի առանձնահատկությունների պարզաբանման շուրջ է NEWS.am Medicine-ի զրույցը ռադիոլոգ Անդրեյ Միշչենկոյի հետ (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան):

Մասնագետի խոսքով` ՄՌՏ-ն այսօր միզապարկի ուռուցքների ախտորոշման առավել հեռանկարային մեթոդ է համարվում, որը թույլ է տալիս հայտնաբերել ոչ միայն ուռուցքի առկայությունը կամ բացակայությունը, այլեւ գնահատել ուռուցքային պրոցեսի տարածվածության աստիճանը, ինչը կօգնի բուժման մարտավարությունն ընտրելիս: Որոշ դեպքերում ՄՌՏ միջոցով կարելի է նույնիսկ ենթադրել` ուռուցքը չարորակ է, թե բարորակ (նշենք, որ մասնագետներից շատերի  խոսքով` միզապարկի ուռուցքները դեպքերի գերակշիռ մեծամասնությամբ չարորակ են լինում):

Բուժման ընթացքում ՄՌՏ-ն օգնում է նաեւ հետեւել բուժման արդյունավետությանը, իսկ հետո հայտնաբերել հիվանդության ռեցիդիվները:

ՄՌՏ համեմատությամբ ՈւՁՀ-ն համարվում է ախտորոշման ավելի էժան եւ հասանելի մեթոդ, սակայն այս հետազոտության հնարավորություններն ավելի սահմանափակ են. ուլտրաձայնի միջոցով հետազոտելիս կարող են առաջանալ միզապարկի մեջ տարբեր գոյացություների տարբերակիչ ախտորոշման բարդություններ. այսինքն` գոյացությունը հնարավոր է տեսնել, բայց դժվար կլինի հասկանալ ինչ է դա` արյան մակարդո՞ւկ, բորբոքային պրոցե՞ս, թե՞ քաղցկեղային ուռուցք: Դրանից բացի, ՈւՁՀ-ով անհնար է տեսնել ուռուցքային պրոցեսի տարածվածությունը, քանի որ դա կարող է անել ՄՌՏ-ն:

Չնայած ՄՌՏ-ն համարվում է միզապարկի ուռուցքների ախտորոշման ավելի արդյունավետ եւ ճշգրիտ մեթոդ, եթե հիվանդին հետազոտության այս մեթոդը հակացուցված է, մասնագետները կդիմեն այլ մեթոդների, այդ թվում` ՈւՁՀ-ի:

Նշենք, որ միզապարկի քաղցկեղի ուռուցքների ախտորոշման համար կարող են օգտագործվել նաեւ այլ մեթոդներ, ինչպիսին են ռենտգենը, մեզի եւ արյան անալիզը, ցիստոսկոպիան եւ կմախքի ոսկորների իզոտոպային հետազոտությունը: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում միայն մասնագետը կկարողանա որոշել ախտորոշման առավել հարմար մեթոդը:

Home

Leave a Reply

x Close

Like Us On Facebook