Friday, April 26, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

D վիտամինի մեծ չափաքանակը կարող է օգնել արեւային այրվածքները հաղթահարելուն. գիտնականներ

Մասնագետներն ամենեւին խորհուրդ չեն տալիս արեւահարվել, առավել եւս՝ արեւայրուք ստանալ: Սակայն ի՞նչ անել, եթե դա, այնուամենայնիվ, տեղի է ունեցել: Այս հարցի կապակցությամբ իրենց կարծիքն են ներկայացրել Case Western Reserve University School of Medicine-ի եւ University Hospitals Cleveland Medical Center-ի գիտնականները:

Journal of Investigative Dermatology-ում հրապարակված նրանց հետազոտությամբ պարզվել է, որ D վիտամինի բարձր չափաքանակը, որ ընդունվում է այրվածք ստանալուց հետո մեկ ժամ անց, զգալիորեն կրճատում է մաշկի կարմրությունը, այտուցը եւ բորբոքումը:

Գիտնականները հետազոտության մեջ 20 մարդու են ընդգրկել, որոնց ուլտրամանուշակագույն լամպով ճառագայթահարելուց մեկ ժամ անց կամայական կարգով պլացեբո, D վիտամինի 50000, 100000 կամ 200000 միավոր չափաքանակ են տվել: Այնուհետեւ 24, 48 եւ 72 ժամ հետո գիտնականները ստուգել են (ձեռքի) ճառագայթահարված հատվածի վիճակը եւ մաշկի բիոպսիա են կատարել: Պարզվել է, որ վիտամինի ամենամեծ չափաքանակ ստացած կամավորների մոտ առավել երկարատեւ դրական էֆեկտ է գրանցվել: Նրանց մոտ այրվածքից հետո 48 ժամ անց բորբոքման նշաններն ավելի քիչ են եղել, քիչ էին նաեւ կարմրությունն ու գենի ակտիվացման մարկերները, որոնք կապված են մաշկածածկույթի բորբոքման հետ:

Գիտնականների խոսքով` D վիտամինը մաշկի մեջ մեծացնում է հակաբորբոքային էնզիմ արգինազա-1-ի խտությունը: Այս էնզիմը ուժեղացնում է հյուսվածքների վերականգնման պրոցեսը եւ ակտիվացնում մյուս հակաբորբոքային սպիտակուցները:

Իհարկե, մեկ խնդիր կա` հետազոտության ժամանակ կիրառված չափաքանակները զգալիորեն գերազանցում են խորհուրդ տրվող օրական նորման: Իսկ վիտամինների ավելցուկը նույնքան վտանգավոր է, որքան պակասը:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook